Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8571-23.09.2015,09.11.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի՝

1. 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ մասից հանել « բարդ ընթացակարգով տրվող» բառերը.

3. 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 7-րդ մասերից հանել «բարդ ընթացակարգով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 2-րդ կետում «համարը» բառը փոխարինել «սերիան եւ համարը» բառերով.

2. 2-րդ մասից հանել «, իսկ պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներինը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 26. Լիցենզիայի տրամադրման ընթացակարգը

1. Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաեւ տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, եւ դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

2. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:

3. Լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան:

5. Լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա: Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են սույն օրենքով եւ լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով:

6. Լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

Հոդված 6. Օրենքի 26.1-րդ հոդվածից հանել «25-րդ հոդվածի 2-րդ մասով,» բառերը:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1. վերնագրից եւ ամբողջ տեքստից հանել «բարդ» բառը:

2. 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետից հանել «եւ կազմակերպական-իրավական ձեւը» բառերը:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում:

1) Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, եւ հայտատուն օրենքով սահմանված կարգով եւ չափով վճարել է պետական տուրքը, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը եւ այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:»:

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար նա լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ` նշելով իր կողմից նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, իսկ իրավաբանական անձինք նաեւ պետական գրանցման համարը, ինչպես նաեւ գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, եթե գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ չեն սահմանվել կամ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:».

2. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3. 3-րդ մասից հանել «բարդ լիցենզիա ստացած» բառերը.

4. 4-րդ մասում «եւ երկրորդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:

Հոդված 11. Օրենքի 43-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի աղյուսակից հանել «Լիցենզիայի տեսակը» սյունակը.

2. 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 3-րդ ենթակետը, 7-րդ կետը, 18-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ ենթակետերն եւ 3.1-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3. 4-րդ մասի 8-րդ պարբերությունը, 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12.  Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բարդ ընթացակարգով տրված լիցենզիաները համարվում են սույն օրենքի իմաստով լիցենզիաներ եւ շարունակում են ուժի մեջ մնալ, եթե օրենքով չի սահմանվում վերաձեւակերպման պահանջ:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին ենթակետով սահմանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» եւ 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված «Ինտերնետով շահումով խաղերի կազմակերպում» պարզ ընթացակարգով տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձեւակերպման` սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Սույն մասում նշված ժամկետում վերաձեւակերպման չներկայացված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած, իսկ տվյալ կազմակերպությունները կարող են լիցենզավորվել լիցենզավորման կարգերով նախատեսված ընդհանուր կարգով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: 
  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,  «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին (այսուհետ՝ ՕԿԱԿ) ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

ՕԿԱԿ-ի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվում է լիցենզավորման ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը: Մասնավորապես արձանագրվել են հետեւյալ խնդիրները.

- լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անձինք պետք է բավարարեն որոշակի պահանջների, որոնց հավաստիացման համար պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր.

- լիցենզիայի որոշ տեսակների տրամադրումը կրում է ծախսատար եւ ժամանակատար բնույթ, սակայն ըստ էության հսկողության էական մեխանիզմներ չի պարունակում.

- լիցենզիա ստանալու համար որոշ դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ եւ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը բացակայում է.

- պարզ լիցենզիաներ տրամադրելիս լիազոր մարմինն ըստ էության կատարում է հաշվառման գործառույթ, իսկ բարդ լիցենզիաների որոշ տեսակների տրամադրման ժամանակ զուտ փաստաթղթային ուսումնասիրություն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը եւ հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը, առաջարկվում է.

-  ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար ներդնել ծանուցման մեխանիզմ, այդ թվում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները դարձնել ծանուցմամբ իրականացվող.

-  էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը.

-  սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի  ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը: