Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-817-12.06.2015-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.  Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի (այսուհետ՝ Դիլիջան քաղաք) եւ հարակից տարածքների (այսուհետ՝ Հարակից տարածք) զարգացման եւ ներդրումային ծրագրերի խրախուսման ու իրականացման նպատակով ներդրումային ծրագրերի հաստատման եւ իրականացման կարգը, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման եւ հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները,  տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները` հիմնված հանրային մասնավոր համագործակցության սկզբունքի վրա:

Հոդված 2. Օրենքի նպատակը, խնդիրները եւ սկզբունքները

1. Սույն օրենքի նպատակն է.

1) ապահովել Տարածքի զարգացման ընթացքում Դիլիջան քաղաքի քաղաքաշինական եւ ճարտարապետական միասնական եւ համահունչ սկզբունքների կիրառումը, կառուցապատման գործունեության իրականացումը առողջ եւ գրավիչ կենսամիջավայրի ձեւավորման համար,

2) խրախուսել եւ աջակցել Տարածքի պատմամշակութային առանձնահատկություններին եւ պահպանության ռեժիմին համապատասխանող քաղաքաշինական եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը,

3) ապահովել քաղաքաշինական նախագծերի հաստատման գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը եւ հանրության մասնակցությունը որոշումների կայացման հանրային քննարկումների միջոցով,

4) նպաստել ներդրումային միջավայրի բարելավմանը եւ Տարածքի զարգացմանը ուղղված նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը,

5) ներդնել Տարածքների զարգացման եւ ներդրումային գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստող համակարգեր

6) նպաստել «մաքուր քաղաք» եւ «կանաչ քաղաք» հայեցակարգի ներդրմանը:

2.Սույն օրենքի խնդիրներն են՝

1) հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելը.

2) Դիլիջանի՝ որպես միջազգային նշանակության կրթական կենտրոնի հետագա զարգացման ապահովումը.

3) Դիլիջանի՝ որպես տուրիստական եւ հանգստյան գոտու զարգացման ու Տարածքի ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական միջավայրի ձեւավորումը.

4) սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական եւ ճարտարապետական պահանջների հետեւողական իրականացման ապահովումը.

5) Բնության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության բացառումը:

3. Սույն օրենքի սկզբունքներն են՝

1) հանրային մասնավոր համագործակցությունը.

2) որոշումների կայացման թափանցիկությունը.

3) ծրագրերի իրակամացման հաշվետվողականությունը:

Հոդված  3. Հիմնական հասկացություններ

1.  Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) Տարածք՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաք եվ հարակից տարածքներ.

2) Դիլիջան քաղաք՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի տարածք.

3) Հարակից տարածքներ՝ Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքների եւ «Դիլիջան» ազգային պարկի տարածքներ.

4) Անձ` սույն օրենքով նախատեսված ծրագիր իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

5) Ծրագիր` անձի կողմից ձեռնարկատիրական կամ ոչ ձեռնարկատիրական նպատակով Տարածքի, դրա առանձին ոլորտի կամ բնագավառի զարգացումը կամ օբյեկտի եւ/կամ ենթակառուցվածքների կառուցումը ներկայացնող փաստաթուղթ, որը հաստատվում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով.

6) Դիլիջանի քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհուրդ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներն իրականացնելու Դիլիջանի քաղաքապետին կից ձեւավորված խորհուրդ.

7) «Կանաչ» քաղաքաշինություն ու ճարտարապետություն՝ քաղաքաշինության ու ճարտարապետության բնագավառի հատուկ ուղղություն, որի հիմնական նպատակն է՝ էկոլոգիապես կենսունակ, վերականգնվող էներգիայի, բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայությունն ապահովող տարածքների կազմակերպումն ու կառուցապատման ձեւավորումը.

8) «Կանաչ» կամ «կենդանի» տանիքներ՝ ջրամեկուսիչ թաղանթի վրա  տեղադրված հատուկ բնահողի վրա աճեցրած բուսական շերտով  մասնակի կամ լրիվ ծածկված շենքի տանիք.

9) Արգելված գործունեություն` սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ:

2. Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» եւ հարկային ու մաքսային բնագավառը կանոնակարգող  Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

Հոդված  4. Տարածքի զարգացման գործընթացը կարգավորող օրենսդրությունը

1. Տարածքի զարգացման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. «Դիլիջան» ազգային պարկի տարածքի վրա տարածվում է սույն օրենքով եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքով սահմանված սահմանափակումները:

Հոդված  5. Արգելված գործունեություն

1. Դիլիջան քաղաքում եւ հարակից տարածքներում արգելվում է հետեւյալ գործունեության իրականացումը.

1) Հանքագործական արդյունաբերություն, բացառությամբ կավի, ճենակավի, ածխաթթվային եւ ստորերկրյա հանքային ջրերի.

2) Էլեկտրաէներգիայի արտադրություն, բացառությամբ արեւային, հողմային, երկրաջերմային եւ կենսազանգվածի (մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության եւ այլ կենդանական ծագում ունեցող օրգանական եւ/կամ այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ եւ թափոններ, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսեր) էներգիայի.

3) Կոքսի, նավթամթերքների եւ միջուկային նյութերի արտադրություն,

4) Քիմիական արդյունաբերություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տեսակների

5) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործունեության տեսակներ:

2. Դիլիջան քաղաքի գոտիավորման նախագծերով առանձնացված տարածքներում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արգելված գործունեության տեսակներց բացի արգելվում է նաեւ հետեւյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

1) Անասնաբուծություն.

2) Բուսաբուծություն.

3) Մշակող արդյունաբերություն:

ԳԼՈՒԽ 2. ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հոդված  6. Տարածքի, դրա առանձին ոլորտների կամ բնագավառների զարգացման կամ օբյեկտների կառուցապատման ծրագրեր

1. Սույն օրենքի իմաստով ծրագիր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ առնվազն երկու միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրմամբ  Տարածքի, դրա առանձին ոլորտի կամ բնագավառի զարգացումը կամ օբյեկտի եւ/կամ ենթակառուցվածքների կառուցումը ներկայացնող փաստաթուղթը: Ծրագրի արժեքը ներառում է Ծրագիրն իրականացնողի կողմից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքի (շենք, շինություններ, հողատարածք) ձեռքբերման համար վճարված արժեքը:

2. Սույն գլխով սահմանված ծրագիրն առնվազն ներառում է.

1) Ծրագրի նպատակը եւ հակիրճ նկարագիրը.

2) Ծրագիրը ներկայացնող անձը.

3) Իրականացման գործընթացը՝ ըստ փուլերի, ժամկետների եւ ներդրումների (այդ թվում՝ կապիտալ ծախսեր, սեփական ներդրվող միջոցներ, ներգրավված եւ/կամ ներգրավվող միջոցներ).

4) Ծրագրի առանձնահատկությունների մանրամասն նկարագիրը.

5) սոցիալ-տնտեսական նշանակություն եւ ազդեցություն Տարածքի զարգացման վրա.

6) Հիմնական ռիսկերը եւ դրանց կանխարգելման ու նվազեցմանն ուղղված միջոցառումները.

7) Դիլիջան քաղաքի քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհրդի եզրակացությունը.

8) Այլ տեղեկություններ` ըստ Ծրագիրը ներկայացնող անձի հայեցողության:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում Ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերի նախագծումն ու շինարարությունն իրականացվում է էներգաարդյունավետության եւ էներգախնայողության պահանջների կիրառմամբ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում այն իրականացնող անձինք օգտվում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված արտոնություններից:

ԳԼՈՒԽ 3. ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված  7. Քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհուրդ

1. Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի, գոտիավորման, համայնքի քաղաքաշինական կանոնադրության, ճարտարապետական լուծումների, քաղաքաշինական նախագծերի, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրման, առաջարկվող ծրագրերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրման նպատակով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաք Դիլիջանում քաղաքաշինական գործունեության նորմատիվ իրավական ակտերով սահմանված պայմանների եւ պահանջների իրականացման նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող Դիլիջանի քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

2.  Խորհուրդը կազմված է 9 անդամից, որոնց կազմը հաստատում է Դիլիջանի ավագանին: Խորհրդի կազմը ձեւավորվում է՝ առնվազն 5 անդամ Դիլիջանում ներդրումային ծրագիր իրականացրած անձանց լիազոր ներկայացուցիչներից` ընդ որում ծրագիր իրականացրած յուրաքանչյուր անձ հնարավորություն ունենա ներկայացնելու մեկ  ներկայացուցչի թեկնածություն եւ ծրագիր իրականացրած անձանց կողմից սույն մասով սահմանված քանակից ավել թեկնածու ներկայացնելու դեպքում նշանակումն իրականացվում է առաջնահերթություն տալով այն անձանց, որոնց կողմից իրականացված ծրագրի ծավալը ավելի մեծ է, 1-ը՝ ավագանու անդամներից, իսկ 3-ը՝ բնակիչներից, որոնք քաղաքաշինության կամ ճարտարապետության բնագավառում ունեն առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

3. Խորհուրդը իր որոշումները կայացնում է ձայների պարզ մեծամասնությամբ;

4. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Տավուշի մարզպետը եւ Դիլիջանի քաղաքապետը կամ վերջիններիս լիազորված անձինք:

5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կազմից, գաղտնի քվեարկությամբ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6.  Խորհուրդը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը հաստատում է Դիլիջան քաղաքի ավագանու կողմից` նման առաջին խորհրդի ձեւավորումից հետո մեկամսյա ժամկետում ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:

7. Խորհրդի կանոնադրությամբ սահմանվում է Խորհրդի կազմավորման, խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման, աշխատանքների կազմակերպման, քննարկումների կազմակերպման եւ ուսումնասիրության իրականացման կարգը:

8. Խորհուրդն իր նիստին կարող է հրավիրել քննարկվող հարցին  Տավուշի մարզպետարանի եւ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետներին, աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներին, Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:

Հոդված  8. Խորհրդի իրավասությունը

1. Խորհուրդը Դիլիջանի քաղաքապետին տրամադրում է եզրակացություն

1) Դիլիջան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ Դիլիջան քաղաքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի եւ քաղաքաշինական գոտիավորման նախագծի, դրանց փոփոխությունների, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքների վերաբերյալ.

2) Դիլիջան քաղաքի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.

3) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնց պատվիրատուն է Դիլիջանի քաղաքը.

4) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, , համայնքի ավագանու սահմանած պայմաններով, սահմանված կարգով օգտագործման տրամադրվող համայնքի սեփականություն համարվող գույքերի կամ հողամասերի վերաբերյալ.

5) քաղաքաշինական զարգացման եւ կառուցապատման ներդրումային հայեցակարգերի վերաբերյալ.

6) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի (կամ նախագծման թույլտվություն) վերաբերյալ.

7) ճարտարապետաշինարարական նախագծերի, շինարարության (քանդման) թույլտվությունների վերաբերյալ.

8) ավարտված շինարարության շահագործման փաստագրման վերաբերյալ.

9) Տեղական նշանակության ավտոճանապարհներին արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաբերյալ.

10) համայնքի բնակավայրերի բարեկարգման եւ կանաչապատման նախագծերի վերաբերյալ:

2. Խորհրդի այլ իրավասությունն է՝

1) Ինքնակամ շինարարությունների կանխարգելման ու կասեցման, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով դրանց հետեւանքների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Տավուշի մարզպետին եւ/կամ Դիլիջանի քաղաքապետին.

2) Շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում եւ քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան կառուցապատման  ուսումնասիրության իրականացում եւ առաջարկների ներկայացում Տավուշի մարզպետին, Դիլիջանի քաղաքապետին.

3) Շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման ուսումնասիրություն իրականացում եւ առաջարկների ներկայացում Տավուշի մարզպետին, Դիլիջանի քաղաքապետին եւ/կամ ավագանուն.

4) Սույն օրենքով սահմանված արգելված գործունեության տեսակների ավելացման եւ/կամ փոփոխման վերաբերյալ առաջարկների ներկայացում Տավուշի մարզպետին, Դիլիջանի քաղաքապետին եւ/կամ ավագանուն.

5) Խորհրդի քննարկմանը ներկայացված ներդրումային ծրագրի վերաբերյալ եզրակացության տրամադրում ներդրումային ծրագրի նախագիծը ներկայացնող անձին:

3. Դիլիջանի քաղաքապետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքաշինական բնագավառին վերաբերող Խորհրդի առաջարկները հաշվի առնելով առնվազն 2 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկում է միջոցառումներ առաջարկությամբ ներկայացված խնդիրների ուղղությամբ:

4. Խորհրդի կողմից ընդունված այն եզրակացությունները եւ առաջարկությունները, որոնք դուրս են Դիլիջանի քաղաքապետի իրավասությունից, ենթակա են ներկայացման համապատասխան իրավասու կամ լիազոր մարմնի քննարկմանը Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով եւ ենթակա են քննարկման համապատասխան իրավասու մարմնի կողմից:

ԳԼՈՒԽ 4. ԴԻԼԻՋԱՆ  ՔԱՂԱՔՈՒՄ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված  9. Դիլիջան քաղաքի տարածքի իրավական ռեժիմը եւ Տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ հաստատման առանձնահատկությունները

1. Դիլիջան քաղաքը համարվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

2. Դիլիջան քաղաքի կառուցապատման համար նախատեսված գոտիների տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվում են քաղաքի գլխավոր հատակագծով եւ գոտիավորման նախագծով (նախագծերով):

3. Դիլիջան քաղաքում կիրառման համար նախատեսված` բնակելի կառուցապատման օբյեկտների սահմանված կարգով հաստատված օրինակելի նախագծերի կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  պարզեցված ընթացակարգով:

4. Քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերը տեղական ինքնակառավարման մարմնի հաստատմանը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

5. Դիլիջանի քաղաքապետը որոշումները ընդունելիս հաշվի է առնում Խորհրդի եզրակացությունը:

6. Դիլիջանի քաղաքապետը իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել Խորհրդի եզրակացությունը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում Դիլիջանի քաղաքապետը 3-օրյա ժամկետում հրավիրում է համայնքի ավագանու նիստ, որում ներկայացնելով  Խորհրդի եզրակացությունը չընդունելու պատճառները՝ քննարկվում է խորհրդի եզրակացությունը: Դիլիջանի ավագանին կարող է իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ հավանություն տալ խորհուրդի եզրակացությանը, որի դեպքում համայնքի ղեկավարը որոշում կայացնելիս առաջնորդվում է խորհուրդի եզրակացությամբ:

8. Կառուցապատման նպատակով տրամադրված թույլտվությունները երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

9. Դիլիջան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով տրամադրումն իրականացվում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատման իրականացման պայմանով, որը ներառում է քաղաքաշինական օբյեկտի  կառուցապատման եւ հողամասի կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նորմատիվային ժամկետները: Սույն մասով սահմանված ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում քաղաքաշինական օբյեկտի  կառուցապատման եւ հողամասի  կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները չիրականացնելու դեպքում վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձի տրամադրված գույքի պայմանագրերը դադարեցվում են:

ԳԼՈՒԽ 5. ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Հարկային եւ մաքսային արտոնություններ

1.  Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների շրջանակը, ըստ յուրաքանչյուր ծրագրի, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ծրագրի իրականացման շրջանակներում`

1) այն իրականացնող անձանց եւ ենթակապալառուների կողմից ապրանքների ներմուծումն (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից) ազատվում է ավելացված արժեքի հարկից.

2) այն իրականացնող անձանց եւ ենթակապալառուներին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից.

3) այն իրականացնող անձանց շահույթը` մինչեւ հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հարկումից.

4) այն իրականացնող անձանց կողմից ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից:

5) այն իրականացնող անձանց կողմից ֆիզիկական անձանցից անշարժ գույք  ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկով հարկումից:

3. Տարածքի համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված՝ համապատասխան համայնքի վարչական տարածքում իրականացված բնակելի, ինչպես նաեւ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի սեյսմակայունության, էներգետիկ արդյունավետության բարձրացման շինարարական աշխատանքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից:

4. Տարածքի համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի տարածքում հարկ վճարողներն արտադրական, հասարակական (բացի կրպակներից), նոր օբյեկտների կառուցապատման ժամանակ կարող են ազատվել հողի հարկի եւ գույքահարկի վճարումներից՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հոդված 11. Հարկային եւ մաքսային արտոնությունների դադարում

1. Ծրագիրը չկատարելու դեպքում այն իրականացնող անձանց մոտ առաջանում են լրացուցիչ պարտավորություններ` հարկային եւ մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով՝ արտոնություններից օգտվելու ամբողջ ժամանակահատվածի համար:

ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Դիլիջան քաղաքի՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա վարչական սահմաններում ապօրինի կառուցապատված ոչ բնակելի տարածքների օրինականացումն իրականացվում է սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը վեց ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ապօրինի կառուցապատված տարածքների չօրինականացման դեպքում կառուցապատված տարածքների օրինականացումը արգելվում է, եւ ենթակա է քանդման կառուցապատողի կողմից կամ նրա միջոցների հաշվին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ապօրինի կառուցապատված տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով.

5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, նախկինում տրամադրված ընդերքօգտագործման, Էլեկտրաէներգիայի արտադրության գործունեություն իրականացնող անձիք, ինչպես նաեւ կառուցման փուլում գտնվող փոքր Հիդրոէլեկտրոկայաները շարունակում են իրենց գործունեությունը:

6. Հայաստանի Հանրապետության  կառավարությունը վեց ամսվա ընթացքում իրականացնում է շահագործվող եւ շահագործման ենթակա հանքավայրերի, ինչպես նաեւ շահագործվող, կառուցման ընթացքում գտնվող եւ կառուցման թույլտվություն տրամադրված էլեկտրական էներգիա արտադրող հիդրոէլեկտրակայանների ուսումնասիրություն, գույքագրում եւ ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օրենսդրական կամ վարչական միջոցառումներ

7. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ծրագրերի նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ներկայացման, հավանության արժանացմանը եւ ծրագրերի նկատմամբ հսկողությունը իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

9.Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31 սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) եւ գոտիավորման նախագիծը (նախագծերը).

2) մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում է Դիլիջան քաղաքի քաղաքաշինական կանոնադրությունը.

3) երկու տարվա ընթացքում սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Տարածքի այլ համայնքների գլխավոր հատակագծերը, գոտիավորման նախագծերը եւ քաղաքաշինական կանոնադրությունները:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Դիլիջան քաղաքը եւ հարակից տարածքները որպես կրթական, պատմամշակութային, տուրիստական կենտրոնի ձեւավորման, քաղաքի եւ հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացման կարեւորությունից: Նախագիծը բխում է նաեւ Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի, գոտիավորման, քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունից:

Ներկայումս քաղաք Դիլիջանի եւ հարակից տարածքների զարգացման համար ստեղծվել են կարեւոր նախադրյալներ, մասնավորապես՝

1. Դիլիջան քաղաքի եւ հարակից տարածքների համակարգային ու ամբողջական զարգացման նպատակով ՀՀ վարչապետի 20.06.2013թ. թիվ 489-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, իսկ ՀՀ վարչապետի 22.11.2013թ. թիվ 1075-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիրը»: ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության նպատակն է պետության, համայնքի եւ մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի համակարգումը, իրականացվող ծրագրերին անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը, համայնքում իրականացվող ծրագրերում միջազգային կազմակերպությունների ներգրավումն ու տարբեր տեսակի ուսումնասիրությունների, վերլուծությունների եւ փորձաքննությունների անցկացման աջակցությունը:

2. «ՌՎՎԶ» հիմնադրամը եւ մի շարք հեղինակավոր անձիք իրականացնելով մեծածավալ ներդրումներ (Ծրագրի արժեքը ավելի քան 196 մլն դոլար) հիմնադրել են Դիլիջանի միջազգային դպրոցը, որի հիմնական նպատակն է վերածելու Հայաստանը համաշխարհային կրթական կենտրոնի:

3. ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ 2013 թվականի հունվար ամսից իր գործունեությունն է սկսել ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը», որը համարվում է ժամանակակից տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներով հագեցված կրթական հետազոտական համալիր,

4. ԱՅԲ հիմնադրամի եւ ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում 2013թ. Դիլիջանի կենտրոնական դպրոցը միացավ «Այբ» դպրոցների ընտանիքին,

5. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ուսուցման կենտրոնի վերակառուցման աշխատանքները, ինչի շրջանակներում համաձայն ՀՀ վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1075-Ա որոշման հաստատված Ծրագրի նախատեսվում է 2013-2015թթ. ընթացքում 5,396 մլն ՀՀ դրամ:

6. Տավուշի մարզում, մասնավորապես Դիլիջան քաղաքի տարբեր բնագավառներում խոշորամասշտաբ ներդրումներ եւ համայնքի զարգացմանն նպաստող միջոցառումներ են իրականացվում միջազգային կառույցների (ADB, EBRD, GIZ եւ այլն) կողմից, որոնց հեռանկարային նպատակն է խրախուսել քաղաքի տնտեսական եւ ենթակառուցվածքների աճի զարգացմանը:

Չնայած այն հանգամանքին, որ Դիլիջան քաղաքում վերջին տարիներին նկատվում են առանձին ծրագրերի արդյունավետ իրականացման փորձ, սակայն քաղաքի զարգացմանն անհրաժեշտ է ցուցաբերել հեռանկարային եւ համակարգային մոտեցում, որի ներքո մի շարք խնդիրների շտկումն ու կատարելագործումը արդիական է:

Հաշվի առնելով վերը նշված նախադրյալները, ինչպես նաեւ Դիլիջան քաղաքի պատմամշակութային ճարտարապետական առանձնահատկությունները եւ բնակլիմայական ու աշխարհագրական դիրքով պայմանավորված առավելությունները՝ առկա է բացառիկ հնարավորություն իրականացնել քաղաքաշինական, քաղաքի զարգացման յուրօրինակ միջազգային նշանակության ծրագրեր:
Օրենքի խնդիրները

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակով ստեղծել բոլոր այն իրավական հիմքերը, որոնք հնարավորություն կընձեռեն կարգավորելու եւ կանոնակարգելու Դիլիջան քաղաքում առկա խնդիրների վերացումը եւ կձեւավորեն համակարգային զարգացման նախադրյալներ, Մասնավորապես՝

1.   Քաղաքաշինության բնագավառ.

2. Ներդրումային միջավայր. 3.   Արգելված գործունեության տեսակների

Օրենքով Նախատեսվում են Դիլիջան քաղաքում եւ հարակից տարածքներում գործունեության այնպիսի տեսակների արգելում, որոնք բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, դրանք են՝ Հանքագործական արդյունաբերություն, Էլեկտրաէներգիայի արտադրություն (բացառությամբ արեւային, հողմային, երկրաջերմային եւ կենսազանգվածի  էներգիայի), Քիմիական եւ բնության համար բացասական ազդեցություն ունեցող եւ այլ գործունեության տեսակներ:

Օրենքի անհրաժեշտությունը
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» եւ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» եւ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Ձեզ եմ ներկայացնում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում  շրջակա միջավայրի oբյեկտների՝  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա` հաշվի առնելով, որ սույն «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի խնդիրներից է նաեւ Բնության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության բացառումը, ինչպես նաեւ նախատեսվում է ամրագրել  «մաքուր քաղաք» եւ «կանաչ քաղաք» հայեցակարգի ներդրման սկզբունքը:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասի, եթե «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Դիլիջան քաղաքի գոտիավորման նախագծերով առանձնացված տարածքներում «Դիլիջան» ազգային պարկին ամրացված հողեր չներառվեն:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումային ծրագրերի խրախուսման ու իրականացման նպատակով ներդրումային ծրագրերի հաստատման եւ իրականացման կարգը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել Դիլիջան քաղաքի եւ հարակից տարածքների զարգացման, ներդրումային ծրագրերի խրախուսման ու իրականացման նպատակներ, որոնց իրագործման արդյունքում հնարավոր է ստեղծել ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայր, եւ վերջինիս ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարող է նախատեսվել որոշակի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» եւ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով, մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ՝

1)  Դիլիջանի տարածաշրջանի զարգացման կամ քաղաքաշինական կառուցապատման ծրագիր իրականացնող կազմակերպությունները եւ վերջին անմիջական ենթակապալառուները ազատվում են ԱԱՀ-ից,

2)  նշյալ ծրագրերն իրականացնող կազմակերպություններին կատարվող մատակարարումներն ազատվում են ԱԱՀ-ից,

3)  ծրագրերն իրականացնող անձանց շահույթը` մինչեւ հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հարկումից,

4)  ծրագրերն իրականացնող անձանց կողմից ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից,

5)  ծրագրերն իրականացնող անձանց կողմից ֆիզիկական անձանցից անշարժ գույք  ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկով հարկումից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ համայնքների բյուջեների եկամուտների վրա ազդեցությունը չեզոք է:

Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել Դիլիջան քաղաքի եւ հարակից տարածքների քաղաքաշինական փաստաթղթերի՝ գլխավոր հատակագծերի, գոտիավորման նախագծերի եւ քաղաքաշինական կանոնադրությունների հաստատման վերջնաժամկետներ, մինչդեռ այդ փաստաթղթերի մշակումը կարող է հանգեցնել ՀՀ պետական, ինչպես նաեւ Դիլիջան քաղաքային եւ հարակից տարածքների համայնքների բյուջեների ծախսերի ավելացմանը, որը գնահատել հնարավոր չէ, քանի որ ներկայացված չէ ՀՀ կառավարության 2012 ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով նախատեսված համապատասխան տեղեկատվությունը:

Հարկ է նշել, որ նշված նպատակների համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով եւ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի N 23.16/237621-15 որոշման 2-րդ կետով հաստատված ՀՀ պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2016-2017 թվականների ճշգրտված եւ 2018 թվականի կողմնորոշիչ չափաքանակներով միջոցներ նախատեսված չեն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» եւ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» եւ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: