Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-822-16.04.2024-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի N ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի «ապրելու իրավունք:» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ, հետեւյալ բովանդակությամբ. «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների շուրջօրյա խնամքի անհապաղ կազմակերպումը (անհրաժեշտության դեպքում ծնողի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ) եւ անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը կարող է իրականացվել Ճգնաժամային կենտրոնների կողմից՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի «ղեկավարը» բառից հետո լրացնել նոր մասով, հետեւյալ բովանդակությամբ. «Արգելվում է երեխաների համար նախատեսված նոր շուրջօրյա խնամքի հաստատության կամ շուրջօրյա խնամքի բաղադրիչի ստեղծումը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ բացառությամբ ճգնաժամային կենտրոնների:

2025 թվականի հունվարի 1-ից արգելվում է երեխաների տեղավորումը (ընդունումը) շուրջօրյա խնամք կազմակերպող ոչ պետական  հաստատություններում (մանկատներում):»:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«26. Հաշմանդամություն ունեցող երեխայի իրավունքները.

Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները հաշմանդամություն ունեցող երեխային երաշխավորում են անվճար բժշկական, վերականգնողական եւ հոգեբանական օգնություն եւ ծառայություններ, իր հասակակիցների հետ հավասար հիմունքներով կրթություն ստանալու եւ զարգանալու հնարավորություններ: Պետությունը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող երեխաների՝ ընտանիքում ապրելու եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների եւ հավասար հնարավորությունների ստեղծումը:

Հաշմանդամություն ունեցող երեխայի կարծիքը իրեն վերաբերող հարցերի շուրջ ենթակա է նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության՝ հաշվի առնելով երեխաների զարգացող կարողությունները: Այդ իրավունքն իրացնելու համար պետությունը տրամադրում է հաշմանդամությանը ու տարիքին համապատասխան աջակցություն:

Պետությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցության մատչելիության ապահովման համար, երաշխավորելու հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը հասարակության մեջ:

Պետությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրում է իրենց կարիքներին համապատասխան աջակցող միջոցներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հաշմանդամություն ունեցող երեխաները օգտվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր երաշխիքներից:»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի առաջին նախադասության «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումնային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը մշակվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է երեխայի համայնքում ապրելու իրավունքի իրացման, ինչպես նաեւ ապաինստիտուցիոնալացման համար իրավական հիմքերի բարելավման անհրաժեշտությամբ:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքը Հայաստանում կազմակերվում է ոչ միայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այլ նաեւ ոչ պետական կազմակերպությունների կողմից՝ բարեգործական կազմակերպությունների եւ անհատների ֆինանսական աջակցությամբ: Ներկայում Հայաստանի շուրջօրյա խնամք իրականացնող ութ ոչ պետական կազմապերպություններում առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաների թիվը 987 է, որոնցից 22-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: Կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր միջոցառումների ծրագրի համաձայն, 2022 թվականին իրականացվել է ուսումնասիրություն երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող ոչ պետական, բարեգործական հաստատությունների գործունեության վերաբերյալ: Հանձնաժողովի անդամների ուսումնասիրությունների համաձայն դիտարկված կազմակերպություններում խնամքի պայմանները մեծապես տարբերվել են միմյանցից խնամքի ձեւով եւ որակով: Դիտարկումները ցույց են տվել, որ արձանագրվել են դեպքեր, երբ կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված չէ խնամվող անձանց թիրախ խումբը եւ տարիքը, հաստատությունների կողմից շահագործվող շենքերն ունեն մատչելիության խնդիր, որոշ դեպքերում բացակայում են խաղահրապարակները, տարհանման պլանները, չունեն սահմանված ճաշացանկ, անձնական հիգիենայի պահպանման համար բավարար ազատություն եւ այլն: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջօրյա խնամք ստացող երեխաները հիմնականում պահում են կապը իրենց կենսաբանական ընտանիքների հետ, իսկ կազմակերություններից որոշները տրամադրում են նաեւ համայնքահենք ծառայություններ եւ ընտանիքների հետ վերամիավորման համար անհրաժեշտ աջակցություն:

ՀՀ օրենսդրությունը չի արգելում երեխաների համար նախատեսված նոր շուրջօրյա խնամքի հաստատության կամ շուրջօրյա խնամքի բաղադրիչի ստեղծումը Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաեւ երեխաների տեղավորումը (ընդունումը) շուրջօրյա խնամք կազմակերպող ոչ պետական  հաստատություններում (մանկատներում):

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն 2017 թվականին եզրափակիչ դիտարկումներում նշել է, որ մտահոգված է ապաինստիտուցիոնալացման դանդաղ առաջընթացով եւ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ չափահասների մեծ թվով, որոնք ապրում են հաստատություններում: Մտահոգիչ է համարվել նաեւ խիստ սահմանափակ աջակցությունը՝ ուղղված համայնքում անկախ ապրելուն: Կոմիտեն մասնակից պետությանն առաջարկել է արագացնել ապաինստիտուցիոնալացման գործընթացը եւ առանց հետաձգման իրագործել դրա գործողությունների պլանը, ներառյալ՝ բոլոր հաստատությունների փակման ժամանակացույցը: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված քաղաքականությունը եւ դրան հասնելու համար երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններից դուրսբերման եւ ընտանիքների հետ վերամիավորման միջոցառումները:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները շուրջօրյա խնամքից բացի կարճաժամկետ (մինչեւ վեց ամիս) խնամք եւ ծառայություններ են ստանում հանրապետությունում գործող պետական եւ ոչ պետական ճգնաժամային կենտրոններում: Կենտրոններից բացի ճգնաժամային իրավիաճակում երեխաների կարճաժամկետ խնամքի կազմակերպման համար Հանրապետության երեք համայնքներում՝ Երեւանում, Կապանում եւ Գյումրիում գործում են ճգնաժամային կենտրոններ: Այս կենտրոնների գործունեությունը չի կարգավորվում օրենքով:

Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող գործող կարգավորումները անհրաժեշտ է վերանայել, դրանք համապատասխանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին եւ բառապաշարին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը.

Նախագծերով առաջարկվում է վերանայել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, համայնքում ապրելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ մեխանիզմները:

Մասնավորապես.

1) Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող ոչ պետական կազմակերպություններում հաշվառված եւ գտնվող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, նաեւ ըստ անհրաժեշտության՝ ուղեկցողների (ծնողի կամ խնամակալի) անհապաղ տեղավորումը եւ անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը վերագրել Ճգնաժամային աջակցության կենտրոններին.

2)  Արգելել երեխաների համար նախատեսված նոր շուրջօրյա խնամքի հաստատության կամ շուրջօրյա խնամքի բաղադրիչի ստեղծումը Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ ճգնաժամային կենտրոնների.

3) սահմանափակել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուղղորդումը ոչ պետական շուրջօրյա խնամքի հաստատություններ.

4) վերանայել հաշմանդամություն ունեցող երեխաների համար օրենքով սահմանված երաշխիքների սահմանումը.

4) Գործող օրենքում առկա ձեւակերպումները համաձայնեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանափակել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուղղորդումը եւ տեղավորումը շուրջօրյա ոչ պետական հաստատություններում, վերանայել հաշմանդամություն ունեցող երեխաների համար պետական երաշխիքների սահմանումները, սահմանափակել ՀՀ տարածքում երեխաների համար շուրջօրյա նոր հաստատություններ ստեղծելու իրավական հիմքերը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն