Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-819-16.04.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

1.  Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1)  պետական տուրք` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար) Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար.

2)  պետական տուրքի միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարողների հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվ.

3)  պետական տուրքի միասնական հաշվի գումար՝ գումար, որով սույն օրենքով սահմանված կարգով կարող են մարվել պետական տուրք վճարողի հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները, որը կարող է առաջանալ.

ա. պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումից,

բ. լիազոր մարմինների կողմից տրամադրված ճշգրտված տեղեկատվության հիման վրա կատարված վերահաշվարկից,

գ. իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կատարված՝ պետական տուրքի գումարների համամասնական նվազեցումից.

դ. օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից

4)  պետական տուրքի պարտավորություն՝ չվճարված պետական տուրքի եւ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժի գումար.

5)   պետական տուրքի անձնական հաշվի քարտ՝ պետական տուրքի գումարների հաշվառման գրանցամատյան, որտեղ արտացոլվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները, պետական տուրք վճարողի կողմից պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) հետեւանքով հաշվարկված տույժերի գումարները, պետական տուրքի գծով կատարված վճարումները, ինչպես նաեւ կատարված վճարումների հաշվին մարված պարտավորությունները:

6)  Էլեկտրոնային անձնական հաշվի քարտ՝ ինքնաշխատ եղանակով վարվող անձնական հաշվի քարտ, բացառությամբ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի, երբ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման հիման վրա կազմված եզրակացությամբ անձնական հաշվի քարտում կկատարվի պետական տուրքի պարտավորության փոփոխություն.

7)  պետական տուրք վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը  սույն օրենքով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ պետական տուրք վճարելու պարտավորություն.

8)  լիազոր մարմին՝ լիցենզիա, թույլտվություն, իրավունք, որակավորման վկայական, ինչպես նաեւ ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունք տրամադրող պետական մարմին եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

9)  էլեկտրոնային գրանցամատյան՝ լիազոր մարմինների կողմից վարվող միասնական գրանցամատյան, որում ներառված տեղեկությունները տրամադրվում են հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմինների եւ հարկային մարմնի միջեւ փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով եւ ձեւաչափով:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 3-րդ հոդվածը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում «կամ օրենքով սահմանված այլ հիմքերով» բառերից առաջ լրացնել «, կազմակերպության լուծարմամբ» բառերը:

Հոդված 4 . Օրենքի 61 -րդ  հոդվածում՝

1. 1-ին մասի 1-ին կետում «օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «կազմակերպության լուծարման եւ» բառերը:

2. 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմում է ներկայացնում լիազոր մարմին, եւ այդ դիմումը բավարարվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո, ապա գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) օրը կատարվում է հերթական տարեկան պետական տուրքի գումարի համամասնական նվազեցում (անկախ պետական տուրքի գումարի վճարման հանգամանքից)՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների համար: Նվազեցվող գումարը հաշվարկելու համար հերթական տարեկան պետական տուրքի գումարը բաժանվում է 12-ի եւ բազմապատկվում դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվանից մինչեւ հաջորդ պետական տուրքի հաշվարկման ամսվան նախորդող ամիսների թվով: Եռամսյակային պետական տուրքի նվազեցվող գումարը հաշվարկելու համար դադարեցման օրը ներառող եռամսյակի պետական տուրքի գումարը բաժանվում է 3-ի եւ բազմապատկվում եռամսյակի՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների թվաքանակով:»

3. լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների) գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցնելու, սնանկ ճանաչելու դեպքերում  հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման՝ մինչեւ սույն հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որեւէ մեկի ի հայտ գալու օրը:»:

Հոդված 5.   Օրենքի 34-րդ հոդվածի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասում «հայկական դրամով» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերը «, ընդ որում hերթական տարեկան պետական տուրքի վճարում կատարելու ժամանակ սխալի առկայության դեպքում կիրառվում են հետեւյալ կանոնները.

1) վճարումն ըստ հարկ վճարողի նույնականացնելու համար առաջնային է համարվում հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետեւ՝ հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.

2) եթե վճարողը սխալմամբ վճարման հանձնարարականում, որպես պետական տուրք վճարող, նշել է այլ անձի, որի արդյունքում մարվել է այլ անձի պետական տուրքի գծով պարտավորությունը, ապա կատարված է համարվում այլ անձի պետական տուրքի գծով պարտավորությունը, իսկ գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ: Այս դեպքում վճարողը այլ անձի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք»:

Հոդված 7. Օրենքի 36.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 36.1. Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը.

1. Պետական տուրքի միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ պետական տուրքի միասնական հաշվին մուտքագրման օրը:

2. Պետական տուրքի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են պետական տուրքի միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:

3. Հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության, ընդ որում պետական տուրքի պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են տուրքի գումարները, այնուհետեւ՝ տույժերի գումարները, իսկ պետական տուրքի վճարման օրերը նույնը լինելու դեպքում տուրքերի գումարների մարումը կատարվում է պետական տուրք վճարողի կողմից ընտրված հերթականությամբ, իսկ այն դեպքում, երբ պետական տուրք վճարողի կողմից ընտրություն չի կատարվում, ապա մարումը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

4. Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում էլեկտրոնային եղանակով վարվում են անձնական հաշվի քարտեր՝ ըստ առանձին լիազոր մարմինների: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, ընդ որում՝

1) սույն օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը,

2) սույն օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` այդ պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացված առանձին անձնական հաշվի քարտում:

5.  Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացվում է բացառապես լիազոր մարմինների կողմից առցանց եղանակով տրամադրված՝ էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության հիման վրա:  Լիազոր մարմինների կողմից օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների (կամ ներդիրների) տրամադրման, ինչպես նաեւ ծանուցում ներկայացրած եւ հաշվառված անձանց մասին, ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ նոր վայրում այդ գործունեությունն իրականացնելու համար ներկայացված ծանուցման հաշվառման մասին վճարման ժամկետների, ինչպես նաեւ տարեկան վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը առցանց եղանակով էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը: «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը եւ դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվությունը տրամադրող լիազոր մարմին է հանդիսանում կազմակերպության պետական գրանցումն իրականացրած մարմինը:

6. Պետական տուրքերի պարտավորությունները եւ դրանց մարումները, ինչպես նաեւ պետական տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում պետական տուրքերի մինչեւ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ միասնական հաշվում առկա գումարներն անտեսվում են:

7. Պետական տուրքերի պարտավորությունները հաշվառվում են եւ (կամ) վերահաշվարկվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով, բացառությամբ սույն օրենքի 19.7-րդ, 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի պարտավորությունների, որոնք հաշվառվում են համապատասխան հայտարարության կամ տեղեկության ներկայացման օրով:

8. Մարված հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներին դրանց մարման օրով, որից հետո գանձապետարանի կողմից մարված պետական տուրքի պարտավորությունների գումարների վերաբերյալ, ինչպես նաեւ վերահաշվարկի արդյունքում պետական տուրքի միասնական հաշվին վերադարձման ենթակա գումարների վերաբերյալտեղեկատվությունն ուղարկվում է ըստ առանձին լիազոր մարմինների:

9. Պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի  եկամուտներ եւ վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:

10.Պետական տուրքի հաշվառման նպատակով հարկային մարմնում բացված էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր օր առցանց եղանակով տրամադրվում է լիազոր մարմիններին:»:

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը.

1. Պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման պետական տուրք վճարողին կամ հաշվանցման պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին  պետական տուրք վճարողի կողմից հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձեւով եւ կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Պետական տուրքի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին կամ հաշվանցում կատարելով պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար պետական տուրք վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:

2. Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում պետական տուրքի միասնական հաշվում.

1) վերադարձվում են այն բյուջեից, որին փոխանցվել է գումարը` ոչ ուշ, քան սույն մասով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2) վերադարձվում են վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է համապատասխան ֆինանսական մարմին՝ պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում, ընդ որում՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետբյուջե: Այս դեպքում կազմվում եւ վճարողի դիմումին է կցվում նաեւ ակտ, որի օրինակելի ձեւը եւ պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

բ. պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին դիմում տալը կասեցնում է երեք տարվա ժամկետի ընթացքը:

գ. պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են Սահմանադրական դատարանի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների եւ պետական տուրք գանձող մյուս մարմինների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաեւ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակը գտնվում է պետական տուրքը գանձող մարմնի մոտ, ինչի մասին կատարվում է համապատասխան նշում պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տեղեկանքում:»:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթի, որը տարածվում է նաեւ մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լուծարված կազմակերպությունների վրա:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունները եւ գերավճարները չեն փոխանցվում նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտ եւ շարունակում են հաշվառվել նախկին անձնական հաշվի քարտերում մինչեւ պարտավորությունների մարումը եւ (կամ) գերավճարի վերադարձը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների, ինչպես նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նշված պարտավորությունների վրա հաշվարկված տույժերի մարման նպատակով վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող համապատասխան հաշվեհամարներին:

4. Պետական տուրքի նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում վարվելու են միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունները եւ պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները:

5. Պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմինների կողմից պետական տուրք վճարողին լիցենզիաների (թույլտվությունների, իրավունքների, արտոնագրերի, որակավորման վկայականների) տրամադրման (առաջին անգամ), ինչպես նաեւ լիցենզիայի կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման, մրցույթների մասնակցության համար պետական տուրքի գծով վճարումները պետական տուրքի միասնական հաշվին չեն կատարվում եւ չեն հաշվառվում պետական տուրքի անձնական հաշվի քարտերում: Տվյալ դեպքում վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:

6. «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի գծով վճարումները կատարվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:

7. Սույն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Պետական տուրքի մասին» օրենքի 36.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինները Կառավարության որոշմամբ սահմանված ձեւաչափով առաջին անգամ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառում են 2026թ. հունվարի 1-ի դրությամբ գործող (այդ թվում՝ կասեցված) բոլոր լիցենզիաների (կամ ներդիրների), իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների, ծանուցման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց համար պետք է հաշվարկվի հերթական տարեկան պետական տուրքի գումար:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծերի ընդունման նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը եւ պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 05.10.2017թ.-ի N1272-Ն եւ N1292-Ն որոշումներով սահմանված դրույթները՝ ներկայումս լիցենզիաների եւ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմինների կողմից հարկային մարմնին իրականացվում է «MulberryGroupware 2.0» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով՝ «Microsoft Excel» ձեւաչափով, իսկ տեղեկատվության մուտքագրումը հարկային մարմնի տեղեկատվական բազա իրականացվում է հարկային մարմնի իրավասու աշխատակցի միջամտությամբ, որը պետական ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ոչ արդյունավետ է, ինչպես նաեւ առաջացնում է ժամանակային խզումներ` լիցենզիաների, իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների եւ գործունեության իրականացման ծանուցումների տրամադրման եւ դրանց հաշվառման գործընթացների միջեւ: Միաժամանակ, վերոնշյալ տեղեկատվության հիման վրա հարկային մարմնի մեկ այլ ստորաբաժանման աշխատակից յուրաքանչյուր տարի ձեռքի միջամտությամբ իրականացնում է հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների հաշվառում, ինչպես նաեւ վերահաշվարկներ (լիցենզիաների, թույլտվությունների, ծանուցման ենթակա գործունեության դադարեցման կամ տեղեկատվության ուշ ստացման (ճշգրտման) դեպքերում), որն իր հերթին պարունակում է պարտավորությունների ճիշտ եւ ժամանակին չհաշվարկման ռիսկեր՝ հաշվի առնելով մարդկային գործոնը: Հարկ է նշել նաեւ, որ ներկայումս կարգավորված չէ նաեւ հարկային մարմնի եւ լիազոր մարմինների միջեւ պետական տուրքի պարտավորությունների եւ մարումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, ինչի արդյունքում լիազոր մարմինները հստակ տեղեկատվություն չունեն հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների մարումների վերաբերյալ, ուստի սահմանված կարգով եւ ժամկետներում չեն կիրառում լիցենզիաների, թույլտվությունների, ծանուցման ենթակա գործունեության՝ չվճարման հիմքով կասեցումները:

Ներկայում գործող կարգավորումների համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների կողմից գործունեությունը որեւէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքերը հիմք չեն պետական տուրքը չհաշվարկելու համար:

Խնդիրը կայանում է նրանում, որ  անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու հետո, վերջինս առանց որեւէ ժամկետային կամ քանակային սահմանափակման կարող է տվյալ ֆիզիկական անձին պատկանող նույն ՀՎՀՀ-ով դարձյալ վերագրանցվել անհատ ձեռնարկատեր, այնուհետեւ հաշվառումից դուրս գալ եւ այդպես շարունակ: Տվյալ դեպքում, հստակեցման ենթակա է  լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով պետական տուրքի հաշվարկման հարցը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման ներկայիս իրավիճակը եւ առկա խնդիրները՝ Նախագծերով առաջարկվում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (այսուհետ՝ ՊՏՀԻՀ), որն ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա:

ՊՏՀԻՀ-ի գրանցամատյանից պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում իրականացվելու է ինքնաշխատ` լիազոր մարմինների կողմից մուտքագրված եւ ներբեռնված տեղեկատվության հաջորդ օրը, ինչը հնարավորինս կբացառի պետական տուրքի անձնական հաշվի քարտերում ոչ ճշգրիտ տեղեկատվության արտացոլումը:

Հերթական տարեկան (եռամսյակային) պետական տուրքի պարտավորությունները մարվելու են այդ նպատակով բացված պետական տուրքի միասնական հաշվից, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի գումարների: Միասնական հաշվից մարված պարտավորությունների գումարներն ուղղվելու են պետական տուրքի համապատասխան գանձապետական հաշիվներ՝ ապահովելով մարված պարտավորությունների առանձնացված հաշվառման հնարավորությունը` ըստ առանձին լիազոր մարմինների եւ տուրքերի տեսակների, որի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինելու ինչպես պետական տուրք վճարողին, այնպես էլ լիազոր մարմիններին Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների եւ մարումների վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում լիազոր մարմինները պատշաճ կկարողանան իրականացնել կասեցումների գործընթացը:

Պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմինների կողմից պետական տուրք վճարողին լիցենզիաների (թույլտվությունների, իրավունքների, արտոնագրերի, որակավորման վկայականների) տրամադրման (առաջին անգամ), ինչպես նաեւ լիցենզիայի կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման համար պետական տուրքի գծով վճարումները պետական տուրքի միասնական հաշվին չեն կատարվելու եւ չեն հաշվառվելու պետական տուրքի անձնական հաշվի քարտերում: Ներկայումս նշված վճարները կատարվում են նույն հաշվեհամարներին, որոնք նախատեսված են նաեւ հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների մարման համար, եւ, «վճարման նպատակ» դաշտում համապատասխան տեղեկատվության բացակայության արդյունքում երկարաձգման կամ վերաձեւակերման համար վճարված գումարների հաշվին կարող են մարվել հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունները: Նոր կարգավորումներով բացառվել են նաեւ նշված ռիսկերը:Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորվում է նաեւ լիցենզիաների (իրավունքների, թույլտվությունների եւ այլն) գործողությունը կամ ծանուցված գործունեությունը դադարեցվելու դեպքերում պարտավորությունների հաշվառման միասնական մեխանիզմը՝ պարտավորություն առաջադրելով միայն աշխատած ամիսների համար եւ նվազեցնելով չաշխատած ամիսների համար հաշվարկվող պարտավորությունները՝ անկախ վճարված լինելու հանգամանքից:

Նախագծերով հստակեցվում է, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների կողմից գործունեությունը որեւէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքերը հիմք չեն պետական տուրքը չհաշվարկելու համար:

Պետական տուրքը չհաշվարկելու համար հիմք կարող է հանդիսանալ միայն կազմակերպության լուծարման դեպքը, քանի որ, հետագայում՝ նույն ՀՎՀՀ-ով նոր կազմակերպության վերագրանցման հնարավորություն օրենսդրությամբ սահմանված չէ: Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, վերջինիս հաշվառումից դուրս գալը չի արգելում հետագայում նույն ֆիզիկական անձին պատկանող ՀՎՀՀ-ով անհատ ձեռնարկատեր վերագրանցվելու օրենսդրական հնարավորությունը: Ընդ որում, դա կարող է լինել անսահմանափակ քանակությամբ: Արդյունքում, խնդրահարույց է համարվելու լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով պետական տուրքի հաշվարկման հարցն այն պարագայում, երբ անհատ ձեռնարկատերը հաշվառումից դուրս գալուց հետո դարձյալ կվերագրանցվի անհատ ձեռնարկատեր: Մասնավորապես, տվյալ դեպքում, պետք է պահպանել անհատ ձեռնարկատիրոջը նախկինում տրված լիցենզիան, թե ոչ, վերագրանցումից հետո տրամադրել նոր լիցենզիա նոր հիմունքներով, թե ոչ: Հարկ է հաշվի առնել նաեւ, որ վերջինս կառաջացնի նաեւ վարչարարական բազմաթիվ խնդիրներ:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների կողմից գործունեությունը որեւէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքերը հիմք չեն պետական տուրքը չհաշվարկելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՄԹ կառավարության Լավ Կառավարման Հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող «Հարկային եւ մաքսային վարչարարության արդիականացման» ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Պետական տուրքի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում կապահովվի գրեթե առանց ձեռքի միջամտության պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառում՝ հիմք ընդունելով լիազոր մարմինների կողմից օնլայն ռեժիմով պարբերաբար ներկայացվող նոր կամ ճշգրտված տեղեկատվությունը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N1830-Լ որոշման N1 հավելվածի «ԶՌՆ 1. Կառավարման համակարգերի կատարելագործում, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցում» զարգացման ռազմավարական նպատակի «1.1. Էլեկտրոնային եւ թվային գործիքակազմի ներդրում եւ զարգացում» ենթանպատակի «1.1.11. Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրում» միջոցառման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն