Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8191-16.04.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Լիազոր մարմինները հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափերի եւ տարեկան վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ծանուցման ենթակա գործունեության հաշվառման, փոփոխությունների կատարման, իրավունքի դադարեցման, կասեցման, նոր վայրում գործունեության հաշվառման օրը առցանց եղանակով ներկայացնում են պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1)   9-րդ կետում «այլ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հերթական տարեկան պետական տուրքի հաշվառմանը վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի համաձայն)» բառերը:

2)  լրացնել 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«10) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի գումարի չափը:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1.  1-ին մասի 1-ին կետից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման» բառերը, իսկ «մահվան դեպքերում» բառերից հետո լրացնել «, որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման վերաբերյալ որոշում (հրաման)» բառերը:

2.  8-րդ մասից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման» բառերը:

Հոդված 4.

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2.  Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծերի ընդունման նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը եւ պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 05.10.2017թ.-ի N1272-Ն եւ N1292-Ն որոշումներով սահմանված դրույթները՝ ներկայումս լիցենզիաների եւ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմինների կողմից հարկային մարմնին իրականացվում է «MulberryGroupware 2.0» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով՝ «Microsoft Excel» ձեւաչափով, իսկ տեղեկատվության մուտքագրումը հարկային մարմնի տեղեկատվական բազա իրականացվում է հարկային մարմնի իրավասու աշխատակցի միջամտությամբ, որը պետական ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ոչ արդյունավետ է, ինչպես նաեւ առաջացնում է ժամանակային խզումներ` լիցենզիաների, իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների եւ գործունեության իրականացման ծանուցումների տրամադրման եւ դրանց հաշվառման գործընթացների միջեւ: Միաժամանակ, վերոնշյալ տեղեկատվության հիման վրա հարկային մարմնի մեկ այլ ստորաբաժանման աշխատակից յուրաքանչյուր տարի ձեռքի միջամտությամբ իրականացնում է հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների հաշվառում, ինչպես նաեւ վերահաշվարկներ (լիցենզիաների, թույլտվությունների, ծանուցման ենթակա գործունեության դադարեցման կամ տեղեկատվության ուշ ստացման (ճշգրտման) դեպքերում), որն իր հերթին պարունակում է պարտավորությունների ճիշտ եւ ժամանակին չհաշվարկման ռիսկեր՝ հաշվի առնելով մարդկային գործոնը: Հարկ է նշել նաեւ, որ ներկայումս կարգավորված չէ նաեւ հարկային մարմնի եւ լիազոր մարմինների միջեւ պետական տուրքի պարտավորությունների եւ մարումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, ինչի արդյունքում լիազոր մարմինները հստակ տեղեկատվություն չունեն հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների մարումների վերաբերյալ, ուստի սահմանված կարգով եւ ժամկետներում չեն կիրառում լիցենզիաների, թույլտվությունների, ծանուցման ենթակա գործունեության՝ չվճարման հիմքով կասեցումները:

Ներկայում գործող կարգավորումների համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների կողմից գործունեությունը որեւէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքերը հիմք չեն պետական տուրքը չհաշվարկելու համար:

Խնդիրը կայանում է նրանում, որ  անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու հետո, վերջինս առանց որեւէ ժամկետային կամ քանակային սահմանափակման կարող է տվյալ ֆիզիկական անձին պատկանող նույն ՀՎՀՀ-ով դարձյալ վերագրանցվել անհատ ձեռնարկատեր, այնուհետեւ հաշվառումից դուրս գալ եւ այդպես շարունակ: Տվյալ դեպքում, հստակեցման ենթակա է  լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով պետական տուրքի հաշվարկման հարցը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով պետական տուրքի մասով տեղեկատվության փոխանակման եւ հաշվառման ներկայիս իրավիճակը եւ առկա խնդիրները՝ Նախագծերով առաջարկվում է ներդնել «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ» (այսուհետ՝ ՊՏՀԻՀ), որն ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա:

ՊՏՀԻՀ-ի գրանցամատյանից պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում իրականացվելու է ինքնաշխատ` լիազոր մարմինների կողմից մուտքագրված եւ ներբեռնված տեղեկատվության հաջորդ օրը, ինչը հնարավորինս կբացառի պետական տուրքի անձնական հաշվի քարտերում ոչ ճշգրիտ տեղեկատվության արտացոլումը:

Հերթական տարեկան (եռամսյակային) պետական տուրքի պարտավորությունները մարվելու են այդ նպատակով բացված պետական տուրքի միասնական հաշվից, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղեւորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի գումարների: Միասնական հաշվից մարված պարտավորությունների գումարներն ուղղվելու են պետական տուրքի համապատասխան գանձապետական հաշիվներ՝ ապահովելով մարված պարտավորությունների առանձնացված հաշվառման հնարավորությունը` ըստ առանձին լիազոր մարմինների եւ տուրքերի տեսակների, որի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինելու ինչպես պետական տուրք վճարողին, այնպես էլ լիազոր մարմիններին Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների եւ մարումների վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում լիազոր մարմինները պատշաճ կկարողանան իրականացնել կասեցումների գործընթացը:

Պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմինների կողմից պետական տուրք վճարողին լիցենզիաների (թույլտվությունների, իրավունքների, արտոնագրերի, որակավորման վկայականների) տրամադրման (առաջին անգամ), ինչպես նաեւ լիցենզիայի կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման համար պետական տուրքի գծով վճարումները պետական տուրքի միասնական հաշվին չեն կատարվելու եւ չեն հաշվառվելու պետական տուրքի անձնական հաշվի քարտերում: Ներկայումս նշված վճարները կատարվում են նույն հաշվեհամարներին, որոնք նախատեսված են նաեւ հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների մարման համար, եւ, «վճարման նպատակ» դաշտում համապատասխան տեղեկատվության բացակայության արդյունքում երկարաձգման կամ վերաձեւակերման համար վճարված գումարների հաշվին կարող են մարվել հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունները: Նոր կարգավորումներով բացառվել են նաեւ նշված ռիսկերը:Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորվում է նաեւ լիցենզիաների (իրավունքների, թույլտվությունների եւ այլն) գործողությունը կամ ծանուցված գործունեությունը դադարեցվելու դեպքերում պարտավորությունների հաշվառման միասնական մեխանիզմը՝ պարտավորություն առաջադրելով միայն աշխատած ամիսների համար եւ նվազեցնելով չաշխատած ամիսների համար հաշվարկվող պարտավորությունները՝ անկախ վճարված լինելու հանգամանքից:

Նախագծերով հստակեցվում է, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների կողմից գործունեությունը որեւէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքերը հիմք չեն պետական տուրքը չհաշվարկելու համար:

Պետական տուրքը չհաշվարկելու համար հիմք կարող է հանդիսանալ միայն կազմակերպության լուծարման դեպքը, քանի որ, հետագայում՝ նույն ՀՎՀՀ-ով նոր կազմակերպության վերագրանցման հնարավորություն օրենսդրությամբ սահմանված չէ: Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում, վերջինիս հաշվառումից դուրս գալը չի արգելում հետագայում նույն ֆիզիկական անձին պատկանող ՀՎՀՀ-ով անհատ ձեռնարկատեր վերագրանցվելու օրենսդրական հնարավորությունը: Ընդ որում, դա կարող է լինել անսահմանափակ քանակությամբ: Արդյունքում, խնդրահարույց է համարվելու լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով պետական տուրքի հաշվարկման հարցն այն պարագայում, երբ անհատ ձեռնարկատերը հաշվառումից դուրս գալուց հետո դարձյալ կվերագրանցվի անհատ ձեռնարկատեր: Մասնավորապես, տվյալ դեպքում, պետք է պահպանել անհատ ձեռնարկատիրոջը նախկինում տրված լիցենզիան, թե ոչ, վերագրանցումից հետո տրամադրել նոր լիցենզիա նոր հիմունքներով, թե ոչ: Հարկ է հաշվի առնել նաեւ, որ վերջինս կառաջացնի նաեւ վարչարարական բազմաթիվ խնդիրներ:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների կողմից գործունեությունը որեւէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքերը հիմք չեն պետական տուրքը չհաշվարկելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՄԹ կառավարության Լավ Կառավարման Հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող «Հարկային եւ մաքսային վարչարարության արդիականացման» ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Պետական տուրքի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում կապահովվի գրեթե առանց ձեռքի միջամտության պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառում՝ հիմք ընդունելով լիազոր մարմինների կողմից օնլայն ռեժիմով պարբերաբար ներկայացվող նոր կամ ճշգրտված տեղեկատվությունը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N1830-Լ որոշման N1 հավելվածի «ԶՌՆ 1. Կառավարման համակարգերի կատարելագործում, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցում» զարգացման ռազմավարական նպատակի «1.1. Էլեկտրոնային եւ թվային գործիքակազմի ներդրում եւ զարգացում» ենթանպատակի «1.1.11. Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրում» միջոցառման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն