Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-349-11.08.2004-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը :
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ծառայողական կարգապահության կանոնները, կարգավորում է ոստիկանության ծառայողներին խրախուսելու եւ կարգապահական տույժի ենթարկելու, ծառայողա կան քննություն նշանակելու, անցկացնելու կարգն ու պայմանները, ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները, ինչպես նաեւ ծառայողական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություննր:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

ա) ծառայողական քննություն - սույն օրենքով եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով սահմանված դեպքերում եւ կարգով ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը, դրսեւորած վարքագծի ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

բ) ծառայողական քննություն նշանակող անձ - սույն օրենքով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ.

գ) ծառայողական քննություն իրականացնող անձ - ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված ոստիկանության բարձրագույն, գլխավոր եւ ավագ խմբի ծառայող կամ ծառայողների խումբ, ինչպես նաեւ ծառայողական քննություն իրականացնելու պաշտոնեական իրավասություն ունեցող ոստիկանության ստորաբաժանման ծառայող կամ ծառայողների խումբ.

դ) կարգապահական իրավունք - սույն օրենքով ղեկավարներին (հրամանատարներին) տրված խրախուսանքներ եւ կարգապահական տույժեր կիրառելու իրավազորություն.

ե) հատուկ ծառայություն - Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում գործող այն ծառայությունները, որոնց ծառայողները իրենց լիազորությունները իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ:

Հոդված 3. Ոստիկանությունում ծառայողական կարգապահության ապահովման սկզբունքները

Ոստիկանությունում ծառայողական կարգապահությունն ապահովվում է օրինականության, մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման, հրապարակայնության սկզբունքների, ծառայության դիմաց արդար հատուցման, ծառայության արդյունքների, ունակությունների եւ որակավորման չափանիշներով ծառայողական առաջխաղացման, խրախուսման, կարգապահական պատասխանատվության անխուսափելիության եւ անհատականացման, ոստիկանության ծառայողների իրավական ու բարոյական դաստիարակության հիման վրա:

Հոդված 4. Ոստիկանությունում ծառայողական կարգապահության օրենսդրությունը

1. Ոստիկանությունում ծառայողական կարգապահության օրենսդրությունն են կազմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, սույն օրենքը, այլ օրենքները եւ իրավական ակտերը, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերը:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը:

3. Ոստիկանության քաղաքացիական ծառայողների եւ վարձու աշխատողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ աշխատանքային օրենսդրությունը:

ԳԼՈՒԽ 2.

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 5 . Ծառայողական կարգապահությունը ոստիկանությունում

Ծառայողական կարգապահությունը ոստիկանությունում ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտականությունների խստիվ ու ճշգրիտ պահպանումն է, կատարումը եւ իրավազորությունների իրականացումը:

Կարգապահությունը ոստիկանությունում հիմնվում է ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման եւ էթիկայի կանոնների պահպանման համար անձնական պատասխանատվության գիտակցման վրա:

Ոստիկանությունում կարգապահությունը ձեռք է բերվում. ղեկավարների ամենօրյա խստապահանջությամբ՝ հարգելով ենթակաների արժանապատվությունը, խրախուսման, համոզման եւ հարկադրանքի միջոցների զուգորդմամբ, ենթակաների նկատմամբ մշտական հոգատարությամբ:

Միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների կողմից համատեղ ծառայություն կատարելիս նրանց ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են համատեղ ծառայություն նշանակող ղեկավարի (հրամանատարի) կողմից: Ծառայությամբ միմյանց չենթարկվող ոստիկանության ծառայողների ավագությունը որոշվում է պաշտոններով եւ կոչումներով: Պաշտոնով եւ կոչումով ավագները պարտավոր են դիտողություն անել եւ կրտսերներից կարգապահության, համազգեստի կրման եւ ողջույն տալու կանոնների պահպանում պահանջել:

Սույն օրենքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայություններին եւ ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաեւ ոստիկանության ուսումնական հաստատության առկա սովորողների վրա (բացառությամբ ոստիկանության զորքերի զինծառայողների):

Հոդված 6 . Ոստիկանության ծառայողի պարտականությունները

Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող պարտավոր է անվերապահորեն կատարել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Բացի այդ, ոստիկանության ծառայողը պարտավոր է՝

ա) հավատարիմ լինել «Երդմանը» եւ լինել ազնիվ.

բ) աննկուն տանել ծառայության բոլոր դժվարությունները եւ զրկանքները, ծառայողական պարտքը կատարելիս չխնայել ուժերը.

գ) պահպանել իրեն վստահված զենքը, գույքը եւ տեխնիկան.

դ) անառարկելիորեն, ճշտորեն եւ ժամանակին կատարել ոստիկանության ղեկավար ծառայողների հրամանները (հրահանգները, կարգադրությունները), եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին ու մտնում են հրամաններ (հրահանգներ, կարգադրություններ) տվողի եւ դրանք կատարողի լիազորությունների սահմանների մեջ.

ե) հարգել ոստիկանության ղեկավար ծառայողներին, աջակցել նրանց կարգապահությունն ամրապնդելու գործում, պահպանել սահմանված համազգեստի կրման կանոնները, պաշտոնով եւ կոչումով ավագներին ողջույն տալու կարգը.

զ) ծառայությունից դուրս իրեն պահել արժանապատվությամբ եւ պահպանել էթիկայի կանոնները.

է) ծառայողական քննության կատարման ընթացքում տալ գրավոր բացատրություններ:

Հոդված 7 . Ղեկավարի (հրամանատարի) դերը ծառայողական կարգապահության ամրապնդման եւ պահպանման գործում

1.Ղեկավարը պատասխանատվություն է կրում իր ենթակաների ծառայողական կարգապահության համար: Ղեկավարը պետք է մշտապես օրինակ ծառայի ենթականերին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ոստիկանության ծառայությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի եւ սույն օրենքի պահանջները կատարելիս, բարձրացնի ենթակաների պատվի եւ ծառայողական պարտքի գիտակցումը, խրախուսի արժանիներին եւ պատասխանատվության ենթարկի կարգազանցներին:

2. Ղեկավարը պետք է հատուկ ուշադրություն դարձնի ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, իրավական ակտերով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերի ենթակաների կատարած զանցանքների պատճառները, ձեռնարկի կանխարգելիչ միջոցառումներ:

3. Ղեկավարի կողմից կարգուկանոն հաստատելու եւ կարգազանց ենթակային կարգապահական տույժի ենթարկելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ղեկավարը պատասխանատվություն է կրում դրա համար:

4. Ղեկավարը պարտավոր է հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը եւ բացառել ենթակա ոստիկանության ծառայողների հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով:

5. Ղեկավարի՝ գրավոր հրամանով հայտարարված ժամանակավոր պաշտոնակատարը օգտվում է այդ պաշտոնի համար սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ պարտականություններից:
 

ԳԼՈՒԽ 3.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ

Հոդված 8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ խրախուսանքի տեսակները՝

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) ոստիկանության ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում.

5) պարգեւատրում զենքով.

6) պարգեւատրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով.

7) վաղաժամկետ կոչումի շնորհում կամ տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե հերթական կոչումի սահմանված ժամկետը կրկնակի անգամ լրացել է:

8) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգեւատրելով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձեւակերպվում են գրավոր եւ հաշվառվում անձնական գործում (բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածում նախատեսված դեպքերի):

2. Ոստիկանության ուսումնական հաստատության սովորողների նկատմամբ բացի սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված խրախուսանքներից կիրառվում են նաեւ խրախուսանքի այլ տեսակներ՝ հատուկ կրթաթոշակի նշանակում, կրթաթոշակի բարձրացում, ուսումնական հաստատության տարածքից արտահերթ արձակում:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը (տույժերը) ժամկետից շուտ հանելը:

4. Խրախուսանքները կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանված է սույն օրենքի Հավելված 1-ում:

5. Ոստիկանության ծառայողի նկատմամբ ղեկավարի (հրամանատարի) իրավունքների սահմաններից դուրս խրախուսանքի միջոցներ կիրառելու համար նա միջնորդում է այդ իրավունքն ունեցող վերադաս ղեկավարին (հրամանատարին):

Հոդված 9. Խրախուսանքներ կիրառելու կարգը

1. Կարգապահական տույժ ունեցող ոստիկանության ծառայողը խրախուսվում է նախկինում նշանակված տույժի (տույժերի) ժամկետից շուտ հանումով: Կարգապահական տույժը (տույժերը) հանելու իրավունք ունեն տույժը (տույժերը) տված ղեկավարը (հրամանատարը), ինչպես նաեւ նրա վերադաս ղեկավարը (հրամանատարը):

2. «Շնորհակալության հայտարարում» եւ «Պարգեւատրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով» խրախուսանքի միջոցները կարող են կիրառվել ոստիկանության բոլոր ծառայողների նկատմամբ:

«Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի միջոցը կիրառելու իրավունք ունեն ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարները (հրամանատարները), այդ պարտականությունները գրավոր հրամանով ժամանակավոր կատարող ծառայողները եւ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները, իսկ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով պարգեւատրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

3. «Միանվագ դրամական պարգեւատրում» խրախուսանքի միջոցը կարող է կիրառվել ոստիկանության բոլոր ծառայողների նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի կամ վարչության պետի կողմից:

4. «Հուշանվերով պարգեւատրում», «Ոստիկանության ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում» խրախուսանքի միջոցները կարող են կիրառվել ոստիկանության բոլոր ծառայողների նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

5. «Պարգեւատրում զենքով» խրախուսանքի միջոցը կարող է կիրառվել ոստիկանության բոլոր ծառայողների նկատմամբ: Զենքով պարգեւատրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

Պարգեւատրված զենք կարող են լինել՝ սուսերը, դաշույնը, մարտական եւ գազային ատրճանակները կամ որսորդական հրացանը:

Զենքով պարգեւատրումը կատարվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Պարգեւատրված զենքի վրա համապատասխան մակագրությունից բացի նշվում են պարգեւատրվածի կոչումը, անվան, հայրանվան առաջին տառերը եւ ազգանունը: Մակագրությունն արվում է անմիջապես զենքի կամ պատյանին ամրացված թիթեղի վրա:

6. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված խրախուսանքի միջոցը կարող է կիրառվել ոստիկանության բոլոր ծառայողների նկատմամբ` համապատասխան կոչումներ շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարների կողմից` համաձայն Հավելված 1-ի:

7. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքի միջոցը կարող է կիրառվել ոստիկանության բարձրագույն եւ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող այն ծառայողների նկատմամբ, ովքեր ունեն ոչ պակաս, քան 25 տարվա ծառայության ստաժ (որից 20 տարին ոստիկանության համակարգում) եւ 20-ից ոչ պակաս խրախուսանքներ, ինչպես նաեւ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող այն ծառայողների նկատմամբ, ովքեր ունեն ոչ պակաս, քան 20 տարվա ծառայության ստաժ (որից 15 տարին ոստիկանության համակարգում) եւ 15-ից ոչ պակաս խրախուսանքներ:

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքի միջոցը կիրառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

Ոստիկանության ծառայողներին մեդալի, կրծքանշանի, պատվոգրի եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչում շնորհելու կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:


ԳԼՈՒԽ 4.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈւՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 10. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը, դրանք կիրառելու եւ հանելու կարգը սահմանված է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ եւ 43-րդ հոդվածներով:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում մինչեւ 3 ամիս ժամանակով.

4) կարգապահական կալանք՝ 1-10 օր ժամկետով.

5) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

6) կոչման իջեցում մեկ աստիճանով.

7) ոստիկանությունից ազատում:

2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձեւակերպվում են գրավոր եւ հաշվառվում անձնական գործում (բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածում նախատեսված դեպքերի):

Կարգապահական կալանքը չի կարող կիրառվել ոստիկանության փոխգնդապետ եւ բարձր կոչում ունեցող, ինչպես նաեւ ոստիկանության կին ծառայողների նկատմամբ:

3. Ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսուցման սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերով նախատեսված տույժերից, կարող են կիրառվել նաեւ հետեւյալ տույժերը՝ արտահերթ վերակարգի հայտարարում, հերթական արձակման իրավունքից զրկում, ազատում ոստիկանության ուսումնական հաստատությունից:

4. Կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նա կարգապահական խախտումից բացի կատարել է քրեական օրենքով նախատեսված արարք:

5. Ոստիկանության ծառայողի նկատմամբ ղեկավարի (հրամանատարի) իրավունքների սահմաններից դուրս կարգապահական տույժ կիրառելու համար նա միջնորդում է այդ իրավունքն ունեցող վերադաս ղեկավարին (հրամանատարին):

Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանված է սույն օրենքի Հավելված 1-ում:

Հոդված 11 . Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձեւով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու եւ նրանց կարգապահական տույժի ենթարկելու առանձնահատկությունները

1. Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձեւով սովորողների նկատմամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված խրախուսանքները, ինչպես նաեւ 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի գրավոր հրամանով: Խրախուսանքները սովորողների նկատմամբ կիրառվում են ոստիկանության ուսումնական հաստատության ավագ կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի զեկուցագրի հիման վրա, իսկ կարգապահական տույժերը՝ նաեւ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող սովորողի բացատրության հիման վրա:

2. Հասարակական կարգի պահպանության միջոցառումներին մասնակցելու ընթացքում թույլ տված կարգապահական խախտումների համար սովորողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը եւ բարեխիղճ ծառայության համար հայտարարված խրախուսանքները հաշվառվում են սովորողի անձնական գործում, իսկ ոստիկանության ուսումնական հաստատության ներքին կանոնակարգի խախտման համար կիրառված կարգապահական տույժերը հաշվառվում են սովորողի անձնական գործին կցվող «Սովորողի ծառայողական քարտ»-ում (հավելված 14):

3. Ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց եւ համապատասխան պաշտոնի նշանակվելուց հետո ծառայության ողջ ընթացքում «Սովորողի ծառայողական քարտ»-ում գրանցված կարգապահական տույժերը չեն հաշվարկվում:
 

ԳԼՈՒԽ 5.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 12 . Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները

1. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:

2. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված ոստիկանության ծառայողի վարվելակերպի (վարքագծի) եւ փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են (այսուհետ՝ վարքագծի կանոններ):

3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել ոստիկանության ծառայողին վերջինիս վարվելակերպում, ինչպես նաեւ իրազեկել քաղաքացիներին՝ ինչպիսի պահվածք պետք է ակնկալել ոստիկանության ծառայողից:

4. Ոստիկանության ծառայողը պարտավոր է՝

ա) ցուցաբերել անմնացորդ հավատարմություն եւ նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը, հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները եւ պետական լեզուն.

բ) հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները.

գ) նյութապես կամ այլ միջոցներով չսատարել որեւէ քաղաքական կուսակցության, ինչպես նաեւ հրապարակայնորեն չարտահայտել սեփական քաղաքական հայացքները.

դ) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել սեփական պատիվը.

ե) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից եւ իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.

զ) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության եւ ոստիկանության ծառայողի վարկը.

է) աջակցել իր ղեկավարներին կարգապահության ամրապնդման հարցերում, հարգանքով վերաբերվել նրանց եւ կոչումներով ավագ գործընկերներին, պահպանել պատիվ տալու եւ ոստիկանական համազգեստը կրելու սահմանված կանոնները.

ը) կատարելագործել սեփական մասնագիտական որակները, ունենալ պատշաճ իրավագիտակցություն եւ իրավական կուլտուրա.

թ) իմանալ եւ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ.

ժ) խուսափել անձնական այն կապերից, որոնք կարող են վարկաբեկել նրան, նսեմացնել իր պատիվն ու արժանապատվությունը.

ժա) ձեռնպահ մնալ ֆինանսական եւ գործնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը.

ժբ) անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը.

ժգ) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի եւ հավատի ձեւավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության եւ օրինականության գաղափարների վրա.

ժդ) լինել կարգապահ, ճշտախոս, հասարակության եւ պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ կերպով նվիրվել աշխատանքին.

ժե) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարեւորությունը, տրված խոստման հնարավոր բացասական հետեւանքները.

ժզ) ղեկավարվել պատվի, խղճի եւ արժանապատվության զգացումներով:

5. Վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: Եթե ոստիկանության ծառայողը չի կողմնորոշվում ինչպիսի վարքագիծ դրսեւորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին: Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա ծառայողների համար դյուրին լինի սույն վարքագծի կանոնների պահպանումը:

6.Վարքագծի կանոնների խախտումը առաջ է բերում պատասխանատվություն, եթե զուգորդվել է կարգապահական խախտման կատարման հետ:

ԳԼՈՒԽ 6.

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈւԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հոդված 13 . Ծառայողական քննության խնդիրները

Ծառայողական քննության խնդիրներն են՝

ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սկզբունքների իրականացումը.

բ) ծառայողական կարգապահության ամրապնդումը.

գ) ոստիկանության ծառայողի կողմից կատարված կարգապահական եւ էթիկայի կանոնների խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին բացահայտումը.

դ) կարգապահական խախտումների կանխարգելումը եւ կարգապահական խախտում ծնող պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացումը.

ե) ոստիկանության ծառայողների իրավունքների մինչդատական պաշտպանությունը.

զ) կարգապահական խախտման հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ պարզաբանումը.

է) անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողի հեղինակության վերականգնումը:

Հոդված 14. Ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանումները եւ ծառայողները

1. Ծառայողական քննություն իրենց իրավասության սահմաններում կարող են կատարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ինքնուրույն ստորաբաժանումները:

Ոստիկանության գլխավոր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն կատարում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություներ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանումը կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ` ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություններ:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներում կրտսեր եւ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն կատարելու ընթացքում ոստիկանության գլխավոր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստեր հայտնաբերելու դեպքում ծառայողական քննության նյութերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություներ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանում:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախաքննական մարմինների եւ հատուկ ծառայությունների ծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը կատարվում է համապատասխանաբար նախաքննական մարմինների եւ հատուկ ծառայությունների կողմից կամ ծառայողական քննությանը մասնակից են դարձվում նախաքննական մարմինների եւ հատուկ ծառայությունների համապատասխան պաշտոնատար անձինք կամ ծառայողական քննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություներ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանման կողմից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ցուցումով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվող ծառայողական քննության նյութերը ցանկացած փուլում կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություներ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանում կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություն եւ (կամ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային վարչություններ՝ հետագա ընթացքը սույն օրենքով սահմանված կարգով լուծելու համար:

Հոդված 15 . Ծառայողական քննության իրավաչափությունը

Ծառայողական քննություն իրականացնող անձն իրավասու է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է սույն օրենքով:

Հոդված 16 . Օրենքի առջեւ բոլորի հավասարությունը

Ծառայողական քննության ընթացքում օրենքի առջեւ ոստիկանության բոլոր ծառայողները հավասար են անկախ զբաղեցրած պաշտոնից, կոչումից եւ այլ հանգամանքներից:

Հոդված 17 . Անմեղության կանխավարկածը

Ոստիկանության ծառայողը կարգապահական խախտում կատարելու մեջ համարվում է անմեղ, քանի դեռ նրա նկատմամբ իրավասու անձի կողմից սույն օրենքով սահմանված կարգով չի նշանակվել կարգապահական տույժ:

Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:

Ոստիկանության ծառայողի մեղավորությունն ապացուցելու, ինչպես նաեւ նրան ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է ծառայողական քննություն իրականացնող անձը:

Հոդված 18 . Կարգապահական տույժ չկիրառելը

Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նրա արարքն առաջին անգամ է, կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը գործուն զղջացել է եւ դրական է բնութագրվում ղեկավարության կողմից:

Ծառայողական քննությանն օժանդակելու, հանրորեն առավել մեծ վտանգավորություն ներկայացնող խախտումների հայտնաբերմանն ու բացահայտմանը նպաստելու դեպքում կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ կամ նա կարող է ազատվել կարգապահական տույժից:

Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը չի կարող տեղափոխվել, նշանակվել նոր պաշտոնի, ստանալ հերթական կոչում, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից՝ մինչեւ նրա վերաբերյալ կատարվող ծառայողական քննության ավարտը:

Հոդված 19 . Ծառայողական քննության լեզուն

Ծառայողական քննությունն իրականացվում է հայերեն լեզվով: Ծառայողական քննության ընթացքում դրա յուրաքանչյուր մասնակից, բացառությամբ ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի, ծառայողական քննություն իրականացնող անձի, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի եւ ոստիկանության ծառայող հանդիսացող այլ անձի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:

Ծառայողական քննության լեզվին չտիրապետող անձանց անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենքով սահմանված իրենց իրավունքները:

Այլ լեզվով փաստաթղթերը (բացառությամբ ռուսերեն լեզվով շարադրվածների) ծառայողական քննության նյութերին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ: 

ԳԼՈՒԽ 7.

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԱՌԻԹՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 20 . Ծառայողական քննություն նշանակելու առիթները

Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝

ա) ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները.

բ) դատախազի հաղորդումը կամ միջնորդագիրը՝ համապատասխանաբար ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված կարագապահական խախտման կամ խախտման պատճառների ու դրանց կատարմանը նպաստող պայմանների մասին.

գ) լրատվության միջոցի հաղորդումը ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված իրավախախտման մասին.

դ) ոստիկանության ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները.

ե) իրավախախտման անմիջական հայտնաբերումը ոստիկանության ծառայությունների (ստորաբաժանումների) ղեկավարների կամ նրանց կողմից լիազորված անձանց կողմից.

զ) ոստիկանության ծառայողի, ոստիկանության ծառայության (ստորաբաժանման) ղեկավարի զեկուցագիրը ոստիկանությունում հայտնաբերված իրավախախտման մասին՝ հասցեագրված ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.

է) ոստիկանության ծառայողի զեկուցագիրը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածով նախատեսված դեպքերում:

Հոդված 21 . Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք

Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով եւ սույն օրենքով սահմանված կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձինք:

Ծառայողական քննություն նշանակվում է իրավասու պաշտոնատար անձի գրավոր մակագրությամբ, որում նշվում են ծառայողական քննություն իրականացնող անձը կամ ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաեւ ծառայողական քննության նշանակման օրը, ամիսը, տարեթիվը:

Հոդված 22 . Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները

1. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝

ա) իրավախախտման դեպքը եւ հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը եւ այլն).

բ) իրավախախտման հատկանիշները.

գ) ոստիկանության ծառայողի մեղավորությունը իրավախախտում կատարելու մեջ.

դ) իրավախախտումներ ծնող պատճառները եւ դրանց նպաստող պայմանները.

ե) այն հանագամանքները, որոնցով ծառայողական քննությանն աջակցող անձինք եւ այլ անձինք հիմնավորում են իրենց պահանջները:

2. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ոստիկանության պետի կամ տեղակալի հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերը (համապատասխան եզրակացությամբ) ուղարկվում են Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններին: Ծառայողական քննություն իրականացնող ոստիկանության ստորաբաժանումում պահպանվում են նյութերի պատճենները եւ դրանց ընթացքը լուծվում է սույն օրենքով սահմանված կարգով: Կարգապահական խախտման առկայության դեպքում ոստիկանության ծառայողը ենթարկվում է կարգապահական տույժի սույն օրենքով սահմանված կարգով, իսկ նման հիմքերի բացակայության դեպքում կարգապահական տույժի ենթարկելու հարցը կարող է լուծվել դատախազության կողմից նյութերի քննարկման արդյունքներով:

Հոդված 23 . Ծառայողական քննության ժամկետները

Ծառայողական քննություն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ավելի քան դրա նշանակումից սկսած 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը ծառայողական քննությունն իրականացնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կողմից կարող է երկարացվել եւս մինչեւ 30 օրով, եթե՝

ա) ծառայողական քննություն իրականացնող անձից անկախ պատճառներով ձգձգվում է այլ մարմին կատարված հարցումների պատասխանները.

բ) գործի էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ:

Հոդված 24 . Ծառայողական քննության ընթացքի կասեցման հիմքերը եւ վերսկսումը

1. Ծառայողական քննությունն այն իրականացնող անձի կողմից ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել՝

ա) Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների քննարկմանն ուղարկված ծառայողական քննության նյութերով մինչեւ համապատասխան որոշման կայացնելը կամ մինչեւ ոստիկանության ծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը.

բ) եթե ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ ոստիկանության ծառայողը, որը գործով պետք է ենթարկվի կարգապահական տույժի.

գ) եթե հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողի գտնվելու վայրը.

դ) եթե կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, եւ առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը.

ե) եթե գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի վերացվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այն եղել է կասեցված: Ծառայողական քննությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ», «գ» եւ «դ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամանակով:

Հոդված 25. Ծառայողական քննության դադարեցումը

Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝

ա) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մահացել է.

բ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, իրեն լրիվ մեղավոր ճանաչելով, տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ.

գ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները.

դ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ, եւ սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.

ե) լրացել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծառայողական քննությունը կասեցնելու առավելագույն ժամկետը:

Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայողական քննությունն իրականացնող անձի կողմից կազմվում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած անձի քննարկմանը:

Ծառայողական քննություն նշանակած անձը քննարկում է եզրակացությունը եւ կայացնում համապատասխան որոշում: Ծառայողական քննությունը դադարեցված է համարվում ծառայողական քննություն նշանակած անձի կողմից համապատասխան եզրակացությունը հաստատելու պահից:

ԳԼՈՒԽ 8.

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Ծառայողական քննության մասնակիցները

Ծառայողական քննության մասնակիցներն են՝

ա) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը, ծառայողական քննություն իրականացնող անձը, ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը (վարչության պետը, ինքնուրույն բաժնի պետը), կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը.

բ) ծառայողական քննությանն աջակցող անձինք՝ մասնագետը, թարգմանիչը.

գ) այլ անձ:

Հոդված 27 . Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորությունները

Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորություններն են՝

ա) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն՝ կատարված գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձեւակերպում.

բ) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի եւ ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար նրան ներկայացնել ծառայողական քննության նյութերը եւ զեկուցել քննության ընթացքի մասին.

գ) ոստիկանության ծառայություններից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից եւ կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել փաստաթղթեր, նյութեր եւ տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել իրավախախտման եւ դրան առնչվող անձանց մասին,

դ) վերցնել գործի համար նշանակություն ունեցող եւ ոստիկանությունում պահվող կամ գտնվող իրեր եւ փաստաթղթեր.

ե) վերցնել բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողից, ծառայողական քննությանն աջակցող անձանցից, այլ անձից.

զ) կատարել զննություն.

է) նշանակել փորձաքննություն.

ը) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ ժամանակավորապես դադարեցնելու կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը.

թ) իր իրավասության սահմաններում լուծել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությունները.

ժ) պարզաբանել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի, մասնագետի, թարգմանչի, այլ անձի իրավունքներն ու պարտականությունները:

Ծառայողական քննություն իրականացնող անձն ունի սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 28 . Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի լիազորությունները

Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը լիազորված է՝

ա) գրավոր մակագրությամբ նշել ծառայողական քննություն իրականացնող անձին.

բ) ծառայողական քննություն իրականացնող անձին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.

գ) ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության իրականացումը գրավոր հանձնարարել ստորաբաժանման այլ ծառայողի.

դ) մասնակցել ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարել ծառայողական քննությունը.

ե) ստորագրությամբ համաձայնել ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը.

զ) ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում (եթե ծառայողական քննությունն իրականացնում է խումբը) ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացնել անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր:

Հոդված 29 . Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի իրավունքներն ու պարտականությունները

1. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն իրավունք ունի՝

ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալ իր իրավունքներին եւ պարտականություններին, ինչը վավերացվում է իր ստորագրությամբ.

բ) իմանալ, թե ինչում է մեղադրվում.

գ) հայտնել բացարկ ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան համգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է ծառայողական քննության ելքով.

դ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնել առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող սույն օրենքով նախատեսված փաստական տվյալներ կցելու եւ դրանց ընթացք տալու վերաբերյալ.

ե) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ առաջարկություններ եւ դիտողություններ ներկայացնել.

զ) մինչեւ հաստատելը՝ ծանոթանալ ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, սույն օրենքով սահմանված կարգով այն բողոքարկել:

2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը պարտավոր է՝

ա) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր եւ տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների եւ ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում՝ ներկայացնել գրավոր պատճառաբանություն,

բ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել ծառայողական քննության համար անհրաժեշտ իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը,

գ) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին:

Ծառայողական քննության ընթացքում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն ունի սույն օրենքով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 30. Մասնագետը, նրա իրավունքներն ու պարտականությունները

Մասնագետը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը հրավիրվում եւ ծառայողական քննության մասնակից է դարձվում հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն կամ համապատասխան մասնագիտական եզրակացություն տրամադրելու համար:

Վերոհիշյալ նպատակներով ծառայողական քննության ցանկացած փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը, ոստիկանությունում համապատասխան մասնագետի բացակայության դեպքում, դիմում է համապատասխան իրավասու մարմնի ղեկավարին՝ մասնագետ տրամադրելու համար: Հրավիրված մասնագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է ոստիկանության պահպանման ծախսերի միջոցների հաշվին՝ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր միջնորդության հիման վրա: Մասնագետը անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է իր կրթության եւ որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:

Մասնագետն իրավունք ունի՝

ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալ իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.

բ) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնել:

Պարտավոր է՝

ա) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը եւ իր գիտելիքների սահմաններում խորհուրդներ տալ առանձին հարցերի պարզաբանման եւ գործողությունների կատարման կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում մասնակցել դրանց.

բ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության եւ արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

գ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով մասնագիտական եզրակացություն ներկայացնել իրեն առաջադրված եւ իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ.

դ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր կողմից ներկայացված եզրակացության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ:

Հոդված 31. Թարգմանիչը, նրա իրավունքներն ու պարտականությունները

Թարգմանիչը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը հրավիրվում եւ ծառայողական քննության մասնակից է դարձվում այն դեպքերում, երբ այլ անձը, ծառայողական քննությանը աջակցող անձինք չեն տիրապետում հայերենին կամ երբ անհրաժեշտություն է առաջացել թարգմանել գործի ճիշտ լուծման համար անհրաժեշտ որեւէ փաստաթուղթ: Ծառայողական քննության ընթացքում թարգմանիչը հրավիրվում եւ քննությանը մասնակից է դարձվում սույն օրենքի հոդված 30-ի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով:

Նույն ընթացակարգով հրավիրվում եւ ծառայողական քննությանը որպես մասնակից է դարձվում նաեւ համրի եւ (կամ) խուլի հետ բացատրվելու ունակ անձը:

Թարգմանիչն իրավունք ունի՝

ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալ իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.

բ) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնել:

Պարտավոր է՝

ա) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը եւ կատարել ճշգրիտ թարգմանություններ.

բ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության եւ արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն,

գ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր կողմից կատարված թարգմանությունների կապակցությամբ:

Հոդված 32. Այլ անձը, նրա իրավունքներն ու պարտականությունները

Այլ անձն այն անձն է, որին կարող է հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, ինչի կապակցությամբ նրանք տալիս են համապատասխան բացատրություններ կամ մասնակցում են սույն օրենքով նախատեսված այլ գործողությունների:

Այլ անձը իրավունք ունի՝

ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալ իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.

բ) իմանալ, թե ինչ նպատակով է կանչվել ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից.

գ) տալ բացատրություններ եւ անձամբ շարադրել դրանք.

դ) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնել:

Պարտավոր է՝

ա) տալ ճշմարտացի բացատրություններ: Եթե այլ անձը ոստիկանության ծառայող է, ապա ծառայողական քննության ընթացքում անազնվություն դրսեւորելու դեպքում ենթակա է կարգապահական տույժի` սույն օրենքով սահմանված կարգով.

բ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության եւ արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություններ:
 

ԳԼՈՒԽ 9.

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈւՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈւՆՆԵՐԸ

Հոդված 33. Ծառայողական քննություն անցկացնելու վայրը

Ծառայողական քննությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների եւ ծառայությունների վարչական շենքերում:

Ծառայողական քննության ընթացքում սույն օրենքով սահմանված գործողությունները կարող են կատարվել նաեւ այլ վայրերում:

Հոդված 34. Ծառայողական քննության իրականացման սահմանները

Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննություն անցկացնելիս սահմանափակվում է ծառայողական քննություն նշանակելու առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ եւ պարզաբանմամբ:

Ծառայողական քննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում դրանք նույնպես ստուգվում եւ պարզաբանվում են՝ այդ մասին զեկուցելով ծառայողական քննությունը նշանակող անձին:

Հոդված 35. Ծառայողական քննության նյութերին կցվող փաստական տվյալները

Ծառայողական քննություն իրականացնող անձն իրավասու է ծառայողական քննության նյութերին կցել հետեւյալ փաստական տվյալները՝

ա) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի, ծառայողական քննությանն աջակցող անձանց, այլ անձանց բացատրությունները (լրացուցիչ բացատրությունները):

Բացատրությունը, այն տվողի ցանկության դեպքում, շարադրվում է անձամբ:

Բացատրությունների կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ (հավելված 7, 8, 9, 10): Բացատրություն տվողը ծանոթանում է բացատրության արձանագրությանն, այդ մասին նշում է կատարում եւ ստորագրում յուրաքանչյուր էջը: Բացատրության արձանագրության բոլոր էջերը ստորագրում են նաեւ բացատրություն վերցնելուն մասնակցած թարգմանիչը, մասնագետը եւ այլ անձինք: Բացատրություն տալուց կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում, ինչպես նաեւ ֆիզիկապես ոչ լիարժեքության կամ անգրագիտության հետեւանքով ստորագրելու հնարավորությունից զրկված լինելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում, որը հաստատվում է ծառայողական քննություն իրականացնող անձի եւ ծառայողական քննությամբ չշահագրգռված այլ անձի ստորագրություններով.

բ) զննության արձանագրությունները:

Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու եւ դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն իրականացնող անձը լիազորված է կատարել փաստաթղթերի, իրերի, առարկաների, վայրերի, այդ թվում նաեւ աշխատասենյակների զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ (Հավելված 11): Զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին:

Զննության արձանագրություն է կազմվում նաեւ այն դեպքերում, երբ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ծառայողական քննությանը աջակցող անձը, այլ անձը ներկայացնում է իր կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առարկաներ.

գ) սույն օրենքով սահմանված ընթացակարգով կազմված տեղեկանքները, որոնք կազմվում են առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ:

Տեղեկանքում նշվում է այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը: Տեղեկանքը ստորագրվում է կազմողի եւ ներկա գտնվողների կողմից: Տեղեկանքին որպես հավելվածներ կարող են կցվել փաստաթղթերի բնօրինակներ եւ պատճեններ.

դ) փորձաքննության արձանագրությունները:

ե) տեսաձայնագրման կրիչները:

զ) պետական, տեղական ինքնակառավարման, իրավապահ եւ այլ մարմինների գրությունները, նրանց հասցեագրված հարցումների պատասխանները, այլ փաստաթղթեր եւ դրանց պատճենները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական եւ ծառայողական, ինչպես նաեւ այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների), ինչպես նաեւ ծառայողական քննությանը մասնակցող մասնագետների եզրակացությունները, կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին եւ խախտման կատարման հանգամանքներին վերաբերվող այլ տեղեկություններ:

Հոդված 36. Ծառայողական քննության մասնակցին կանչելու կարգը

Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ծառայողական քննությանն աջակցող անձը, այլ անձը կարող են կանչվել ծանուցագրով (հավելված 12), որը ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ վերջիններիս բացակայության դեպքում նրանց է փոխանցվում իրենց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով, ինչպես նաեւ՝ ըստ բնակության վայրի: Նրանք կարող են կանչվել նաեւ հեռախոսով, հեռագրով եւ կապի այլ միջոցներով:

Կանչով անհարգելի չներկայանալու դեպքում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը ծառայողական քննություն իրականացնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա՝ ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ կարող է բերման ենթարկվել:

Կանչով անհարգելի չներկայացած ոստիկանության ծառայողն ենթակա է կարգապահական տույժի սույն օրենքով սահմանված կարգով:

Ծառայողական քննությանն աջակցող անձը, այլ անձը պարտավոր են ներկայանալ ծառայողականն քննություն իրականացնող անձի կանչով:

Հոդված 37. Իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցումը

Ծառայողական քննություն իրականացնող անձը կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին, ծառայողական քննությանը մասնակցող անձին, այլ անձին գրավոր բացատրում է սույն օրենքով նրանց վերապահված իրավունքների եւ պարտականությունների մասին, որի կապակցությամբ կազմված արձանագրությունների տակ նրանք նշում են կատարում ու ստորագրում (հավելված 3, 4, 5, 6):

Հոդված 38. Ծառայողական քննության ընթացքի ու արդյունքների ձեւակերպումը

Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքները ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից պետք է գրանցվեն արձանագրություններում եւ այլ գրավոր փաստաթղթերում, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում դրանց կցված հավելվածներում: Արձանագրությունները թույլատրվում է կազմել ձեռագիր կամ մեքենագիր՝ արձանագրման համար օգտագործելով մեխանիկական միջոցներ կամ էլեկտրոնային տեխնիկա: Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքներն արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը:

Հոդված 39. Փաստական տվյալների օգտագործման սահմանափակումները

Ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից ծառայողական քննության հիմքում չեն կարող դրվել եւ օգտագործվել այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել՝

ա) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով.

բ) տվյալ գործողությունը կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.

գ) սույն օրենքի պահանջների խախտմամբ:

Հոդված 40. Փաստական տվյալների ստուգումը եւ գնահատումը

Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները գնահատում է իր ներքին համոզմունքով՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումով:

Ոստիկանության ծառայողի կողմից կարգապահական խախտումներ կատարելու մասին հետեւությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետեւությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությամբ հավաքված եւ հավաստի տվյալների բավարար ամբողջությամբ:

Հոդված 41. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությունների լուծումը

Ծառայողական քննության ընթացքում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը կարող է ներկայացնել գրավոր միջնորդություններ` սույն օրենքով նախատեսված գործողությունները կատարելու, նյութերին փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ:

Ծառայողական քննություն իրականացնող անձն այդ միջնորդությունները քննարկում է ծառայողական քննության ընթացքում եւ արդյունքներն արտացոլում ծառայողական քննության եզրակացության մեջ:

Միջնորդությունների քննարկումը չի կասեցնում ծառայողական քննության ժամկետները:
 

ԳԼՈՒԽ 10.

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ՁեւԱԿԵՐՊՈւՄԸ եւ ՆՅՈւԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈւՄԸ

Հոդված 42. Ծառայողական քննության արդյունքներով եզրակացություն կազմելը եւ դրա հետ ծանոթացնելը

1. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

ա) ներածական մասում շարադրվում են տվյալներ եզրակացությունը կազմելու վայրի, ծառայողական քննությունը սկսելու առիթի եւ ժամկետի, ինչպես նաեւ առիթ հանդիսացող փաստաթղթում նշված հանգամանքների հակիրճ բովանդակության մասին.

բ) նկարագրական - պատճառաբանական մասում շարադրվում են տվյալներ՝

1) ծառայողական քննության ընթացքում պարզված հանգամանքների եւ դրանց հիմնավորումների վերաբերյալ,

2) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալներ,

3) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին բնութագրող այլ հանգամանքներ,

4) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի վերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ,

գ) եզրափակիչ մասում շարադրվում են ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ արված հետեւությունների, ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացվող առաջարկությունների, ծառայողական քննություն իրականացնող անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, կոչումի, ինչպես նաեւ եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա եւ ամսաթվերի մասին:

2. Ծառայողական քննության արդյունքներով եզրակացությունը կազմելուց հետո, մինչեւ դրա հաստատումը, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը տեղեկացվում է այդ մասին:

3. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մեկօրյա ժամկետում կարող է ծանոթանալ եզրակացությանը, դրանից դուրս գրել տեղեկություններ եւ ներկայացնել գրավոր միջնորդություններ: Ծառայողական քննություն իրականացնող անձը քննության մնացած ժամկետների սահմաններում քննարկում է միջնորդությունները, դրանց հետ լրիվ կամ մասնակիորեն հանաձայն լինելու դեպքում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կատարում անհրաժեշտ գործողություններ եւ կազմում նոր եզրակացություն:

Միջնորդությունները լրիվ մերժելու դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում գրավոր պատասխան է տրվում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին, որն այն կարող է բողոքարկել ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին:

4. Ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը ծանոթանում է ծառայողական քննություն իրականացրած ստորաբաժանման վարչական շենքում՝ ծառայողական քննություն կատարած անձի կամ այդ ստորաբաժանման այլ ոստիկանության ծառայողի ներկայությամբ:

Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի կողմից ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը ծանոթանալու կապակցությամբ կազմվում է արձանագրություն (Հավելված 13):

Հոդված. 43. Ծառայողական քննության ավարտը եւ արդյունքների բողոքարկումը

1. Ծառայողական քննությունը համարվում է ավարտված՝

ա) ծառայողական քննություն նշանակած անձի կողմից ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը հաստատելու պահից.

բ) ծառայողական քննությունն անհետեւանք թողնելու վերաբերյալ կազմված եզրակացությունը ծառայողական քննություն նշանակած անձի կողմից հաստատելու պահից.

գ) կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ հրամանն իրավասու ղեկավարի կողմից ստորագրելու պահից.

դ) ծառայողական քննության նյութերն այլ մարմին ուղարկելու պահից:

2. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

3. Ծառայողական քննության արդյունքները վերադասության կարգով բողոքարկվելու դեպքում լրացուցիչ ծառայողական քննությունը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանման կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայությունների եւ (կամ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային վարչությունների կողմից:

Հոդված 44. Ծառայողական քննության նյութերի իրավական փորձաքննությունը

Ծառայողական քննության արդյունքներով կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից ազատման ներկայացնելու դեպքում ծառայողական քննության նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու ծառայություն՝ իրավական փորձաքննության:

Իրավական փորձաքննությունը կատարվում է 10-օրյա ժամկետում, որը ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվարկվում: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ տեղակալի կողմից այդ ժամկետը կարող է երկարացվել եւս 10 օրով:

Իրավական փորձաքննության արդյունքներով կազմվում է եզրակացություն, որը ծառայողական քննության նյութերի հետ միասին վերադարձվում է ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանմանը:

Իրավական փորձագիտական եզրակացության մեջ գնահատական են տրվում մեղադրական փաստական տվյալների թույլատրելիության, վերաբերելիության, բավարարության, ծառայողական քննության օբյեկտիվության, լրիվության եւ բազմակողմանիության ապահովման վերաբերյալ հարցերին: Իրավական փորձագիտական եզրակացությունն ավարտվում է ծառայողական քննության իրավաչափության կամ ոչ իրավաչափության մասին գնահատականով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրա տեղակալների հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերը կարող են ուղարկվել իրավական փորձաքննության նաեւ այլ կարգապահական տույժեր նշանակելու դեպքերում:

Հոդված 45. Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը

Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը, իսկ սույն օրենքի 44-րդ հոդվածում նախատեսված դեպքերում նաեւ իրավական փորձագիտական եզրակացությունը ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակող անձին՝ համապատասխան որոշում ընդունելու համար:

Կարգապահական տույժ նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը, նախքան որոշում կայացնել, անհրաժեշտության դեպքում կարող է խորհրդակցել ծառայողական քննություն իրականացրած անձի (ստորաբաժանման ղեկավարի) եւ իրավական փորձագիտական եզրակացությունը հաստատած ոստիկանության իրավասու ղեկավարի հետ, ինչպես նաեւ զրույց ունենալ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի հետ:

Քննարկման արդյունքներով կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձը՝

ա) լրիվ կամ մասնակի` հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը կայացնում է որոշում՝ նյութերն անհետեւանք թողնելու կամ ոստիկանության ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու մասին.

բ) ծառայողական քննություն իրականացնող անձին (ստորաբաժանման ղեկավարին) գրավոր ցուցում է տալիս փոխելու եզրակացությունը՝ դրանում եղած ձեւակերպումներից եւ հետեւություններից առանձին կետեր հանելու կամ փոփոխելու միջոցով.

գ) ծառայողական քննություն իրականացնող անձին (ստորաբաժանման ղեկավարին) գրավոր ցուցում է տալիս լրացուցիչ գործողություններ կատարելու եւ առանձին հանգամանքներ պարզելու համար՝ նշելով դրանք կատարելու համապատասխան ժամկետը:

Սույն հոդվածի «բ» եւ «գ» կետերով նախատեսված դեպքերում սույն օրենքով սահմանված կարգով կազմվում է նոր եզրակացություն, իսկ նախկին եզրակացությունը կցվում է ծառայողական քննության նյութերին:

Հոդված 46. Ծառայողական քննության նյութերի հաշվառումը

Ծառայողական քննության ընթացքում նախապատրաստած նյութերը եւ ներկայացված բոլոր փաստաթղթերը կարվում են կազմին, նյութերին կցված բոլոր փաստաթղթերի թերթերը համարակալվում եւ ցուցակագրվում են ըստ ժամանակագրական հերթականության (Հավելված 2):

Ըստ տարիների` կատարված ծառայողական քննության նյութերին տրվում են առանձին համարներ՝ դրանց գրանցման եւ հաշվառման մատյանի հերթական համարների համաձայն:

Հոդված 47. Ծառայողական քննության նյութերի պահպանման ժամկետները

Ծառայողական քննության նյութերը պահպանվում են ծառայողական քննություն իրականացրած ոստիկանության ստորաբաժանումում՝

ա) կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում` 25 տարի.

բ) կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողին այլ կարգապահական տույժի ենթարկելու դեպքում` 5 տարի.

գ) ծառայողական քննության նյութերն անհետեւանք թողնելու դեպքում` 3 տարի:

Հոդված 48. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Ոստիկանության ծառայողների կողմից սույն օրենքի պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կամ ծառայողական դիրքի չարաշահումը կամ ծառայողական լիազորությունների սահմանների անցումը առաջացնում է կարգապահական կամ քրեական պատասխանատվություն:

Հոդված 49. Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։