Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1074-28.09.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքի կիրառության իմաստով, ստորեւ նշված հասկացություններն ունեն հետեւյալ իմաստն ու նշանակությունը.

շահառու՝ կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր, պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություններ, որոնք 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ունեն շահութահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, շրջանառության հարկի, հաստատագրված վճարի, տարեկան պետական տուրքի գծով ապառքներ եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժեր, տուգանքներ.
 
հարկային պարտավորություն՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով ապառքներ եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժեր, տուգանքներ:

Հոդված 3. Շահառուների՝ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց ստանալը, հաստատելը

1. Շահառուն հաշվառման վայրի հարկային մարմնից սույն օրենքի իմաստով հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց ստանում է իր դիմումի համաձայն, որը ներկայացվում է հաշվառման վայրի հարկային մարմին մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Հարկային մարմինը հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի հետ կազմում եւ հաստատում է հարկային պարտավորությունների մարման ժամանակացույց, որով շահառուն պարտավորվում է վճարել հարկային պարտավորությունները սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 4. Հարկային պարտավորությունների վճարման կարգը

1. Շահառուն պարտավորվում է վճարել հարկային պարտավորությունները հետեւյալ կարգով`

1) մինչեւ 70 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ հարկային պարտավորություն ունեցող շահառուներն ըստ հաստատված հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի մարումները կատարում են 2017 թվականի հունվարի 1-ից սկսած մինչեւ 2017 թվականի հունիսի 30-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային պարտավորության առնվազն մեկ վեցերորդ մասը.

2) 70 միլիոն եւ ավելի Հայաստանի Հանրապետության դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները 2017 թվականի հունվարի 1-ից սկսած մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային պարտավորության առնվազն մեկ տասներկուերորդ մասը:

2. Շահառուները, որոնք հաստատված  ժամանակացույցով փաստացի կմարեն ունեցած հարկային ապառքները, կազատվեն հարկային օրենսդրության համաձայն հաշվարկված տույժերից, տուգանքներից:

3. Շահառուները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փաստացի կատարել են 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով ապառքների վճարումները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են այդ ապառքների գծով հաշվարկված եւ չվճարված տույժերը եւ տուգանքները վճարելու պարտավորությունից:

Հոդված 5. Հարկային պարտավորությունների մարման հաստատված ժամանակացույցով վճարումների խախտման դեպքում հարկային մարմնի գործողությունները

1. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով սահմանված հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմնին իրավունք է վերապահում պարտավորությունների բռնագանձման հայց ներկայացնել դատարան:
2. Շահառուները, որոնց նկատմամբ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար ներկայացվել են բռնագանձման հայցեր, հարկային մարմնի հետ կնքում են հաշտության համաձայնություն:

Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նախագծի ընդունումը պայմանավորված է հարկ վճարողների՝ մեծ ծավալների հասնող կուտակված հարկային պարտավորություններով, որոնք ներկա պայմաններում կատարման ցածր հավանականություն ունեն:

Մյուս կողմից՝ օրինագծի ընդունումը թույլ կտա էականորեն նպաստել նաեւ 2017 թվականի բյուջեի եկամտային մասի կատարմանը, քանզի ինչպես ցույց է տվել նախկին հարկային համաներումների փորձը, հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատումը կշահագրգռի հարկ վճարողներին կատարելու տարիներ ի վեր չկատարված հարկային պարտավորությությունները՝ այդ կերպ մեղմելով թե՜ սեփական հարկային բեռը, թե՜ նպաստելով բյուջեի կատարմանը:
 
Սույն օրենքի նախագծի ընդունումը նաեւ էականորեն կբարձրացնի ձեռնարկատիրական գործունեության արդյունավետությունն այն առումով, որ ներկա հետճգնաժամային փուլում հարկատուների մոտ գոյացած հարկային տույժ ու տուգանքները հաճախ անհեռանկար են դարձնում ձեռնարկատերերի հետագա գործունեությունը:
 
Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ օրինագծի ընդունումը առավել քան արդիական եւ հիմնավորված է հարկային օրենսգրքի ընդունման նախաշեմին, քանզի այն մի կողմից թույլ կտա փոխհատուցելու ՀՀ-ում մյուս երկրների համեմատ գործող տույժերի աննախադեպ խստությունը, մյուս կողմից հարկային օրենսգրքի ընդունումով պայմանավորված խաղի նոր կանոնների հաստատումից առաջ առողջացենու հարկային դաշտն ու գործարար միջավայրը՝ հնարավորություն ընձեռելով հարկ վճարողներին գործել թեթեւացած հարկային բեռով: