Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9761-01.04.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պրոբացիայի գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ` պրոբացիայի ծառայություն) ծառայության նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման եւ գործունեության հիմունքները, կառուցվածքը, գործառույթները, ծառայության անցնելու կարգը եւ պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, պրոբացիայի ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Պրոբացիայի ծառայության օրենսդրությունը

1. Պրոբացիայի ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ,Պրոբացիայի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) պրոբացիայի ծառայող՝ պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող կամ կադրերի ռեզերվում գտնվող անձ.

2) պրոբացիայի ծառայողի վերապատրաստում` պրոբացիայի ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործում.

3) պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատում` պրոբացիայի ծառայողի վերապատրաստման կարիքների բացահայտմանը եւ խրախուսմանը (պարգեւատրմանը) ուղղված միջոցառում.

4) ծառայողական քննություն` սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

5) պրոբացիայի ծառայողի ռոտացիա` սույն օրենքով սահմանված դեպքում եւ կարգով պրոբացիայի ծառայողին պրոբացիայի ծառայությունում (այդ թվում` պրոբացիայի ծառայության կենտրոնական կամ տարածքային  մարմնում) փոխադրում կամ փոխատեղում այլ պաշտոնի.

6) կամավոր` պրոբացիայի ծառայության առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով կամավոր հիմունքներով պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացմանը մասնակցող անձ:

Հոդված 4. Պրոբացիայի ծառայության նպատակներն ու խնդիրները

1. Պրոբացիայի ծառայության նպատակներն են.

1) կրկնահանցագործության կրճատումը պրոբացիայի ծառայության շահառուին վերահսկելու, վերասոցիալականացմանն ուղղված ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, ուղղորդելու ու աջակցելու միջոցով .

2) հանցանք կատարած անձի` հասարակությունում ուղղմանը նպաստելը.

3) սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելը.

4) հասարակության անվտանգության ապահովումը՝ հանցանք կատարած անձանց ուղղման եւ նրանց կողմից նոր հանցագործությունների կատարումը կանխելու միջոցով.

2. Պրոբացիայի ծառայության խնդիրներն են.

1) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կատարելը.

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման ներկայացման գործընթացներում առավել տեղեկացված եւ անաչառ որոշումների կայացմանը նպաստելը.

3) քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը նպաստելը.

4) հանցանք կատարած անձի վերասոցիալականացման գործընթացի իրականացումը:
 

ԳԼՈՒԽ 2.

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5. Պրոբացիայի ծառայությունը

1. Պրոբացիայի ծառայությունն ապահովում է ,Պրոբացիայի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով իր առջեւ դրված խնդիրների եւ նպատակների իրականացումը:

2. Պրոբացիայի ծառայության մարմիններում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենքով: Պրոբացիայի ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

3. Պրոբացիայի ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում՝ որպես աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում:

4. Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական եւ տարածքային մարմիններից:

5. Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմինը բաղկացած է բաժիններից, որոնց կազմում կարող են գործել բաժանմունքներ:

6. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմիններն են պրոբացիայի ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) մարմինները, որոնց կազմում կարող են գործել բաժիններ:

7. Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը  եւ Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը  հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

8. Պրոբացիայի ծառայությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

9. Պրոբացիայի ծառայություն չի համարվում տեխնիկական սպասարկման, կամավորների եւ պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։

10. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են պրոբացիայի ծառայության աշխատողներ, եւ նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով:

11. Պրոբացիայի ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, միասնական նմուշի ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ: Պրոբացիայի ծառայողների համար կարող է սահմանվել համազգեստ:

12. Պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող կնիքի, միասնական նմուշի ձեւաթղթերի, խորհրդանիշի, անհատականացման այլ միջոցների, համազգեստի եւ կրծքանշանի նկարագրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 6. Պրոբացիայի ծառայության լիազորությունները

1. Պրոբացիայի ծառայությունը.

1) ապահովում է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

2) ապահովում է քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.

3) ապահովում է քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.

4) տրամադրում է պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ եւ միջնորդություններ.

5) վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, ինչպես նաեւ հղի կանանց կամ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ:

6)    իրականացնում է վերասոցիալականացման ծրագրեր.

7) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Պրոբացիայի ծառայությունում կարող են իրականացվել կրիմինոլոգիական հետազոտություններ` պրոբացիայի ծառայության շահառուների նկատմամբ կիրառվող վերասոցիալականացման, հանցագործությունների կանխման եւ վերականգնողական միջոցառումների գիտական ուսումնասիրության նպատակով:

3. Պրոբացիայի ծառայությունը ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ 3.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարության լիազորությունները պրոբացիայի ծառայության  կազմակերպման գործում

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, ղեկավարում եւ վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`

1) կազմակերպում եւ ընդհանուր վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:

2) արձակում է պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ եւ տալիս է ցուցումներ.

3) քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված կարգով եւ իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.

4) հաստատում է պրոբացիայի ծառայության հաստիքացուցակը.

5) հաստատում է պրոբացիայի ծառայողների պաշտոնների անձնագրերը?

6) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննությունները, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է կասեցնել պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը.

8) պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է պրոբացիայի ծառայության ղեկավարին եւ ծառայողներին,

9) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում պրոբացիայի ծառայության ղեկավարին եւ ծառայողներին.

10) սահմանում է պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը եւ ժամկետները.

11) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտք գործելն արգելելու,  պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձեւերը.

12)  հաստատում է այլընտրանքային խափանման միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, անվտանգության միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձեւերը.

13) սահմանում է պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը կազմելու եւ  տրամադրելու կարգը.

14) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը եւ պայմանները.

15) հաստատում է պրոբացիայի ծառայության կողմից կազմվող արձանագրությունների եւ հաշվետվությունների ձեւերն ու տրամադրման կարգը.

16) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ եւ պարտականություններ:

Հոդված 8. Պրոբացիայի ծառայության ղեկավարը

1. Պրոբացիայի ծառայությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պրոբացիայի ծառայության ղեկավարը, որին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Պրոբացիայի ծառայության ղեկավարը.

1) ապահովում է պրոբացիայի ծառայության բնականոն գործունեությունը եւ լիազորությունների իրականացումը.

2) ապահովում է ,Պրոբացիայի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ ցուցումների կատարումը.

3) իր իրավասության շրջանակներում ընդունում է հրամաններ, տալիս է ցուցումներ.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում պրոբացիայի ծառայության հաստիքացուցակը.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում պրոբացիայի ծառայողների պաշտոնների անձնագրերը.

6) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է լիազորագրեր պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար.

7) օրենքով, այլ իրավական ակտերով եւ հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է պրոբացիայի ծառայությանն ամրացված գույքը.

8) պրոբացիայի ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.

9) ներկայացնում է պրոբացիայի ծառայությանն այլ մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում.

10) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամաններն ու ցուցումները.

11) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է միջնորդություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ժամանակավորապես կասեցնել պրոբացիայի ծառայողի լիազորությունները.

12) ապահովում է ծառայողների մասնագիտական շարունակական ուսուցումը.

13) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` պրոբացիայի ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

14) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

15) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ եւ պարտականություններ:

3. Պրոբացիայի ծառայության ղեկավարը պատասխանատվություն է կրում պրոբացիայի ծառայության խնդիրների իրականացման համար:

Հոդված 9. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարը

1. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարումն իրականացնում է տարածքային մարմնի ղեկավարը: Տարածքային մարմնի ղեկավարը`

1) ապահովում է տարածքային մարմնի լիազորությունների իրականացումը.

2) իր իրավասության շրջանակներում քննում է պրոբացիայի ծառայողների նկատմամբ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում մարմնի պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամաններն ու ցուցումները.

3) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, պրոբացիայի ծառայության ղեկավարի լիազորագրով կնքում գործարքներ.

4) տարածքային մարմնի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.

5) օրենքով, այլ իրավական ակտերով եւ հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է տարածքային մարմնի ամրացված պետական գույքը.

6) տարածքային մարմնի անունից ներկայացնում է հաշվետվություններ.

7) ներկայացնում է տարածքային մարմինն այլ մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում.

8) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ եւ պարտականություններ։

Գ Լ ՈՒ Խ  4

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ  ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 10. Պրոբացիայի ծառայության պաշտոնները եւ պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնը սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների անվանացանկով նախատեսված պրոբացիայի ծառայության պաշտոնն է:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ խմբերի եւ ենթախմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, խնդիրների բարդության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

3. Պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետեւյալ խմբերի.

1) պրոբացիայի ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոններ.

3) պրոբացիայի ծառայության առաջատար պաշտոններ.

4) պրոբացիայի ծառայության կրտսեր պաշտոններ:

4. Յուրաքանչյուր խմբի պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի:

5. Պրոբացիայի ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

6. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն զբաղեցնող անձը համարվում է պրոբացիայի ծառայող:

Հոդված 11. Պրոբացիայի ծառայության դասային աստիճանները

1. Պրոբացիայի ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

1) պրոբացիայի ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողներին` Հայաստանի Հանրապետության արդարադատության 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողներին` Հայաստանի Հանրապետության  արդարադատության 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաեւ 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

3)  պրոբացիայի ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողներին` Հայաստանի Հանրապետության  արդարադատության 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաեւ 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

4)  պրոբացիայի ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողներին` Հայաստանի Հանրապետության  արդարադատության 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաեւ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Պրոբացիայի ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի  պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաեւ դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

3. Պրոբացիայի ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում, ինչպես նաեւ դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ պրոբացիայի ծառայողին շնորհվում է պրոբացիայի ծառայության համապատասխան դասային աստիճան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության  արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի  պետական խորհրդականի դասային աստիճանների, եթե նա չունի պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր դասային աստիճանը:

5. Պրոբացիայի ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով:

6. Պրոբացիայի ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին պրոբացիայի ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:

7. Պրոբացիայի ծառայողների դասային աստիճանները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, պետական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս, այդ թվում` նաեւ պրոբացիայի ծառայության համակարգում:

8. Պրոբացիայի ծառայության դասային աստիճանն իջեցվում է տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` որպես կարգապահական տույժի տեսակ, բացառությամբ  արդարադատության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի  պետական խորհրդականի դասային աստիճանների:

9. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության դասային աստիճանից զրկվում է սույն օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում:

Հոդված 12. Պրոբացիայի ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնի անձնագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է այդ պաշտոնը զբաղեցնող ծառայողի գործառույթները, նրա պաշտոնական իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու աշխատանքային հմտությունների, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության համապատասխան փորձի պահանջները:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` պրոբացիայի ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

4. Պրոբացիայի ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական կրթություն.

2) պրոբացիայի (պետական) ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պրոբացիայի ծառայության ստաժ կամ  արդարադատության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ եւ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանկամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների, առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

5. Պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերը ներառում են հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) պրոբացիայի (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա պրոբացիայի ծառայության ստաժ կամ  արդարադատության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ եւ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

6. Պրոբացիայի ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը ներառում են հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական կրթություն.

2) պրոբացիայի (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ  արդարադատության առնվազն 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

7. Պրոբացիայի ծառայության կրտսեր պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն հետեւյալ պահանջները.

1)  միջնակարգ կրթություն.

2) բանավոր եւ գրավոր հաղորդակցվելու ունակություն:

8. Յուրաքանչյուր ստորադաս խմբում պրոբացիայի ծառայության անցնելու համար բավարար է ավելի բարձր խմբի համար սահմանված պահանջները բավարարելը:

9. Մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը պրոբացիայի ծառայության պաշտոնների անձնագրերը ներառում են նաեւ աշխատանքային ստաժի հետեւյալ չափանիշները.

1) պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

2) պրոբացիայի ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

10? Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը պրոբացիայի ծառայության պաշտոններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքների քանակը հաստատում եւ փոփոխում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ պրոբացիայի ծառայության ղեկավարի ներկայացմամբ: Բյուջետային տարվա ընթացքում պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկի եւ հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում:

2. Պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների հաստիքացուցակները հաստատում է (փոփոխում է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ պրոբացիայի ծառայողների անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում: Հաստիքացուցակը ներառում է պրոբացիայի ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների հաստիքները, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքները եւ վարձատրության չափը:

Գ Լ ՈՒ Խ  5

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 14. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

1. Սույն օրենքով սահմանված կարգով պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին պատշաճ տիրապետող եւ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված վերապատրաստում անցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը մինչեւ պաշտոն զբաղեցնելը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում գործող մասնագիտացված ուսումնական հաստատությունում անցնում է վերապատրաստման ուսումնառության ծրագիր, հանձնում է որակավորման քննություն եւ ստանում է որակավորման վկայական:

3. Ուսումնառություն անցնելու, որակավորման քննություն հանձնելու եւ որակավորման վկայական տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 15. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք

1. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր՝

1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել են պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը.

4) դատապարտվել են հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16. Պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակումը եւ ազատումը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակումներ կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնում նշանակված անձինք օրենքով նախատեսված՝ պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում անփոփոխելի են:

3. Պրոբացիայի ծառայության պաշտոնում նշանակված անձին տրվում է սահմանված ձեւի վկայական, որի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 17. Փորձաշրջանի նշանակումը եւ անցկացումը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ 6 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի տեւողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները եւ կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված են պրոբացիայի ծառայողի համար:

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետեւյալ ժամանակահատվածները`

1) սահմանված կարգով աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.

2) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:

4. Եթե պրոբացիայի ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչեւ փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ: Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:

Հոդված 18. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնում նշանակելու կարգը

1. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն պրոբացիայի ծառայողին, որը՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները.

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

Հոդված 19. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթը

1. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում, բացառությամբ պրոբացիայի ծառայության ղեկավարի եւ պրոբացիայի ծառայության կրտսեր պաշտոնների, ինչպես նաեւ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնի զբաղեցման համար անցկացվում է փակ մրցույթ: Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող պրոբացիայի ծառայողները եւ սույն օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

2. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարելու դեպքում` մեկշաբաթյա ժամկետում, մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու եւ դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը: Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում:

3. Փակ մրցույթը անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի է առնվում մրցույթի մասնակցի գործունեության գնահատման բնութագիրը: Հարցազրույցն անցկացվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Փակ մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 20. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը

1. Սույն օրենքով սահմանված կարգով փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու եւ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարելու դեպքերում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին (այսուհետ՝ մրցույթ):

2. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում: Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի այնպես, որ ապահովվի այդ մրցույթին տեղեկանալու եւ դրան մասնակցելու ողջամիտ հնարավորությունը:

3. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացնում են սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովները, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

5. Բաց մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ անձ:

6. Բաց մրցույթն անցկացվում է թեստավորման եւ հարցազրույցի փուլերով:

Հոդված 21. Թեստավորումը բաց մրցույթում

1. Թեստավորման նպատակը պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջների համապատասխանության ստուգումն է:

2. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:

3. Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

4. Թեստավորման անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 22. Բաց մրցույթի հարցազրույցի փուլը եւ արդյունքների ամփոփումը

1. Հարցազրույցն անցկացվում է թեստավորման փուլում հաղթող ճանաչված մասնակցին գնահատելու եւ մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով:

2. Հարցազրույցի փուլում մասնակիցները գնահատվում են ըստ յուրաքանչյուր գնահատման ենթակա հատկանիշի՝ միավորային կարգով:

3. Մրցութային հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող: Եթե միավորների առավելագույն քանակ հավաքել են մեկից ավելի թեկնածուներ, ապա հաղթողին որոշում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը:

4. Հարցազրույցի անցկացման եւ թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կամ մասնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Ամփոփիչ արձանագրությունը պարունակում է տվյալներ մրցույթում հաղթած անձի կամ անձանց վերաբերյալ:

6. Ամփոփիչ արձանագրությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կամ հաղթող ճանաչված մասնակիցներից որեւէ մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

Հոդված 23. Մրցույթի արդյունքների հրապարակումը, կրկնակի մրցույթը

1. Մրցույթի արդյունքները տրամադրվում են մրցույթի մասնակիցներին կամ հանրային ծանոթացման համար փակցվում են մրցույթի անցկացման վայրում:

2. Կրկնակի մրցույթ անցկացվում է, երբ՝

1) մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը.

2) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.

3) ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը.

4) դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.

5) մրցույթն անցկացվել է սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանած կարգի էական խախտմամբ.

6) մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր:

3. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մրցույթը համարվում է չկայացած: Չկայացած մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակված անձը ենթակա է ազատման:

5. Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած, կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա պրոբացիայի ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող անձանցից` հարցազրույցով, ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման միջոցով:

6. Կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում նոր մրցույթը հայտարարվում է 2 ամիս հետո:

7. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթներին պրոբացիայի ծառայողները, ինչպես նաեւ կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:

Հոդված 24. Պրոբացիայի ծառայության մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ աշխատակարգը

1. Պրոբացիայի ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգը, ինչպես նաեւ դրանց աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 25. Պրոբացիայի ծառայողի ռոտացիա

1. Պրոբացիայի ծառայողի ռոտացիան իրականացվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ` պրոբացիայի ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով։

2. Պրոբացիայի ծառայողի ռոտացիան իրականացվում է պրոբացիայի ծառայության պաշտոնի միեւնույն խմբի եւ ենթախմբի սահմաններում եւ չի կարող հանգեցնել աշխատավարձի չափի նվազեցման։

3. Պրոբացիայի ծառայողի ռոտացիան պրոբացիայի ծառայության պաշտոնի ավելի ցածր խմբի կամ նույն խմբի ավելի ցածր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել միայն տվյալ պրոբացիայի ծառայողի գրավոր համաձայնությամբ` պահպանելով իր զբաղեցրած պաշտոնում տրվող աշխատավարձի չափը։

4. Պրոբացիայի ծառայողի ռոտացիան պրոբացիայի ծառայության պաշտոնի ավելի բարձր խմբի կամ նույն խմբի ավելի բարձր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել, եթե պրոբացիայի ծառայողը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:

5. Ռոտացիոն կարգով պրոբացիայի ծառայության պաշտոնը կարող է զբաղեցվել 6 ամսից մինչեւ երեք տարի ժամկետով։ Տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ այն կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ մեկ տարի ժամկետով։

6. Ռոտացիայի դեպքում պրոբացիայի ծառայողի համար չի կարող սահմանվել փորձաշրջան։

7. Մշտական բնակության վայրից դուրս պրոբացիայի ծառայողի ռոտացիա իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված չափերով եւ կարգով պրոբացիայի ծառայողին տրվում է ծախսերի փոխհատուցում (կացարան, տրանսպորտային միջոցներ եւ այլն)։

Հոդված 26. Պրոբացիայի ծառայության կամավորը

1. Պրոբացիայի ծառայությունը իր առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով  կարող է ներգրավել կամավորներ:

2. Կամավորները ներգրավվում են պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

3. Պրոբացիայի ծառայության հետ կնքված պայմանագրում նշվում են կամավորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը: Պայմանագրի օրինակելի ձեւը եւ պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Կամավորները անվճար հիմունքներով մասնակցում են պրոբացիայի ծառայության աշխատանքների կատարմանը որպես օժանդակողներ:

5. Իրենց գործունեության ընթացքում կամավորները պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը եւ չփոխանցել այն երրորդ անձանց:

6. Կամավորներին ներկայացվող չափանիշները եւ նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 27. Պրոբացիայի ծառայության ստաժը

1. Պրոբացիայի ծառայության ստաժը ներառում է պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պրոբացիայի ծառայության պաշտոններին համարժեք պաշտոններում աշխատած ողջ ժամանակահատվածը:

2. Պրոբացիայի ծառայության ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պրոբացիայի ծառայողի ընդհանուր, մասնագիտական աշխատանքային ստաժում եւ պետական ծառայության ստաժում:

Հոդված 28. Պրոբացիայի ծառայողների ուսման կամ վերապատրաստման համար տրամադրվող արձակուրդները

1. Մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով պրոբացիայի ծառայողին կարող է տրամադրվել ուսումնական արձակուրդ:

2. Նման արձակուրդի դեպքում պահպանվում են պրոբացիայի ծառայողի՝

1) պրոբացիայի ծառայության պաշտոնը եւ պրոբացիայի ծառայության ստաժը, վերապատրաստման դեպքում` վարձատրությունը, մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում՝ պրոբացիայի ծառայության ղեկավարի թույլտվությամբ` նաեւ վարձատրությունը.

2) պրոբացիայի ծառայության պաշտոնը եւ պրոբացիայի ծառայության ստաժը, մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թույլտվությամբ:

Հոդված 29. Պրոբացիայի ծառայողին փոխարինելը եւ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնը ժամանակավորապես թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պրոբացիայի ծառայողը, իսկ վերջինիս բացակայության դեպքում նշանակումը կատարվում է մինչեւ երեք ամիս ժամկետով կադրերի ռեզերվում ընդգրկված այն անձանց թվից, ովքեր համապատասխանում են տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին:

2. Երեք ամսից ավելի ժամկետով պաշտոնը թափուր մնալու դեպքում այն համալրվում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:

3. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է պրոբացիայի ծառայողի ծառայության ներկայանալու օրը:

Գ Լ ՈՒ Խ  6

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 30. Պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատումը

1. Պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր կիսամյակ իր անմիջական ղեկավարի կողմից կազմված՝ պրոբացիայի ծառայողի կիսամյակային գործունեության բնութագրի (այսուհետ՝ բնութագիր) հիման վրա:

2. Գործունեության գնահատման կարգը, չափանիշները եւ բնութագրի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Պրոբացիայի ծառայողների գործունեության գնահատման չափանիշները` ելնելով նրանց աշխատանքների կատարման բնույթից եւ պատասխանատվության աստիճանից, միասնական են բոլոր պրոբացիայի ծառայողների համար: Պրոբացիայի ծառայողների գործունեության գնահատումը պետք է լինի օբյեկտիվ, հստակ եւ սպառիչ գնահատական տա պրոբացիայի ծառայողի պաշտոնին առաջադրվող բոլոր պահանջների կատարման եւ առաջխաղացման հատկանիշների վերաբերյալ:

Հոդված 31. Պրոբացիայի ծառայողի բնութագիրը

1. Պրոբացիայի ծառայողի բնութագիրը կազմվում եւ պրոբացիայի ծառայության ղեկավարին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանած ժամկետում:

2. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջը կատարելը համապատասխան պաշտոնատար անձը բնութագրի օրինակը տրամադրում է բնութագրվող պրոբացիայի ծառայողին:

3. Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի բնութագրի օրինակը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, գրավոր ընդունելու բնութագիրը կամ առարկելու դրան, ինչպես նաեւ գրավոր ընդունելու մասնավոր կարծիքը կամ առարկելու դրան: Պրոբացիայի ծառայողի կողմից գրավոր առարկություն չներկայացնելը դիտվում է պրոբացիայի ծառայողի համաձայնություն իր գործունեության գնահատմանը:

4. Պրոբացիայի ծառայողի բնութագիրը պետք է պարունակի հետեւյալ եզրակացություններից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

5. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն տալիս համապատասխան պաշտոնատար անձը կարող է առաջարկություն ներկայացնել պրոբացիայի ծառայողին խրախուսելու մասին:

6. Գործունեության գնահատման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը վեց ամսից պակաս ժամկետով զբաղեցնող պրոբացիայի ծառայողները, բացառությամբ պրոբացիայի ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքի.

2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պրոբացիայի ծառայողները.

3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պրոբացիայի ծառայողները` վերադառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում:

7. Եթե ծառայողը տարվա ընթացքում տեղափոխվել է պրոբացիայի ծառայության այլ պաշտոնի, ապա նրա գործունեության գնահատումն իրականացնում է այն անմիջական ղեկավարը, որի ենթակայությամբ ավելի երկար ժամանակահատված է գործել այդ աշխատողը, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ վերջին անմիջական ղեկավարը:

8. Գործունեության գնահատման արդյունքներով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը բնութագիրը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, դրա հիման վրա կարող է կիրառել օրենքով նախատեսված խրախուսման որեւէ տեսակ կամ պրոբացիայի ծառայողին ուղարկել լրացուցիչ վերապատրաստման: Պրոբացիայի ծառայողը ազատվում է պաշտոնից, եթե վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

Հոդված 32. Պրոբացիայի ծառայողի վերապատրաստումը

1. Յուրաքանչյուր պրոբացիայի ծառայող պարտավոր է վերապատրաստվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանած կարգով եւ պարբերականությամբ:

2. Պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր պրոբացիայի ծառայողների վերապատրաստումն իրականացնելու համար:

Հոդված 33. Պրոբացիայի ծառայողների կադրերի ռեզերվը

1. Սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բաց մրցույթների հաղթող ճանաչված եւ պրոբացիայի ծառայության պաշտոնի չնշանակված անձինք, ինչպես նաեւ սույն օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատված պրոբացիայի ծառայողներն ընդգրկվում են պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում:

2. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի գտնվելու առավելագույն ժամկետը երկու տարի է, սակայն ոչ ավելի, քան ծառայողի 65 տարին լրանալը:

3. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում ընդգրկված եւ երկու տարի պրոբացիայի ծառայության պաշտոն չստանձնած քաղաքացիները հանվում են կամ դուրս են գալիս կադրերի ռեզերվից:

4. Սույն օրենքի հիման վրա պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու եւ ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  7

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 34. Պրոբացիայի ծառայողի հիմնական իրավունքները

1. Պրոբացիայի ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

4) աշխատանքի վարձատրության, առողջության պահպանության, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

5) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

6) իրավական պաշտպանությունը.

7)  դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացումը.

8) պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

9) մրցույթի եւ գործունեության գնահատման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.

10) պրոբացիայի ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

2. Պրոբացիայի ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 35. Պրոբացիայի ծառայողի հիմնական պարտականությունները

1. Պրոբացիայի ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները պահպանելը.

2) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ եւ բավարար գիտելիքների տիրապետելը եւ շարունակաբար կատարելագործելը.

3) պրոբացիայի ծառայողի պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.

4) սահմանված կարգով տրված հանձնարարականները կատարելը.

5) իրավական ակտով սահմանված ներքին աշխատանքային կարգապահական կանոնները պահպանելը.

6) ներկայացված բոլոր փաստաթղթերն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերն ուսումնասիրելը եւ սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

7) իր իրավասությունների շրջանակներում օժանդակում է տուժողի եւ պրոբացիայի ծառայության շահառուի հաշտեցմանը.

8) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` գաղտնիքը պահպանելը ծառայությունը դադարեցնելուց հետո.

9) վարքագծի ընդհանուր կանոնները պահպանելը:

2. Պրոբացիայի ծառայողը կրում է նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 36. Պրոբացիայի ծառայողի գործողությունների բողոքարկումը

1. Պրոբացիայի ծառայողների գործողությունների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:

Հոդված 37. Կամավորի իրավունքները

1. Կամավորն իրավունք ունի`

1) ծանոթանալ իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) ստանալ իր պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր.

3) անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության.

4) պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելու.

2. Կամավորը կարող է ունենալ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Հոդված 38. Կամավորի պարտականությունները

1. Կամավորը պարտավոր է`

1) կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.

2) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին.

3) կատարել պրոբացիայի ծառայության մարմինների եւ պաշտոնատար անձանց` իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները.

4) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

5) ապահովել պայմանագրով իր ստանձնած պարտականությունների կատարումը.

2. Կամավորը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան եւ իր գործունեության ընթացքում թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի որեւէ խախտում:

3. Կամավորի համար օրենքով եւ պայմանագրով կարող են սահմանվել նաեւ այլ պարտականություններ:

ԳԼՈՒԽ 8

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 39. Պրոբացիայի ծառայողի վարքագծի ընդհանուր կանոնները

1.  Պրոբացիայի ծառայողի վարքագծի ընդհանուր կանոնները  նորմերի համակարգ է, որը միտված է ապահովելու պրոբացիայի ծառայողի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային եւ մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը պրոբացիայի ծառայության նկատմամբ։

2. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են պրոբացիայի ծառայողի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին։

3. Պրոբացիայի ծառայողի վարքագծի ընդհանուր կանոններն են`

1) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը.

4) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել իր պաշտոնին վայել վարքագիծ.

5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս.

6) բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվությունը.

7) ձգտել կառավարել իր ներդրումներն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն շահերի բախման իրավիճակները։

4, Պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնի կոպիտ խախտում է համարվում այն խախտումը, որը հեղինակազրկում է պրոբացիայի ծառայությանը, անհամատեղելի է պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնների հետ կամ առանձին վերցրած, թեեւ կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է պրոբացիայի ծառայությանը կամ անհամատեղելի է պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնների հետ:

5. Սույն հոդվածով սահմանված պրոբացիայի ծառայողի վարքագծի ընդհանուր կանոնները սպառիչ չեն: Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով կարող են սահմանվել վարքագծի կանոններ՝ սույն օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին եւ վարքագծի ընդհանուր կանոններին համապատասխան:

Հոդված 40. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Պրոբացիայի ծառայողին արգելվում է՝

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի.

4) թույլ տալու սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնների խախտումներ, իր ծառայողական դիրքն օգտագործելու անձնական կամ ծառայության շահերի հետ չառնչվող այլ նպատակներով.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Պրոբացիայի ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն.

8) համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Հոդված 41. Պրոբացիայի ծառայողի սոցիալական երաշխիքները

1. Պրոբացիայի ծառայողների եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են ,Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:

2. Պրոբացիայի ծառայողի համար երաշխավորվում են`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պրոբացիայի ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության եւ պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

3. Պրոբացիայի ծառայողին ծառայողական անհրաժեշտության դեպքում հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

Հոդված 42. Պրոբացիայի ծառայողի վարձատրությունը

1. Պրոբացիայի ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է ,Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 43. Պրոբացիայի ծառայողի սոցիալական ապահովությունը

1. Պրոբացիայի ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 44. Պրոբացիայի ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Պրոբացիայի ծառայության կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ:

2. Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` պրոբացիայի ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող պրոբացիայի ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ պրոբացիայի ծառայության առավել երկար ստաժ ունեցող պրոբացիայի ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` առավել բարձր գործունեության գնահատման ցուցանիշ ունեցող երկար ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող պրոբացիայի ծառայողին:

Հոդված 45. Պրոբացիայի ծառայողի անձնական գործը

1. Պրոբացիայի ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը:

2. Պրոբացիայի ծառայողների անձնական գործերի վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Գ Լ ՈՒ Խ  9

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 46. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առանձին առաջադրանքները կատարելու համար պրոբացիայի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում՝ 10 օրով.

5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

6) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում։

2. Պրոբացիայի ծառայողի խրախուսման համար կարող է կիրառվել նաեւ նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը՝ տույժը կիրառած պաշտոնատար անձի կողմից։

3. Սույն հոդվածի 1-ին մաս 5-րդ կետով նախատեսված խրախուսանքը պրոբացիայի ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ։

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված խրախուսանքները պրոբացիայի ծառայողի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` սեփական նախաձեռնությամբ կամ պրոբացիայի ծառայության ղեկավարի միջնորդությամբ։

5. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։

Հոդված 47. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու դեպքերում պրոբացիայի ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` սեփական նախաձեռնությամբ կամ պրոբացիայի ծառայության ղեկավարի միջնորդությամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը պրոբացիայի ծառայության ղեկավարի նկատմամբ չի կիրառվում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը  պրոբացիայի ծառայության ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը պրոբացիայի ծառայության ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։

Հոդված 48. Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված պրոբացիայի ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին:

2. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

3. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող տույժերը ձեւակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

4. Կարգապահական տույժի մասին պրոբացիայի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

5. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, պրոբացիայի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա կարգապահական տույժը համարվում է մարված:

6. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նշանակումից վեց ամիս հետո` մինչեւ մեկ տարին լրանալը, եթե պրոբացիայի ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

7. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

8.  Պրոբացիայի ծառայողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն:

9. Ծառայողական քննություն նշանակելու եւ անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

10. Ծառայողական քննության ժամանակահատվածում պրոբացիայի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:

11. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում պրոբացիայի ծառայողին աշխատավարձ վճարվում է մինչեւ երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

Հոդված 49. Պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Ի թիվս Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերի` պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

2) սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնի խախտումը.

3) պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը.

4) հաստիքների կրճատումը, ստորաբաժանման լուծարումը կամ վերակազմակերպման դեպքում` ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելը.

5) առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

6) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

7) սույն օրենքի պահանջների խախտմամբ պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակվելը.

8) պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունենալը կամ պրոբացիայի ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելը.

9) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

10) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

11) պրոբացիայի ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

12) պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը:

2. Պրոբացիայի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:

3. Պրոբացիայի ծառայողի գործունեության գնահատման, երկարատեւ անաշխատունակության, պրոբացիայի ծառայության պաշտոնի վերացման (կրճատման) հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող, պարտադիր զինվորական ծառայություն անցնող պրոբացիայի ծառայողները:

Հոդված 50. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում պրոբացիայի ծառայության ղեկավարի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ, պրոբացիայի ծառայողը կարող է մեկ անգամ մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել պաշտոնավարումը:

Հոդված 51. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կամ պաշտոնից ազատելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Պրոբացիայի ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` պրոբացիայի ծառայության պաշտոնից ազատելու մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնից ազատելու մասին իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում պրոբացիայի ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

Գ Լ ՈՒ Խ  10

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 52. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարում անձը կարող է առաջին անգամ պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնել առանց սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնառության ծրագրով վերպատրաստում անցնելու` ծառայության առաջին տարվա ընթացքում նշված վերապատրաստումն անցնելու պայմանով:

Հոդված 53. Պրոբացիայի ծառայության ստեղծումն ու կանոնադրության հաստատումը

1. Պրոբացիայի ծառայությունը ենթակա է ստեղծման, կանոնադրությունը եւ պաշտոնների անվանացանկը` հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

2. Պրոբացիայի ծառայությունը եւ դրա առանձնացված ստորաբաժանումների ստեղծման պահից դադարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեությունը:

Հոդված 54. Պրոբացիայի ծառայողների առաջին գործունեության գնահատումը

1. Վերապատրաստում անցած պրոբացիայի ծառայողների առաջին գործունեության գնահատումն անցկացվում է վերապատրաստումից հետո` մեկամսյա ժամկետում:

Հոդված 55. Պրոբացիայի ծառայության դասային աստիճան շնորհելը

1. Պրոբացիայի ծառայության դասային աստիճանները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի  պետական խորհրդականի դասային աստիճանների,, ենթակա են շնորհման պրոբացիայի ծառայողի առաջին վերապատրաստման եւ գործունեության գնահատման արդյունքում մինչեւ 2019 թվականը: