Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1053-06.09.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակն է սահմանել Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության աջակցության հիմնական ուղղությունները:

2. Սույն օրենքը տարածվում է Գյումրի քաղաքում գրանցված եւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վրա:

3. Սույն օրենքը կարգավորում է Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին ուղղված պետական աջակցության հիմնական ձեւերն ու ուղղությունները:

Հոդված 2. Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության հիմնական ուղղությունները

1. Ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցությունն իրականացվում է հետեւյալ հիմնական ուղղություններով.

1) նորաստեղծ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում,

2) ինովացիոն գործունեության խթանում,

3) արտահանման խթանում,

4) բնակարանային շինարարության խթանում:

Հոդված 3. Պետական աջակցության հիմնական ձեւերը

1. Ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցությունն իրականացվում է հետեւյալ հիմնական ձեւերով.

1) Ֆինանսական աջակցություն,

2) Ենթակառուցվածքային աջակցություն,

3) Տեղեկատվական եւ ինովացիոն աջակցություն:

2. Ենթակառուցվածքային,տեղեկատվական եւ ինովացիոն աջակցության կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից սույն օրենքի գործողության մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

3. Ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցությունը կարող է իրականացվել ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ ձեւերով:

Հոդված 4. Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական աջակցությունը

1. Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական աջակցությունն իրականացվում է հետեւյալ ձեւերով.

1) ՀՀ պետական բյուջեից կառավարության կողմից սահմանված չափով եւ ձեւերով ինովացիոն գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վարկային տոկոսադրույքների մինչեւ հիսուն տոկոսի չափով սուբսիդավորում,

2) ՀՀ կառավարության սահմանված կարգով պետական դրամաշնորհների տրամադրում Գյումրի քաղաքում սոցիալական ծրագրեր իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին,

3) Գյումրի քաղաքում գրանցված եւ գործունեություն իրականացնող նորաստեղծ, մինչեւ երեք աշխատող ունեցող եւ շրջանառության հարկով հարկվող տնտեսվարող սուբյեկտների` պետական բյուջե վճարած հարկի չափով պետական սուբսիդավորում,

4) Գյումրի քաղաքում գրանցված եւ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյետկերի լիզինգային ծախսերի մասնակի փոխհատուցում ՀՀ կառավարության սահմանված չափով եւ ձեւերով,

5) Գյումրի քաղաքում գրանցված եւ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների արտահանումից ստացված շահույթից հաշվարկվող եւ պետական բյուջե վճարվող շահութահարկի չափով պետական սուբսիդավորում:

6) Գյումրի քաղաքում գրանցված եւ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյետկերի կողմից արտահանվող ապրանքների արտահանման ռիսկերի պետական ապահովագրություն՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

7) Գյումրու քաղաքապետի կողմից հաստատված ցանկում ընդգրկված՝ Գյումրի քաղաքի վարչական տարածքում իրականացված բնակարանային նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին այդ մասով հաշվարկված եւ պետական բյուջե վճարած ավելացված արժեքի հարկի չափով պետական սուբսիդավորում:

2. Սույն հոդվածի առաջին մասի պահանջների իրագործումն ապահովող կառավարության համապատասխան կարգերը սահմանվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

Հոդված 5. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017թ. հունվարի 1-ից:

2. Սույն օրենքը գործում է մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Ելնելով Գյումրի քաղաքում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ ձեռնարկատիրական գործունեության գործուն աջակցության անհրաժեշտությունից՝ առաջարկվում է մշակել Գյումրի քաղաքում տնտեսական ակտիվության բարձրացման, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման, նորամուծական գործունեության, արտահանման խթանման, շինարարության իրականացման բարենպաստ պայմաններ:

Սույն օրենքի նախագիծը ներառում է ձեռնարկատիրության աջակցության ինչպես ֆինանսական, այնպես էլ ենթակառուցվածքային, տեղեկատվական եւ ինովացիոն ձեւերը: Ֆինանսական աջակցությունն ուղղված է հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկատիրության, արտահանող կազմակերպությունների, բնակարանային շինարարություն իրականացնող տնտեսվարողների կողմից իրականացվող գործունեության խթանմանը:

Սույն օրենքի նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք: Սույն նախագծի մշակման գործընթացում ներգրավվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դասախոսներ տնտեսագիտության թեկնածու Արթուր Առաքելյանը եւ տնտեսագիտության թեկնածու Էմմա Մովսիսյանը: