Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-7962-26.05.2015,11.06.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն Օրենքը տարածվում է նաեւ առեւտրային բնույթ չունեցող վեճերի վրա, եթե օրենքով նախատեսված է վեճն արբիտրաժային կարգով լուծելու հնարավորություն։»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

««առեւտրային» հասկացությունը ներառում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առեւտրային բնույթի բոլոր վեճերը:  Առեւտրային բնույթը, առանց սահմանափակման մասնավորապես, ներառում է` բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների եւ նրանց հաճախորդների միջեւ կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման եւ փոխանակման, ու ծառայությունների մատուցման, առեւտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձեւերի, ծովային, օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները.»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «կամ փոստային հասցեով:» բառերը փոխարինել «կամ հաղորդակցությունն ապահովող կապի այլ միջոցներով:» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Արբիտրաժին աջակցող եւ վերահսկող դատարանը

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 13-րդ հոդվածի 3-րդ մասով, 14-րդ հոդվածով, 27-րդ հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնում է  արբիտրաժի գտնվելու վայրի դատարանը:

2. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-36.2-րդ հոդվածներով նախատեսված գործառույթներն իրականացնում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում.

1)  1-ին մասում «բացառությամբ, եթե գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ չի կարող կատարվել» բառերը փոխարինել «եթե այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ երբ արբիտրաժային համաձայնության առկայությունը օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը:» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս. «Ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ սպառողների կնքված պայմանագրերով նախատեսված արբիտրաժային համաձայնությունը, որը կարող է լինել ինչպես պայմանագրում ներառված վերապահման ձեւով, այնպես էլ որպես դրա բաղկացուցիչ մաս, հավելված կամ պայմանագիր կնքելու գործընթացի պայման, չի զրկում սպառողին պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը դատարանին հանձնելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճի ծագումից հետո, որով սպառողն անվերապահորեն համաձայնել է վեճը հանձնել արբիտրաժի լուծմանը: Սույն մասի դրույթները տարածվում են նաեւ ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Արբիտր չի կարող լինել դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված,   հանցագործության կատարելու համար դատապարտված անձը, ինչպես նաեւ այն անձը որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն? «Արբիտրի մահվան (ներառյալ դատարանի վճռով` մահացած ճանաչելու), կամ նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում, արբիտրի լիազորությունները դադարում են:»

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արբիտրաժային տրիբունալը իրավասու է, իսկ արբիտրաժային համաձայնությունը վիճարկելու դեպքում պարտավոր է առաջնահերթ քննել եւ որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ: Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը հանդիսանում է պայմանագրի բաղկացուցիչ մաս, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն: Պայմանագրի առոչինչ լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը ինքնին կամ օրենքի ուժով չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերության:».

2) 3-րդ մասում «գործն» բառը փոխարինել «վեճն» բառով:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արբիտրաժային տրիբունալը կարող է ցանկացած կողմից պահանջել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող, այդ թվում նախնական կարգադրությունների հետ կապված ապահովում կամ հակընդդեմ ապահովում՝ հայցի ապահովման միջոցների կամ հայցի ապահովման միջոցներին չվնասելու մասին նախնական կարգադրության կիրառմամբ մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասները կանխելու կամ հատուցելու, ինչպես նաեւ ապացույցները պահպանելու  նպատակով:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել 17.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 17.1. Հայցի ապահովման միջոցներ կիրառելու պայմանները

Սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված հայցի ապահովման միջոցներ կիրառելու դիմում ներկայացնող կողմն արբիտրաժային տրիբունալին հիմնավորում է, որ՝ հայցի ապահովման միջոց չկիրառելու դեպքում կհասցվի այնպիսի վնաս, որը հնարավոր չէ համապատասխանաբար վերականգնել վնասները հատուցելու միջոցով, եւ այդ վնասը զգալիորեն կգերազանցի այն վնասը, որը կհասցվի այն կողմին, որի նկատմամբ կիրառվելու է միջոցը:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 եւ 4.2 գլուխներով.

«ԳԼՈՒԽ 4.1.

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 17.2. Նախնական կարգադրություններ տալու մասին միջնորդությունները եւ նախնական կարգադրություններ տալու պայմանները

1. Կողմերից մեկը կարող է առանց արբիտրաժային վարույթի մյուս կողմին ծանուցելու դիմել հայցի ապահովման միջոց կիրառելու համար՝ միաժամանակ ներկայացնելով միջնորդություն նախնական կարգադրություն տալու մասին, որով կողմից պահանջվում է չվնասել հայցի ապահովման հայցվող միջոցը, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Արբիտրաժային տրիբունալը կարող է արձակել նախնական կարգադրություն, եթե գտնի, որ հայցի ապահովման միջոց կիրառելու դիմումի մասին նախապես այն կողմին տեղեկացնելը, որի դեմ այն ուղղված է, կարող է անհնարին դարձնել հայցի ապահովման միջոցի կատարումը:

3. Սույն օրենքի 17.1. հոդվածում նշված պայմանները կիրառվում են ցանկացած նախնական կարգադրության նկատմամբ, իսկ հոդվածում նշված վնասը այն վնասն է, որը կառաջանա կարգադրությունը տալու կամ չտալու հետեւանքով:

Հոդված 17.3.  Նախնական կարգադրությունների համար հատուկ ռեժիմը

1. Արբիտրաժային տրիբունալի կողմից նախնական կարգադրություն տալու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելուց անմիջապես հետո արբիտրաժային տրիբունալը բոլոր կողմերին ծանուցում է հայցի ապահովման միջոց սահմանելու դիմումի, նախնական կարգադրություն տալու մասին միջնորդության, առկայության դեպքում՝ նախնական կարգադրության եւ կողմերից յուրաքանչյուրի եւ արբիտրաժային տրիբունալի միջեւ դրանց վերաբերյալ մյուս բոլոր հաղորդագրությունների մասին, այդ թվում՝ նշելով ցանկացած բանավոր հաղորդագրության բովանդակությունը:

2. Արբիտրաժային տրիբունալը յուրաքանչյուր կողմի հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իր դիրքորոշումը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր դեպքերում` ծանուցումը ստանալուց հետո երկօրյա ժամկետում:

3. Արբիտրաժային տրիբունալն որոշում է կայացնում նախնական կարգադրության դեմ ներկայացված ցանկացած առարկության վերաբերյալ՝ ոչ ուշ քան այդ առարկությունները ներկայացվելուց հետո երկօրյա ժամկետում` որոշելով բավարարել հայցի ապահովման միջոցը չվնասելու վերաբերյալ միջնորդությունը կամ մերժելով ներկայացված միջնորդությունը:

4. Նախնական կարգադրության գործողությունը դադարում է արբիտրաժային տրիբունալի կողմից այդ մասին որոշումն ընդունվելու օրվանից քսան օր հետո: Արբիտրաժային տրիբունալը, կարող է սահմանել հայցի ապահովման միջոց՝ ընդունելով կամ փոփոխելով նախնական կարգադրությունը՝ նրանից հետո, երբ այն կողմը, որի համար նախատեսված է նախնական կարգադրությունը, ծանուցվել եւ հնարավորություն է ստացել ներկայացնելու իր դիրքորոշումը:

5. Նախնական կարգադրությունը պարտադիր է կողմերի համար: Այդպիսի նախնական կարգադրությունը վճիռ չի համարվում:

ԳԼՈՒԽ 4.2.

ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 17.4.  Հայցի ապահովման միջոցների եւ նախնական կարգադրությունների փոփոխումը, կասեցումը եւ դադարեցումը

Արբիտրաժային տրիբունալը կարող է փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել իր կողմից սահմանված` հայցի ապահովման միջոցը կամ նախնական կարգադրությունը՝ կողմերից մեկի դիմումի հիման վրա, կամ բացառիկ դեպքերում կողմերին նախապես ծանուցելուց հետո՝ իր նախաձեռնությամբ:

Հոդված 17.5. Տեղեկությունների տրամադրումը

1. Արբիտրաժային տրիբունալը կարող է արբիտրաժային վարույթի ցանկացած կողմից պահանջել անհապաղ հայտնել այն հանգամանքների ցանկացած էական փոփոխության մասին, որոնց հիման վրա ներկայացվել է հայցի ապահովման միջոցը սահմանելու դիմում կամ որոնց հիման վրա սահմանվել է հայցի ապահովման միջոցը:

2. Նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմը արբիտրաժային տրիբունալին հայտնում է բոլոր այն հանգամանքների մասին, որոնք, վերաբերելի են արբիտրաժային տրիբունալի՝ կարգադրություն տալու կամ այն պահպանելու մասին որոշմանը, եւ այդ պարտավորությունը շարունակում է գործել, քանի դեռ այն կողմին, որի համար նախատեսված է կարգադրությունը, չի տրամադրվել իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն:

Հոդված 17.6. Ծախսերը

1.   Հայցի ապահովման միջոց կամ նախնական կարգադրություն սահմանված լինելու դեպքում արբիտրաժային տրիբունալը վեճը ըստ էության լուծող որոշման մեջ կամ միջանկյալ դատական ակտում անդրադառնում է այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետեւանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասներին, ինչպես նաեւ կարող է արձանագրել, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր:

2. Հայցի ապահովման միջոց սահմանելու դիմում կամ նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմը պատասխանատվություն է կրում այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետեւանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասների համար, եթե արբիտրաժային տրիբունալը հետագայում որոշում է, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր: Արբիտրաժային տրիբունալը վնասների հատուցման մասին հարցը լուծում է վերջնական վճռում:

3.   Արբիտրաժային տրիբունալը սույն հոդվածի 1–ին մասում նշված հարցերին անդրադառնում է միջանկյալ դատական ակտի ընդունմամբ իր նախաձեռնությամբ կամ այն կողմի միջնորդությամբ ում նկատմամբ կիրառվել է հայցի ապահովումը կամ ընդունվել նախնական կարգադրությունը:

Հոդված 17.7. Դատարանի կողմից սահմանվող` հայցի ապահովման միջոցները

Արբիտրաժային վարույթի շրջանակներում դատարանն ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցի ապահովման միջոցներ կիրառելու նույն իրավասությունը:»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը սույն օրենքի դրույթների պահպանմամբ արբիտրաժային վարույթն իրականացնում է արբիտրաժի կանոնակարգով սահմանված ձեւով, իսկ արբիտրաժի կանոնակարգով նման ձեւ սահմանված չլինելու դեպքում` արբիտրաժային վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացակարգային կանոններով:»:

Հոդված. 13. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն արբիտրաժի վայրի ընտրության դեպքում արբիտրաժի վայրի օրենքը շարունակվում է կիրառվել՝ անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով արբիտրաժային տրիբունալի կողմից նիստերն այլ վայրում անցկացնելու հանգամանքից:»:

Հոդված. 14. Օրենքի 26-րդ հոդվածը

1) 1-ին մասում «արբիտրաժային տրիբունալը» բառերից հետո լրացնել «իր նախաձեռնությամբ կամ արբիտրաժային վարույթի կողմի միջնորդությամբ» բառերը:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման արբիտրաժային տրիբունալի կողմից:»:

Հոդված. 15. Օրենքի 28-րդ հոդվածում

1) 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Այն դեպքում, երբ արբիտրաժային տրիբունալի կողմից ընտրված իրավունքն այլ է, քան արբիտրաժի վայրի իրավունքը, ապա արբիտրաժային տրիբունալը պարտավոր է պատճառաբանել այդ ընտրությունը:»:

2) Լրացնել 2.1. մաս հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնից անկախ, կողմերի համաձայնության բացակայության դեպքում, արբիտրաժի վայրը Հայաստանի Հանրապետությունը եւ արբիտրաժի կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ լինելու դեպքում` արբիտրաժային տրիբունալը վեճը լուծելիս կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի նորմերը:»:

3) 4-րդ մասում «առեւտրային սովորույթները» բառերից առաջ լրացնել «իրավունքը եւ» բառերը:

Հոդված. 16. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է լինի պատճառաբանված,  բացառությամբ, երբ կողմերը համաձայնվել են, որ պատճառաբանություններ չպետք է նշվեն վճռում, կամ եթե սույն օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ: Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալի վճռում պետք է նշվեն նաեւ արբիտրաժային  ծախսերը եւ դրանց բաշխումը կողմերի միջեւ:

Արբիտրաժային վճռի կամ դրա որեւէ պատճառաբանության հետ չհամաձայնվելու դեպքում, յուրաքանչյուր արբիտր իրավունք ունի ներկայացնել հատուկ կարծիք:»:

Հոդված. 17. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության «սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի կողմից» բառերը փոխարինել «սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի կողմից» բառերով:

Հոդված 18. Օրենքի 36-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«վճռի ճանաչումը կամ կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:»:

Հոդված. 19.  Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ԳԼՈՒԽ 8.1-ով եւ ԳԼՈՒԽ 8.2-ով.

«ԳԼՈՒԽ 8.1.

ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 36.1. Հայցի ապահովման մասին որոշումների ճանաչումը եւ կատարումը

1. Արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված՝ հայցի ապահովման միջոցը  ճանաչվում է որպես պարտադիր միջոց եւ, եթե արբիտրաժային տրիբունալի կողմից այլ բան նախատեսված չէ, ապա կատարվում է իրավասու դատարան միջնորդություն ներկայացնելու միջոցով՝  հաշվի առնելով սույն օրենքի 36.2 հոդվածի դրույթները:

2. Այն կողմը, որը հայցում է հայցի ապահովման միջոցի ճանաչում կամ կատարում կամ որի համապատասխան հայցը բավարարվել է, անհապաղ տեղեկացնում է դատարանին հայցի ապահովման այդ միջոցը դադարեցնելու, կասեցնելու կամ փոփոխելու մասին:

3. Հայցի ապահովման միջոցը ճանաչելու կամ կատարելու հարց քննող դատարանը կարող է հայցող կողմին պարտավորեցնել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում՝ հայցի ապահովման միջոցների կիրառմամբ մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասները կանխելու կամ հատուցելու նպատակով, եթե արբիտրաժային տրիբունալն արդեն իսկ չի կայացրել որոշում ապահովման առնչությամբ, կամ եթե այդպիսի որոշումն անհրաժեշտ է երրորդ անձանց իրավունքները պաշտպանելու համար:

Հոդված 36.2. Հայցի ապահովման միջոցի ճանաչումը կամ կատարումը մերժելու հիմքերը

1. Հայցի ապահովման միջոցի ճանաչումը կամ կատարումը կարող է մերժվել միայն՝

1) այն կողմի խնդրանքով, որին դա վերաբերում է, եթե դատարանը պարզում է, որ՝

ա) այդպիսի մերժումն արդարացված է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» կամ «բ» կամ «գ» կամ «դ» ենթակետերից որեւէ մեկով սահմանված հիմքերով, կամ

բ) արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված՝ հայցի ապահովման միջոցի հետ կապված ապահովում տրամադրելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը չի կատարվել, կամ

գ) հայցի ապահովման միջոցը դադարեցվել կամ կասեցվել է արբիտրաժային տրիբունալի կողմից, կամ համապատասխան իրավասություն ունենալու դեպքում՝ այն պետության դատարանի կողմից, որտեղ տեղի է ունենում արբիտրաժը, կամ որի օրենքի համաձայն հայցի ապահովման այդ միջոցը սահմանվել է, կամ

2) Եթե դատարանը գտնում է, որ

ա) հայցի ապահովման միջոցն անհամատեղելի է դատարանին վերապահված իրավասության հետ, եթե դատարանը չի որոշում վերաձեւակերպել հայցի ապահովման միջոցն այն չափով, որն անհրաժեշտ է՝ այն իր իրավասությանը եւ ընթացակարգերին համապատասխանեցնելու համար՝ հայցի ապահովման այդ միջոցը կատարելու նպատակով եւ առանց դրա բովանդակությունը փոփոխելու, կամ

բ) առկա է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետում նշված հիմքերից որեւէ մեկը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ հիմքով դատարանի կողմից ընդունված ցանկացած որոշում գործում է միայն հայցի ապահովման միջոցը ճանաչելու եւ կատարելու մասին միջնորդության նպատակներով: Այն դատարանը, որին ներկայացվել է ճանաչման կամ կատարման մասին պահանջ, այդ որոշումն ընդունելիս չի վերանայում հայցի ապահովման միջոցի բովանդակությունը:

ԳԼՈՒԽ 8.2

ԱՐԲԻՏՐԻ ԳՈՐԾՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 36.3. Արբիտրի գործունեության սկզբունքները

1. Արբիտրաժային վարույթի ընթացքում արբիտրը պարտավոր է առաջնորդվել հետեւյալ սկզբունքներով՝

1) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին

2) ապահովել արբիտրաժի արդարությունը եւ անկողմնակալությունը.

3) բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը հնարավոր է, որ բացասաբար անդրադառնա արբիտրաժային տրիբունալի անկողմնակալության վրա.

4) ապահովել հավասար, հարգալից եւ անկողմնակալ վերաբերմունք արբիտրաժի բոլոր կողմերի եւ մասնակիցների նկատմամբ.

5) արբիտրաժի բոլոր կողմերին եւ մասնակիցներին բացատրել արբիտրաժի լիազորություններն ու արբիտրաժի կանոնները.

6) պահպանել արբիտրաժի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը.

7) զերծ մնալ ոչ պատշաճ վարքագծից.

8) ղեկավարվել արդարության, օրինականության եւ ազնվության սկզբունքներով:

Հոդված 36.4.  Արբիտրի վարքագծի կանոնները

1. Մշտապես գործող յուրաքանչյուր արբիտրաժային հաստատություն կարող է սահմանել վարքագծի կանոններ՝ սույն Օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին եւ կանոններին համապատասխան:

2. Արբիտրի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր արբիտրների համար:

Հոդված 36.4. Վարքագծի կանոնների նպատակը եւ դրանց պահպանմանը հետեւելու պարտականությունը

1. Արբիտրը պետք է ձգտի իր գործունեությամբ եւ վարքագծով ապահովել սույն օրենքի 36.3-րդ սահմանված սկզբունքների իրականացումը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացնելուն:

2. Արբիտրը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորելուն՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանելու նկատմամբ:

3. Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունները, արբիտրների վարքագծի կանոններ ընդունելիս, պարտավոր են ապահովել սույն հոդվածով սահմանված սկզբունքների իրականացումը:»:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում կատարելու մասին,  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

Վեճերի արտադատական եղանակով լուծման խթանմանն ուղղված լուրջ քայլ էր ՄԱԿ-ի ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի մոդելային օրենքի դրույթների եւ սկզբունքների վրա հիմնված «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(այսուհետ նաեւ` Օրենք)  ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 25-ին: Օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական հենք ձեւավորեց Հայաստանում արբիտրաժային գործընթացի իրականացման համար: Այդուհանդերձ, արբիտրաժային մեծ փորձ եւ մշակույթ չունեցող երկրների համար արբիտրաժը խթանելուն ուղղված շարունակական եւ համակարգված քայլեր են անհրաժեշտ: Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի ինստիտուտը կայացնելու համար դեռեւս առկա է թեԲ որակյալ արբիտր մասնագետների եւ թեԲ դատարանների կողմից արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման, չեղյալ ճանաչման, արբիտրների նշանակման եւ դատարանների կողմից արբիտրաժի նկատմամբ վերահսկողության այլ ոլորտներում ձեւավորված փորձի պակաս: Այս խնդիրների լուծման համար հաջորդ փուլում նախատեսվում է մի շարք միջոցառումների իրականացում, այն է` արբիտրների ուսուցում, դատավորների համար թեմատիկ դասընթացների ներառում, ինչպես նաեւ ճանաչված միջազգային արբիտրների մասնակցությամբ օրինակելի արբիտրաժների իրականացում:

Ավելին, Օրենքի գործողությունը տարածվում է առեւտրային արբիտրաժին առնչվող հարաբերությունների վրա: Մինչդեռ արբիտրաժային մշակույթի խթանումը պահանջում է նաեւ այլ իրավահարաբերություններից բխող վեճերը արբիտրաժի ընթացակարգերով լուծման հանձնելու օրենսդրական կարգավորումների հստակեցում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան, աշխատանքային, սպառողական կարիքների համար կնքված քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող վեճերին: Արբիտրաժի միջոցով լուծման ենթակա վեճերի շրջանակի ընդլայնմանը զուգահեռ  անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսել սպառողների շահերի պաշտպանության որոշակի մեխանիզմներ՝ ուղղված վեճը պետական դատարանին հանձնելու իրավունքից զրկելուն եւ արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը պարտադրելու կանխարգելմանը: Օրենսդրական երաշխիքները պետք է ուղղված լինեն այնպիսի իրավիճակների կանխարգելմանը, երբ արբիտրաժի միջոցով վեճի լուծման համաձայնությունը ձեռք է բերվել մասնավորապես, կողմերի փաստացի անհավասար վիճակից օգտվելով (օրինակ՝ սպառողների կողմից կնքվող առուվաճառքի կամ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման միանալու պայմանագրերում) կամ սպառողի/աշխատողի կողմից արբիտրաժի էության չընկալման կամ  պայմանագրում արբիտրաժային համաձայնությունը չնկատելու արդյունքում:

Արբիտրաժի միջոցով վեճերի քննության հեղինակության բարձրացման եւ գործերի քննության ընթացակարգերի կատարելագործման առումով անհրաժեշտ է միջազգային փորձագետների եւ տեղական շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ մշակել արբիտրների էթիկայի եւ արբիտրաժում վարույթի տիպային կանոններ, խթանել համագործակցությունը միջազգային արբիտրների հետ՝ Հայաստանում տեղական կարողությունները զարգացնելու նպատակով համատեղ ուսուցողական արբիտրաժներ իրականացնելու ուղղությամբ:

«Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների կատարումը նախ եւ առաջ պայմանավորված է վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առեւտրային արբիտրաժի ինստիտուտը կատարելագործվելու համար: Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առավել հեռանկարայիններից մեկը, հատկապես տնտեսական, առեւտրային (ներկայումս զարգացում է ապրում նաեւ ընտանեկան եւ աշխատանքային) վեճերը աստիճանաբար քննության առարկա են դառնում հենց արբիտրաժային տրիբունալների կողմից: Օրենքը ՀՀ-ում ընդունվել է 2006թ., իսկ Օրենքի մշակման համար որպես ելակետային բազա է ծառայել «Միջազգային առեւտրային արբիտրաժի մասին» մոդելային օրենքը (այսուհետ` Մոդելային օրենք)` ընդունված Միավորված ազգերի կազմակերպության՝ Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից 1985 թվականի հունիսի 21-ին: Սակայն, Օրենքի ընդունումից հետո Հանձնաժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին Մոդելային օրենքը լրացրել է նոր ինստիտուցիոնալ կարգավորումներով, որոնք Օրենքում ներառված չեն եղել: Բացի այդ առեւտրային արբիտրաժի զարգացումը ՀՀ-ում ստիպում է որոշակի ընդհանուր կանոններ սահմանել արբիտրների վարքագծի նկատմամբ, քանի որ զսպումների ու հակակշիռների բացակայությունը արբիտրաժային վարույթի ընթացքում կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ արբիտրները դրսեւորեն որոշակի կամայականություններ:

Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս վկայել, որ օրեցօր ոչ միայն առեւտրային իրավահարաբերությունների, այլեւ այլ իրավահարաբերությունների հետ կապված վեճերն աստիճանաբար ուղղվում եմ վեճերի լուծման արտադատական մարմիններին, ինչպիսին է արբիտրաժը, հաշտարարը եւ ֆինանսական համակարգի հաշտարարը: Ուստի կատարված ուսումնասիրությունների արդյունքում, խթանելու համար արբիտրաժի ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացման հեռանկարը եւ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը  հասունացել է այն պահը, որպեսզի որոշակի իրավահարաբերություններով կապված վեճերը եւս հնարավոր լինի քննել արտադատական կարգով` արբիտրաժի միջոցով: Որպես սկզբնական քայլ նպատակահարմար է աշխատանքային եւ սպառողական իրավահարաբերությունների հետ կապված, ինչպես նաեւ ամուսնաընտանեկան իրավահարաբերություններից ծագած որոշ (խոսքը վերաբերում է ամուսինների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու հետ կապված իրավահարաբերություններին) վեճերի քննության նախատեսումը արբիտրաժի միջոցով:

ԵՎ եթե աշխատանքային եւ սպառողական իրավահարաբերությունների հետ կապված վեճերով արբիտրաժի ներդրումը առավել տարածված մոդել է, ապա ընտանեկան վեճերով արբիտրաժի ներդրումը ունի որոշակի առանձնահատկություններ:

Այսպես. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կանադայում, ԱՄՆ-ում, Ավտրալիայում, Բելգիայում գործում են անգամ ընտանեկան արբիտրաժներ, իսկ օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի Հանրապետությունում եւ Կազախստանի Հանրապետությունում գործող «Միջնորդ դատարանների մասին» օրենքներում չնայած ուղղակիորեն չի նախատեսվում, որ ամուսնաընտանեկան վեճերը կարող են լուծվել միջնորդ դատարանների միջոցով, այնուամենայնիվ Օրենքի մեկնաբանությունից եւ իրավակիրառ պրակտիկայից բխում է, որ ամուսնաընտանեկան այն վեճերը, որոնք կապված եմ ամուսինների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու հետ, կարող են դառնալ միջնորդ դատարանների քննության առարկա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ երկրներից առաջին խմբով  (Կանադա, ԱՄՆ, Ավտրալիա, Բելգիա) որեւէ սահմանափակում չկա ամուսնաընտանեկան վեճերը արբիտրաժի միջոցով լուծելու հարցում (այսինքն` այս երկրներում հենց նույն ալիմենտի չափի որոշման, երեխաների խնամքի ու դաստիարակության վայրի որոշման, ծնողական իրավունքից զրկելու հետ կապված վեճերը եւս կարող են արբիտրաժի քննության առարկա դառնալ), միեւնույն ժամանակ հաշվի առնելով նույն երկրների իրավական համակարգի առանձնահատկությունները, այս մոդելի ընտրությունը կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար արդիական չի կարող համարվել:

Միեւնույն ժամանակ երկրորդ խումբ երկրների (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն եւ Կազախստանի Հանրապետություն) որդեգրված մոդելը շատ ավելի արդյունավետ է եւ բացի այդ այս երկրների իրավական համակարգերն առավել մոտ են Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին, ուստի կարծում ենք, որ արբիտրաժի կարգով վեճերի լուծումը ամուսնաընտանեկան հարաբերություններում ծագած վեճերով ինստիտուտի ներդնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հենց այս երկրների որդեգրված մոդելով: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի կարգով վեճերի լուծում նախատեսել նաեւ ամուսինների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու հետ կապված իրավահարաբերություններում:

Այդ իսկ պատճառով նախատեսվել է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում, «Սպառողների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ ընտանեկան օրենսգրքում` արբիտրաժի միջոցով ծագած վեճերը լուծելու համար:

Բացի այդ շատ կարեւոր ինստիտուցիոնալ խնդիրների լուծում է առաջարկվել ՀՀ նախագահի 30.06.2012թ. ՆԿ-96-Ա կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրերից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին (այսուհետ` Կարգադրություն): Ի թիվս այլ խնդիրների, որոնց լուծման մասին խոսվեց վերը` Կարգադրությամբ նաեւ հստակ մտահոգություն է արտահայտված այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ է կատարելագործել եւ խթանել արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները (ՏեԲս Կարգադրության 10.1 կետը):

Կարգադրության 10.1. կետով առկա խնդիրն առավել քան արդիական է ներկայիս իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումները դատական պրակտիկայի զարգացումներն այլ ուղղությամբ են տարել` սահմանափակելով մի շարք իրավահարաբերություններից ծագած վեճեր առեւտրային արբիտրաժի միջոցով լուծելու հնարավորությունը (ՏեԲս օրինակ` ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014թ. թիվ ԵԿԴ/1910/02/13 քաղաքացիական գործով որոշումը): Խնդիրը, մասնավորապես, կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործող խմբագրության 12-րդ հոդվածի մեկնաբանությունից է միայն անուղղակի պարզ դառնում, որ արբիտրաժային տրիբունալը եւս սույն օրենսգրքի իմաստով դիտվում է դատարան, սակայն հենց այստեղից էլ գալիս է անորոշությունը, քանի որ նախ անհասկանալի է, թե խոսքը միայն սույն հոդվածի իմաստով արբիտրաժային տրիբունալի` դատարանին հավասարեցնելուն է վերաբերում, առավել եւս, որ սույն հոդվածն ուղղված է կարգավորելու նախ եւ առաջ քաղաքացիական իրավունքներն իրականացնելու սահմանները, թե նույն քաղաքացիական իրավունքների պաշտպանություն իրականացնելու միջոցների իմաստով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մաս) եւս արբիտրաժային տրիբունալը կարող է դիտվել դատարան:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

07.07.2006թ. խմբագրությամբ Մոդելային օրենքով նախատեսվում էին մի շարք լրացումներ, որոնք, պայմանականորեն կարելի է ընդհանրացնել հետեւյալ խմբերով.

Բացի վերոնշյալ խնդիրներից, առկա են նաեւ որոշակի այլ ընթացիկ խնդիրներ` կապված Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հետ, որոնք չնայած անմիջականորեն կապված չեն 07.07.2006թ. Մոդելային օրենքը լրացնելու հետ, սակայն իրենց կարեւորությամբ չեն զիջում նրանց: Որպես այդպիսին, նախ եւ առաջ անհրաժեշտ ենք հանդիսանում նշել, որ Օրենքում բացակայում են արբիտրի վարքագծի կանոններ, մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ եվրոպական շատ երկրներում, որտեղ առեւտրային արբիտրաժը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ինստիտուտ, արբիտրների նկատմամբ գոնե նվազագույն վարքագծի կանոններ սահմանված են եւ չեն բացառում հնարավորությունը, որ հենց նույն մշտապես գործող արբիտրաժային հաստատությունների կողմից էլ սահմանվեն այլ վարքագծի կանոններ արբիտրների նկատմամբ:

Կարեւոր խնդիրներից է նաեւ արբիտրաժային տրիբունալի վճիռների կատարման եւ չեղյալ ճանաչման ընթացակարգերի դատավարական տարանջատումը եւ հստակեցումը՝ հաշվի առնելով արբիտրաժի խթանման եւ արբիտրաժային վճիռների առավել արդյունավետ կատարման նկատառումները:

Ոչ պակաս կարեւորություն ունի նաեւ այն խնդիրը, որ գործող իրավակարգավորման պայմաններում միայն առեւտրային բնույթ ունեցող վեճերն են ենթակա քննության արբիտրաժի կողմից, որի պայմաններում աշխատանքային եւ սպառողների առընչվող իրավահարաբերություններից ծագած վեճերը, ինչպես նաեւ ամուսնաընտանեկան որոշ իրավահարաբերություններից ծագող վեճերը դուրս են մնում արբիտրաժի կողմից քննված լինելու հնարավորությունից:

Արբիտրի նկատմամբ ՀՀ գործող օրենսդրությունը սահմանում է նվազագույն պահանջներ, որոնք, սակայն, գտնում ենք, որ առավել խիստ պետք է լինեն, քան նախատեսված են գործող օրենսդրությամբ, քանի որ դա առաջին հերթին կնպաստի արբիտրաժային կարգով վեճերի լուծման ինստիտուտի նկատմմաբ արբիտրաժային վարույթի մասնակիցների վստահությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ տեսականորեն հնարավոր բազմաթիվ անիրատեսելի պայմաններում մի խումբ անձանց արբիտր լինելը հաշվի առնելով (օրինակ` գործող իրավակարգավորումները թույլ են տալիս ասել, որ արբիտր կարող է լինել անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը կամ դատարանի մեղադրական դատավճռով ազատազրկման դատապարտված անձը եւ այլն):

3. Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարումը չի հանգեցնի այլ օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարման, ուստի նպատակահարմար ենք համարում ընդունել մեկ օրենք` ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:

Օրենքի փոփոխությունների ու լրացումների ընդունումը կնպաստի Օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն, մասնավորապես ակնկալվում է.

1. Օրենքը լրացնել առանձին հոդվածով, որը կսահմանի միջազգային առեւտրային արբիտրաժի կողմից քննվող գործերով Օրենքի մեկնաբանության առանձնահատկությունները.

2. օրենքը լրացնել առանձին հոդվածով, որը կսհամանի արբիտրաժային տրիբունալի կողմից հայցի ապահովման միջոցներ սահմանելու պայմանները.

3. Օրենքը կլրացվի առանձին գլուխներով, որոնք ուղղված են կարգավորելու`

ա) նախնական կարգադրություների ինստիտուտը.

բ) հայցի ապահովման միջոցների եւ նախնական կարգադրությունների նկատմամբ կիրառելի դրույթները (հայցի ապահովման միջոցների եւ նախնական կարգադրությունների փոփոխումը, կասեցումը եւ դադարեցումը, հայցի ապահովման միջոցների եւ նախնական կարգադրությունների ապահովման տրամադրումը, տեղեկությունների տրամադրումը եւ այլն).

գ) հայցի ապահովման մասին որոշումների ճանաչումը եւ կատարումը.

դ) արբիտրի վարքագծի կանոնները:

Փոփոխությունների փաթեթում առաջարկում է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում, «Սպառողների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ ընտանեկան օրենսգրքում, որպեսզի այդ իրավահարաբերություններից ծագած վեճերը եւս հնարավոր լինի քննել արբիտրաժի կողմից:

Փոփոխությունների փաթեթում առաջարկում է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ ընտանեկան օրենսգրքում: Օրենքի լրացումների ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն, մասնավորապես ակնկալվում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսել` եթե ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը չի շոշափում երրորդ անձանց շահեր, ապա ամուսիններն իրենց ընդհանուր գույքի բաժանման հետ կապված վեճերը փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնվել նաեւ արբիտրաժային տրիբունալի լուծմանը.

2. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսել ամուսիններից յուրաքանչյուրի ազատությունը ցանկացած պահի ամուսինների ընդհանուր գույքի բաժանումից բխող վեճը դատարանին հանձնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճի ծագումից հետո, որով ամուսիններն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը.

3. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսել այն բոլոր ձեւերը, որոնցով վիճելի իրավահարաբերության կողմերը իրենց միջեւ ծագած վեճը կարող են հանձնել արբիտրաժի լուծմանը, այն է` թեԲ ամուսնական պայմանագրում արբիտրաժային  վերապահման նախատեսելու, թեԲ առանձին արբիտրաժային համաձայնության կնքման միջոցով:

Առաջարկվում է նաեւ հստակեցնել արբիտրի նկատմամբ սահմանվող նվազագույն պահանջները` սահմանելով հնարավորինս իրատեսական պահանջներ արբիտրի նկատմամբ, այն է, որ վերջինս պետք է լինի գործունակ, չլինի դատվածություն ունեցող եւ այլն:

Բացի այդ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւս կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնք ուղղված են արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները կատարելագործելուն եւ խթանելուն: