Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-752-09.04.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 105-րդ հոդվածի՝

1. 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ՝

« Ազգային ժողովի  նիստի ընթացքում առաջինը տրվում են բանավոր հարցերը:

Պատգամավորները սույն հոդվածի 6-րդ կետով եւ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանը կարող են տալ բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին: »:

2. 7.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ՝

«7.1 Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում նիստը սկսելուց  մեկ ժամվա ընթացքում առաջինը տրվում են ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների բանավոր հարցերը, որից հետո ոչ ընդդիմադիր խմբակցությունների եւ անկախ պատգամավորներից 2-ական հերթագրված պատգամավորների բանավոր հարցերը, այնուհետեւ՝ բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները:

Եթե բանավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները, սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով հնչեցնում են գրավոր հարցերը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքի նախագծի հիմնական նպատակն է կանոնակարգել ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգը» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով նախատեսված պատգամավորների՝ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը:

Հաշվի առնելով, որ պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր եւ բանավոր հարցերով, ընդ որում՝ սահմանված կարգով առաջինը հնչում են ՀՀ կառավարությանն ուղղված գրավոր հարցերը, երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից, այդ պատճառով ավելի նպատակահարմար է նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետեւ՝ գրավոր հարցերը:

Նախագծով հստակեցվում է նաեւ բանավոր հարցերով ՀՀ կառավարությանը դիմելու կարգը:

Գործող կարգով առաջինը բանավոր հարցերով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո   բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները: Նշված կարգով ստեղծվում է մի իրավիճակ, որի պայմաններում ոչ ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները շատ հաճախ չեն կարողանում հասցնել նիստի ընթացքում իրենց հարցը հնչեցնել: Ներկայացված նախագծով առաջարկվում է, որ նիստը սկսելուց մեկ ժամվա ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հարցերը հնչեցնեն 2-ական հարցեր, այնուհետեւ, 1 ժամ հետո 2-ական հարցերով հանդես գան ոչ ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները, որից հետո բանավոր հարցեր տրվեն հերթագրված մյուս պատգամավորների կողմից:

Այսպիսով, նախագծի շնորհիվ կստեղծվեն ՀՀ կառավարությանը հարցեր տալու համար համեմատաբար հավասար պայմաններ թեԲ ընդդիմադիր, թեԲ ոչ ընդդիմադիր եւ թեԲ անկախ պատգամավորների համար: