Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-360-07.09.2004-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 հուլիսի 2000թվականի ՀՕ-85`

1) 1-ին, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ 18-րդ 22-րդ, 23-րդ, 25-րդ, 31-րդ, 33-րդ, 35-րդ, 41-րդ, 43-րդ, 46-րդ, 47-րդ հոդվածներում «կետ» բառը` դրա համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «մաս» բառով` դրա համապատասխան հոլովաձեւերով.

2) 10-րդ, 12-րդ, 14-րդ, 18-րդ 23-րդ, 25-րդ, 31-րդ, 46-րդ հոդվածներում «ենթակետ» բառը` դրա համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կետ» բառով` դրա համապատասխան հոլովաձեւերով.

3) 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ,13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 29-րդ, 37-րդ, 41-րդ, 42-րդ, 46-րդ հոդվածներում «գերատեսչություն» բառը` դրա համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «պետական մարմին» բառով` դրա համապատասխան հոլովաձեւերով.

4) 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 20-րդ, 22-րդ, 25-րդ, 29-րդ, 33-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ, 46-րդ հոդվածներում «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերը` դրանց համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը» բառերով` դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) Հայաստանի Հանրապետության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների, գլխավոր դատախազության եւ կենտրոնական բանկի անունից (միջգերատեսչական պայմանագրեր)» :

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «երաշխիքներ» բառերից հետո լրացնել « , օգնություն, նվիրատվություն կամ դրամաշնորհ» բառերով:

Հոդված 4. Օրենքի9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրով կարգավորվում են միջգերատեսչական համագործակցության, մարդասիրական օգնության, նվիրատվության կամ դրամաշնորհների ստացման, փոխօգնության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն հարաբերությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, մտնում են հանրապետական գործադիր համապատասխան մարմնի, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների, գլխավոր դատախազության, կենտրոնական բանկի (այսուհետ` պետական մարմիններ)» իրավասության մեջ:»:

Հոդված 5. 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանձնարարականների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական պայմանագրի կնքման առաջարկությանն ընթացք տալու վերաբերյալ սույն օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով, եթե այդ հանձնարարականներով այլ բան նախատեսված չէ»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու առաջարկությունը

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության պետական մարմինը, ապա նա մշակում է համապատասխան պայմանագրի նախագիծն ու դրա կնքման անհրաժեշտության կամ նպատակահարմարության հիմնավորմամբ ներկայացնում արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, արդարադատության նախարարություն, ֆինանսների բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին եւ այլ շահագրգիռ նախարարություններ կամ պետական մարմիններ:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է գալիս օտարերկրյա պետությունը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ, եւ համապատասխան առաջարկությունը ներկայացվել է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, ապա վերջինս, առաջարկությունն ստանալուց հետո, հինգօրյա ժամկետում դա հասցեագրում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնին:

Եթե առաջարկությունն ստացվել է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջոցով կամ անմիջականորեն, ապա համապատասխան պետական մարմինը դա ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, պայմանագրի կնքումը նպատակահարմար գտնելու դեպքում, թարգմանում է պայմանագրի նախագիծը, իսկ պայմանագրի նախագծի բացակայության դեպքում կազմում է պայմանագրի նախագիծը եւ, նպատակահարմարության հիմնավորմամբ այն ներկայացնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, արդարադատության նախարարություն, ֆինանսների բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին եւ այլ շահագրգիռ նախարարություններ կամ պետական մարմիններ:

3. Համաձայնեցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում՝

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դրա վերաբերյալ ներկայացնում է իր դիտողությունները եւ առաջարկություններն ըստ էության, միաժամանակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթների առկայության դեպքում միջազգային պայմանագրի նախագիծը կազմողին առաջարկում է վերացնել դրանք, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող դրույթների առկայության դեպքում նախագիծը կազմողի ուշադրությունն է հրավիրում նման դրույթների պահպանման նպատակահարմարության վրա.

բ) ֆինանսների բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը ներկայացնում է իր կարծիքը` պայմանագրով ֆինանսական պարտավորությունների բնույթի եւ չափի, դրանց հայկական կողմի համար ընդունելի լինելու եւ պայմանագրի կնքման դեպքում Հայաստանի Հանրապետության համար դրա հնարավոր ֆինանսատնտեսական հետեւանքների մասին.

գ) արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը կարծիք է տալիս պայմանագրի ստորագրման քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնում է դրա տեքստի վերաբերյալ իր դիտողությունները եւ առաջարկությունները.

դ) այլ շահագրգիռ նախարարությունները կամ պետական մարմինները ներկայացնում են իրենց դիտողությունները եւ առաջարկություններն ըստ էության:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պետական մարմինների կարծիքները կամ դիտողություններն ու առաջարկություններն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, իրավասու պետական մարմինն ուսումնասիրում է դրանք, անհրաժեշտության դեպքում լրամշակում է պայմանագրի նախագիծը եւ համապատասխան կարծիքները եւ դիտողությունները հաշվի առնելու մասին հիմնավորումներով ներկայացնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին:

Արտաքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը 15-օրյա ժամկետում, ուսումնասիրելով պայմանագրի նախագիծը եւ դրան առնչվող բոլոր փաստաթղթերը, իր վերջնական դիրքորոշմամբ այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ կառավարությանը:»:

Հոդված 7. Օրենքի12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու առաջարկության մասին որոշում ընդունելը

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ կառավարությունը, ստանալով միջպետական կամ միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագրի նախագիծը՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված անհրաժեշտ փաստաթղթերով հանդերձ, որոշում են կայացնում պայմանագրի կնքմանը համաձայնություն տալու կամ չտալու մասին, ինչի մասին տեղեկացնում են արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնին:

2. Համաձայնություն տալու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ կառավարությունը՝ կարող են պայմանագրի հետ կապված հանձնարարական տալ ինչպես իրավասու (պատասխանատու) պետական մարմնին, այնպես էլ սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված այլ պետական մարմիններին:»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու առաջարկությանն ընթացք տալը

1. Եթե պայմանագիրը կնքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ կառավարությունը համաձայնություն չեն տվել, ապա արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինն այդ մասին հայտնում է իրավասու պետական մարմնին, եթե պայմանագրի կնքման նախաձեռնողը հայկական կողմն է, կամ օտարերկրյա պետությանը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտին, եթե պայմանագրի կնքման նախաձեռնողը օտարերկրյա պետությունը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտն է:

2. Եթե պայմանագիրը կնքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ կառավարությունը համաձայնություն են տվել, ապա արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը 15 օրյա ժամկետում պայմանագրի նախագիծը ներկայացնում է օտարերկրյա պետությանը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտին, եթե պայմանագրի նախաձեռնողը հայկական կողմն է, կամ այդ պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի կարծիքը ներկայացնում է օտարերկրյա պետությանը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտին, եթե նախաձեռնող կողմը այդ օտարերկրյա պետությունն է կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտը:

Եթե նախատեսվում է կնքել բազմակողմ պայմանագիր, ապա դրա նախագիծն ուղարկվում է բոլոր կողմերին կամ այն միջազգային կազմակերպությանը կամ դրա մարմնին, որը պատասխանատու է կամ լիազորված է նախագծի տեքստի համաձայնեցման համար:

3. Եթե սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանձնարարականներ են տրված, ապա միջազգային պայմանագրի նախագիծը կամ դրա վերաբերյալ հայկական կողմի կարծիքը օտարերկրյա պետությանը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտին ներկայացվում է հանձնարարականում նշված միջոցառումները կատարելուց հետո»:

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածը:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստի առաջին պարբերության սկզբում դնել «1» թիվը եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով`

«2. Եթե բանակցությունների կամ պայմանագրի տեքստը մյուս կողմի կամ կողմերի հետ համաձայնեցնելու ընթացքում պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի էական համարվող կարծիքը չի ընդունվում կամ պայմանագրի վերաբերյալ մյուս կողմը ներկայացնում է էական դիտողություններ, ապա որոշում ընդունում է պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու համար լիազորված պետական մարմինը, անհրաժեշտության դեպքում, արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջոցով դիմելով Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ կառավարությանը:

Սույն հոդվածով էական են համարվում պայմանագրի առարկայի եւ նպատակների տեսակետից կարեւոր եւ ելակետային դրույթները, ինչպես նաեւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» եւ «գ» կետերով եւ 4-րդ մասով նախատեսված դեպքերը:

Պայմանագիրը ստորագրվում է դրա վերջնական տեքստի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ կառավարության համաձայնությունն ստանալու դեպքում:»:

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Պայմանագրի մյուս կողմին կամ կողմերին` պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարելու, այն նախաստորագրելու եւ ստորագրելու լիազորության առկայության վերաբերյալ հավաստումը տալիս է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում «կնքել նախնական պայմանագիր» բառերը փոխարինել «կնքել կանխավճարի պայմանագիր» բառերով:

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով՝

«7. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ բազմակողմ միջազգային պայմանագրին այլ պետությունների միանալու առաջարկություն ստանալու դեպքում, երբ միանալու համար պահանջվում է պայմանագրի կողմերի համաձայնությունը, համաձայնության մասին որոշումը, արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնիներկայացմամբ, ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե պայմանագիրը միջպետական է կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե պայմանագիրը միջկառավարական կամ միջգերատեսչական է:

Սույն մասով նախատեսված առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելուց առաջ, արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորվածմարմինը ստանում է իրավասու պետական մարմնի կարծիքը»:

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացնում է միջկառավարական պայմանագրերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ այն պայմանագրերի, որոնք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից» :

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) «նախատեսող» բառից հետո ավելացնել «միջպետական» բառը.

2) «փոխադարձ համարժեք պարտավորություններ չեն դնում» բառերը փոխարինել «որոնք հայկական կողմին չեն պարտավորեցնում տվյալ պայմանագրով նրան տրամադրվող համապատասխան օգնության կամ օժանդակության հետ վերադարձնելը լրիվ կամ մասնակիորեն:»:

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բ» կետը «բացակայության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ վավերացման կամ դրան միանալու ընթացակարգի» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ մասերը՝

« 3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ստորագրելուց հետո մինչեւ վավերացումն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարվելու կամ նոր օրենքներ ընդունվելու հանգամանքով պայմանավորված միջազգային պայմանագրի վավերացման, հաստատման, կամ դրան միանալու գործընթացում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն առաջանալու հարցը բարձրացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

4. Միջազգային պայմանագիրը վավերացման կամ միանալու ներկայացնելուց առաջ Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու կամ նոր օրենքներ կամ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտության դեպքում իրավասու պետական մարմինը ներկայացնում է այդ օրենքների եւ այլ իրավական ակտերի ցանկը»:

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածի տեքստի առաջին պարբերության սկզբում դնել «1» թիվը եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով՝

«2. Սույն հոդվածով սահմանված կարգով վերապահում անելու կամ վերապահումը վերացնելու մասին կամ պայմանագրի մյուս կողմի կամ կողմերի վերապահումն ընդունելու կամ դրա դեմ առարկելու մասին առաջարկություն կարող է անել արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը՝ համաձայնեցնելով իրավասու պետական մարնի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ այլ շահագրգիռ նախարարությունների հետ կամ իրավասու պետական մարմինը՝ համաձայնեցնելով արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ այլ շահագրգիռ նախարարությունների հետ:

Վերապահում անելու կամ վերապահումը վերացնելու կամ պայմանագրի մյուս կողմի (կողմերի) վերապահումն ընդունելու կամ դրա դեմ առարկելու մասին որոշումը արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե պայմանագիրը միջպետական է կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե պայմանագիրը միջկառավարական կամ միջգերատեսչական է:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պայմանագիրը վավերացնելու կամ պայմանագրին միանալու մասին որոշում ընդունելիս կարող է կատարել վերապահում կամ հանել վերապահումը՝ ստանալով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ կառավարության կարծիքը:»:

Հոդված 17. Օրենքի37-րդ հոդվածում`

ա) վերնագրից հանել «եւ դրա պատճեններն իրավասու մարմիններին ուղարկելը» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը:

Հոդված 18 . Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Միջազգային պայմանագրերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»` դրանք հաստատած, վավերացրած մարմնի կամ պաշտոնատար անձի` հաստատելու կամ վավերացնելու մասին որոշման հետ միաժամանակ: Ստորագրման պահից ուժի մեջ մտնող միջազգային պայմանագրերը հրապարակվում են ստորագրման պահից 10 օրվա ընթացքում:

Օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագրերը հրապարակվում են ինչպես հայերեն, այնպես էլ այն օտար լեզվով, որով ստորագրվել են:

2. Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվում են նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի գործողությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու, ինչպես նաեւ ժամկետը լրացած պայմանագրի գործողությունը երկարաձգելու մասին տեղեկությունները:

3.Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հրապարակել ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը:»:

Հոդված 19 . Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերութամբ.

«Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն կամ լրացում կամ նոր օրենքների ընդունում պահանջող միջազգային պայմանագիրը վավերացնելուց կամ դրանց միանալուց հետո, սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված ցանկին համապատասխան ընդունվում են տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված համապատասխան օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին օրենքները կամ նոր օրենքները եւ այլ իրավական ակտերը:»:

Հոդված 20 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 
 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. գործունեության միջոցառումների ծրագրի 105-րդ կետով:

Օրենքի նախագծի նպատակն է կատարելագործել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը` վերացնելով կիրառման ընթացում ի հայտ եկած թերությունները եւ բացերը:

Նախագծով առաջարկվում է հանել Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ դրույթները, քանի որ դա միջազգային պրակտիկայում ընդունված չէ: Օրենքը լրացվում է դրույթով, որի համաձայն միջազգային պայմանագրեր կարող են կնքվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժովների (խորհուրդների) անունից:

Քանի որ պրակտիկայում պայմանագիրը կնքելու առաջարկությանը համաձայնություն տալու փուլում հիմնականում այդ պայմանագրի նախագծի տեքստն առկա է լինում1 (հետեւապես բովանդակությունը, իրավունքների եւ պարտականությունների մոտավոր ծավալը հայտնի են լինում), ապա Հայաստանի Հանրապետության նախագահը կամ կառավարությունը համապատասխանաբար միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն տալու որոշում ընդունելիս, պետք է իրենց տրամադրության տակ ունենան ոչ միայն իրավասու պետական մարմնի՝ տվյալ պայմանագրի կնքման նպատակահարմարության կամ անհրաժեշտության հիմնավորումը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կարծիքը, այլեւ տեղեկություն այն մասին, թե գործող օրենսդրության հետ ինչ բնույթի հակասություններ կամ ինչ օրենքներ (օրենքներում փոփոխություններ) ընդունելու պարտավորություն է պարունակում տվյալ պայմանագիրը (եզրակացություն տալիս է արդարադատության նախարարությունը) կամ ինչ բնույթի եւ չափի ֆինանսական պարտավորություն է պարունակում տվյալ պայմանագիրը կամ ինչ ֆինանսատնտեսական հետեւանքներ է այն ունենալու պետության համար (եզրակացություն տալիս է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը): Ուստի կոնկրետ պայմանագիրը կնքելու առաջարկությանը համաձայնություն տալու համար համապատասխան որոշում ընդունող մարմինը պետք է հնարավորություն ունենա պայմանագրի քաղաքական եւ առարկայական նպատակահարմարության հետ միասին կշռել նաեւ վերոհիշյալ գործոնները (օրենսդրության եւ բյուջեի վրա ազդեցությունը) եւ հետեւապես, հստակ պատկերացում ունենա հետագայում պայմանագրի կատարման իրատեսության վերաբերյալ: Առաջարկում ենք, որպեսզի պայմանագրի կնքման մասին որոշում ընդունող իրավասու մարմնի քննարկմանը ներկայացնելիս, պայմանագրին կցվեն արդարադատության նախարարության եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կարծիքները (տեղեկանքները) եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համապատասխան հոդվածները վերախմբագրել:

Որոշակի հակասություն կա 30-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված այն դրույթի, որը նախատեսում է ստորագրման կամ պայմանագրում նշված պահից ուժի մեջ մտնելու հնարավորություն միջկառավարական պայմանագրերի համար եւ 23-րդ հոդվածի 3-րդ կետի միջեւ, որը նախատեսում է, որ բոլոր միջկառավարական պայմանագրերը վավերացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ուստի առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել 23-րդ հոդվածում:

Oրենքը դրույթ չի պարունակում նաեւ բազմակողմ պայմանագրերին (երբ տվյալ պայմանագրով դրա համար պահանջվում է բոլոր մասնակից պետությունների համաձայնությունը) այլ պետությունների միանալու առաջարկն ընդունելու կամ դրա դեմ առարկելու վերաբերյալ որոշում ընդունելու ընթացակարգի մասին: Ուստի, առաջարկվում է 22-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով՝ այս հարցը հստակեցնելու նպատակով:

Օրենքի 24-րդ հոդվածի բովանդակությունից պարզ է դառնում, որ միջազգային պայմանագրերը, որոնցով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության, նվիրատվության կամ դրամաշնորհների տրամադրում, կարող են լինել նաեւ միջգերատեսչական: Սակայն նույն օրենքի՝ ՀՀ միջգերատեսչական պայմանագրերով կարգավորող հարաբերությունները սահմանող 9-րդ հոդվածը միջգերատեսչական պայմանագրերով կարգավորող հարաբերությունների շարքին վերոհիշյալ հարաբերությունները չի դասում: Նշված բացը վերացնելու նպատակով, առաջարկում ենք օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաեւ 9-րդ հոդվածի 1-ին մասում «համագործակցության» բառից հետո լրացնել «մարդասիրական օգնության, նվիրատվության կամ դրամաշնորհների ստացման» բառերով:

Օրենքի 32-րդ հոդվածը դրույթ չի պարունակում վերապահում անելու կամ վերապահումը վերացնելու կամ պայմանագրի մյուս կողմի կամ կողմերի վերապահումն ընդունելու կամ դրա դեմ առարկելու մասին որոշում ընդունելու ընթացակարգի մասին: Առաջարկվում է հստակեցնել ընթացակարգը:

Միջազգային պայմանագրերի կատարման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով` առաջարկվում է համապատասխան միջոցառումներ կատարել մինչեւ վավերացումը: Այդ նպատակով փոփոխություններ են կատարվում 25-րդ հոդվածում եւ 39-րդ հոդվածում:

Նախագծով առաջարկվում է միջազգային պայմանագրերը հրապարակել Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում` այդ պայմանագրերով պարտավորված լինելու մասին (վավերացման, հաստատման) որոշման հետ միաժամանակ, իսկ արտաքին գործերի նախարարությունը կներկայացնի համապատասխան տեղեկատվություն (միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու, գործողությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու, ժամկետը լրացած պայմանագրի գործողությունը երկարաձգելու մասին) պաշտոնական տեղեկագրին հրապարակման համար` դրանից ելնելով էլ, նախատեսվում է նաեւ համապատասխան լրացում կատարել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածում:
 

Վ. ՕՍԿԱՆՅԱՆ

1 Եթե նախաձեռնողը հայկական կողմն է,ապա իրավասու գերատեսչությունը պայմանագրի կնքումը հիմնավորելուց բացի կարող է կազմել պայմանագրի նախագիծը: Եթե նախաձեռնողը օտարերկրյա պետություն է կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ, ապա որպես կանոն նրանք ներկայացնում են պայմանագրի նախագիծը: Հակառակ դեպքում, եթե վերջիններս պայմանագրի կնքելու առաջարկությունը չեն ուղեկցում նախագծով, ապա հայկական կողմը առաջարկությունն ընդունելու դեպքում, ինքը կարող է կազմել նախագիծը: