Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7263-04.05.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «ԱԱՀ-ի շեմ» բառերից հետո լրացնել «բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների եւ սույն օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում եւ 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, որոնց համար սույն օրենքի կիրառման առումով ԱԱՀ-ի շեմ է համարվում ապրանքների մատակարման եւ ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 58,35 մլն դրամը» բառերով:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 115,0 մլն դրամ չափը 2015 թվականին կիրառելի չէ`

1) այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց կողմից ապրանքների մատակարարումից եւ ծառայությունների մատուցումից իրացման շրջանառությունը 2014 թվականին գերազանցել է 58.35 մլն դրամը,

2) այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց կողմից ապրանքների մատակարարումից եւ ծառայությունների մատուցումից իրացման շրջանառությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գերազանցել է 58.35 մլն դրամը: