Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3691-15.09.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16915 -րդ հոդվածով.

«Հոդված 16915 . Առանց համապատասխան գրանցման լոբբիստական գործունեության իրականացումը

Առանց համապատասխան գրանցման քաղաքացու կողմից լոբբիստական գործունեության իրականացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխան գրանցման իրավաբանական անձի կողմից լոբբիստական գործունեության իրականացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխան գրանցման իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից լոբբիստական գործունեության իրականացումը օտարերկրյա հաճախորդների, նրանց մասնակցությամբ կազմակերպությունների օգտին`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրհիսուապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լոբբիստական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Օրենսդրական փաթեթի նպատակն է քաղաքակիրթ, իրավական բնույթ տալ հասարակության եւ իշխանության փոխգործակցության գործընթացին, ինչպես նաեւ հնարավորություններ ընձեռել քաղաքացիների տարբեր խմբերին եւ կազմակերպություններին` իշխանության մարմինների կողմից որոշումների ընդունման գործընթացների վրա ազդեցության համար:

Միաժամանակ, լոբբիստական գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կարող է հանդիսանալ հզոր հակակոռուպցիոն գործիք եւ պայմաններ կստեղծի քաղաքացիական հասարակության կողմից պետության կառավարմանը մասնակցություն ունենալու համար:

«Լոբբիստական գործունեության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է լոբբիստների եւ լոբբիստական կազմակերպությունների իրավական կարգավիճակը` դրանց ստեղծման, գրանցման կարգը, իրավունքների ոլորտը, հաշվետվության կարգը եւ բնույթը: Օրենքի նախագծով սահմանված է նաեւ լոբբիստական կազմակերպությունների գործունեության վերահսկման մեխանիզմը, ինչը թույլ կտա նվազեցնել պետական իշխանության մարմիններում կոռուպցիայի ներթափանցումը:

Ներկայացված օրինագծի համաձայն լոբբիստական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է ստանան համապատասխան պետական գրանցում եւ լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի արտոնագիր: Օրինագծով սահմանվում է նաեւ, որ լոբբիստական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են իրենց գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնել լիազորված մարմնին, ինչը թույլ կտա ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը։ Միաժամանակ, լոբբիստական գործունեության իրականացման անհրաժեշտ պայման է դիտվում համապատասխան կանոնակարգերի համաձայն լոբբիստների հավատարմագրումը։ Օրինագիծը սահմանում է նաեւ լոբբիստական գործունեության մեթոդները:

Ներկայացված օրենսդրական փաթեթի մաս կազմող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է վարչական տուգանքի նշանակում` առանց համապատասխան գրանցման լոբբիստական գործունեություն իրականացնելու համար:

Միաժամանակ, լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվության եւ պետական գրանցում կատարելու համար նախատեսվում է գանձել պետական տուրք, որի չափերը սահմանված են օրենսդրական փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծով: