Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-832-01.07.2015-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետով.

«13) պատշաճ կերպով տեղեկացում՝ տեղեկացումը համարվում է պատշաճ կերպով կատարված, եթե այն ուղարկվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ դիմումատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ կերպով):»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) 1-ին կետում «դադարեցումը» բառից հետո լրացնել «, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակների տրամադրումը» բառերը,

2) 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում 1-ին նախադասությունից հետո լրացնել «Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է մեկ տարի ժամկետով:» նախադասությամբ,

2) 3-րդ մասում «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով» բառերով,

3) 4-րդ մասում «առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով» բառերով,

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«5. Թույլտվությունների հիման վրա արտահանում եւ (կամ) փոխանցում իրականացնելու իրավունք ստացած անձը պարտավոր է արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների եւ (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը եւ դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը պահպանել հինգ տարի ժամկետով: Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից մշտական բնակության մեկնող անձանց վրա: Արտահանված ապրանքների եւ (կամ) փոխանցված արժեքների ցանկը եւ դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը չպահպանելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»,

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով.

«7. Թույլտվությունների հիման վրա արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները լիազոր մարմին են ներկայացնում տեղեկատվություն արտահանված ապրանքների եւ (կամ) փոխանցված արժեքների ծածկագրերի, քանակի, արտահանողի անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի համար` նաեւ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարի, ստացող երկրի, արտահանված ապրանքը եւ (կամ) փոխանցված արժեքը ստացողի (օտարերկրյա հիմնարկի, կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը եւ գտնվելու վայրը կամ օտարերկրյա ֆիզիկական անձի անունը, ազգանունը եւ բնակության վայրը) վերաբերյալ:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) վերնագրում «թույլտվություն ստանալը» բառերից հետո լրացնել «, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրումը» բառերը,

2) 1-ին մասի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որեւէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրամադրման մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում թույլտվություն տալու կամ մերժելու ժամկետը կարող է երկարաձգվել 5 աշխատանքային օրով:»,

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.

«4. Թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում թույլտվություն ստացած անձը դրա մասին դիմում է ներկայացնում լիազոր մարմին՝ վճարելով թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման համար սահմանված պետական տուրքը: Լիազոր մարմինը թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը տրամադրում է թույլտվություն ստացած անձի կողմից դիմումը ներկայացնելուց եւ պետական տուրքը վճարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Լիազոր մարմինը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման մասին որոշման ընդունումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հետեւանքների մասին:

6. Դիմումատուն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Դիմումատուն լիազոր մարմնին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին եւ դիմումատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը:

8. Թույլտվությունը կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը ուժի մեջ է մտնում թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո, իսկ դիմումատուի կողմից պետական տուրքը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ դիմումատուի կողմից պետական տուրքը վճարելու օրվանից: Սույն հոդվածի 6-րդ մասում նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում լիազոր մարմնի կողմից կայացված համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը եւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի կողմից մատնանշված թերությունները: Լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է մինչեւ դիմում ներկայացրած անձի կողմից փաստաթղթերի թերությունների վերացումը: Թույլտվություն ստանալու դիմումը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված հիմքերով մերժվելու կամ դիմում ներկայացրած անձի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում, լիազոր մարմինը դիմումի մերժման մասին որոշումը կայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը:»:

2) 3-րդ մասում «Թույլտվության գործողության կասեցման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո` 3-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին պատշաճ կերպով ծանուցում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին:» նախադասությունը փոխարինել «Թույլտվության գործողության կասեցման, ինչպես նաեւ կասեցման վերացման մասին որոշում ընդունելուց հետո լիազոր մարմինն այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին:» նախադասությամբ:

3) 5-րդ մասում «երկօրյա ժամկետում, լիազոր մարմինը պատշաճ կերպով ծանուցում է» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պատշաճ կերպով տեղեկացնում է» բառերով:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «15 օր առաջ » բառերը փոխարինել «25 աշխատանքային օր առաջ» բառերով,

2) 2-րդ մասում «հավաստագրի պատճենները» բառից հետո լրացնել «, եթե դրանք նախատեսված են արտահանող եւ ներմուծող երկրների կողմից» բառերը,

3) 3-րդ մասում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Այն դեպքերում, երբ հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ վնասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին եւ մաքսային մարմնին եւ արգելում է տարանցիկ փոխադրումը: Լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո, դրական դիրքորոշում ունենալու դեպքում, 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին եւ մաքսային մարմնին: Այն դեպքում, երբ ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետից ուշ, լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում արգելում է տարանցիկ փոխադրումը եւ տարանցիկ փոխադրում իրականացնող անձին տեղեկացնում է դրա մասին՝ նշելով արգելման պատճառը:

Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որեւէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը տարանցիկ փոխադրումը թույլատրելու մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում տարանցիկ փոխադրումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշման կայացման ժամկետը կարող է երկարաձգվել 5 աշխատանքային օրով, ինչի մասին տարանցիկ փոխադրում իրականացնող անձը պատշաճ կերպով տեղեկացվում է:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: