Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-874-19.10.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-156-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից եւ ամբողջ տեքստից հանել «գյուղական» բառը:

Հոդված 2 . Օրենքի 3-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 2-րդ կետի «բ.» ենթակետում «ավելացված արժեքի հարկից» բառերից հետո լրացնել «, եթե Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրենց գրանցման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն» բառերը,

2)  լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող՝ օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ.» ենթակետով նախատեսված արտոնությունից իրենց գրանցման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձեւով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում՝ հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից:

Արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն արտոնությունից հրաժարվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում կարող են հաշվանցել Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված՝ մինչեւ արտոնությունից հրաժարվելու պահն առկա միայն վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների ապրանքային մնացորդի մասով մատակարարների կողմից տրամադրված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում) առանձնացված եւ նախկինում չհաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ.» ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հետագա հաշվետու ժամանակաշրջաններում չեն կարող օգտվել նշյալ արտոնությունից:»:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեության իրականացման դեպքում առաջանալու են լոգիստիկայի հետ կապված խնդիրներ: Քանի որ սահմանամերձ գյուղական համայնքներում ենթակառուցվածքները պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում եւ չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչը բարդացնում է լոգիստիկան, մասնավորապես հումքի մատակարարման, արտադրանքի իրացման եւ արտահանման նպատակով բեռնափոխադրումները: Սույն օրենքի տրամաբանությունից ելնելով օրենքով սահմանված արտոնություններից կարող են օգտվել միայն սահմանամերձ գյուղական համայնքները, սակայն սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեության որոշակի մասի իրականացման  անհնարինության պարագայում այդ գործունեությունն իրականացվում է սահմանամերձ քաղաքային համայնքներում: Տվյալ պարագայում սահմանամերձ քաղաքային եւ գյուղական համայնքում իրականացվող գործունեությունը դառնում է մեկ ընդհանուր արտադրական գործընթաց, ուստի տարանջատել թե արտադրական գործընթացի որ մասն է իրականացվում գյուղական համայնքում եւ այդ հատվածի համար սահմանել արտոնություններ նպատակահարմար չենք համարում:

Միաժամանակ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով հստակ տարանջատված չեն առեւտրային եւ արտադրական գործունեությանն ԱԱՀ-ի մասով տրամադրվող արտոնությունները:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացում եւ խթանում:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն նախագծի նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական եւ առեւտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, մասնավորապես` արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման եւ արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված (ներմուծված) ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ տրամադրել:

Վերոնշյալ արտոնության սահմանումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսվարող սուբյեկտների համար սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալելու համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ակնկալվող արդյունքը

Սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացում, տարածքային զարգացում, զբաղվածության ապահովվում:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը


1. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3.Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները կարող են տրամադրվել նաեւ քաղաքային համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ծախսերի վրա՝ չեզոք:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ի մասով արտոնություններ սահմանել սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման եւ արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված (ներմուծված) ապրանքների համար, եւ Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում են հարկային արտոնություններ սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեության իրականացման համար:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ  առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ գյուղական համայքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

 «Սահմանամերձ գյուղական համայքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումն առողջապահության բնագավառի վրա կունենա դրական  ազդեցություն:

«Սահմանամերձ գյուղական համայքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից: «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հավելվածով որպես արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ նախատեսված են նաեւ ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները:

Ուստի Նախագծով առաջարկվող կարգավորումը՝  համաձայն որի առաջարկվում է «Սահմանամերձ գյուղական համայքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի վերնագրից եւ ամբողջ տեքստից հանել «գյուղական» բառը, կնպաստի սահմանամերձ համայնքներում ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատչելիության եւ հասանելիության, նշված ծառայությունները մատուցողների գործունեության զարգացման եւ ընդլայնման:
 

Եզրակացություն

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  դրական ազդեցություն: