Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-816-15.04.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ եւ 60-րդ հոդվածի 3-րդ մասերի իմաստով քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրումը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում`

1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը.

2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը.

3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը.

4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով՝ պաշտոնային էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Ընդ որում, քաղաքացու համաձայնության պարագայում՝ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքերում քաղաքացու ծանուցումը կարող է իրականացվել բացառապես նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրի միջոցով, որի դեպքում եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից: Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման (եթե առկա չէ սույն մասում նշված համաձայնությունը) բացակայության դեպքերում, քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով: Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո տասներորդ օրը քաղաքացին համարվում է ծանուցված: Սույն մասի համաձայն առձեռն հանձնվող ծանուցագիրը կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակն ստանալուց քաղաքացու հրաժարումը գրավոր արձանագրվում է ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակը հանձնող անձի կողմից՝ նշելով հրաժարման օրը, ամիսը, տարին եւ ժամը:»:

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի՝

1) առաջին նախադասությունում «տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային» բառերը փոխարինել «սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված» բառերով.

2) վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց՝ հայտարարվող վարժական հավաքին սույն հոդվածի 5-րդ եւ սույն մասերում նախատեսված վարժական հավաքին կանչվելու ոչ ենթակա հանգամանքներն ու պայմանները եւ քաղաքացու առողջական վիճակը հստակեցնելու միջոցով վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունում «տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային» բառերը փոխարինել «սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձեւաչափերը: Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը: Խնդիրը քննարկվել է նաեւ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2023թ. նոյեմբերի 10-ի նիստում, որի շրջանակներում հանձնարարվել է օրենսդրական լուծում տալ պաշտպանության ոլորտի ծանուցումների իրավական գործընթացին: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները եւ կարգը, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը: Առաջարկվող կարգավորումները նախատեսվել են բացառապես համապատասխան գործընթացներում ծանուցումների տրման ընթացակարգերը սահմանելու միջոցով, ինչպես նաեւ հաշվի են առնվել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի որոշակի կարգավորումներ: Միաժամանակ, հայտարարվող վարժական հավաքին քաղաքացիների մասնակցությունն ապահովելու նպատակով զինվորական կոմիսարիատի կողմից գործնականում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որի շրջանակներում քաղաքացիները նախապես ծանուցվում են զինկոմիսարիատ ներկայանալու եւ բուժհետազոտում անցնելու, իրենց աշխատանքային եւ ընտանեկան պայմանների հստակեցումներ կատարելու նպատակով, սակայն առկա են դեպքեր, երբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ այն պատճառաբանությամբ, որ համապատասխան վարժական հավաքը դեռեւս չի հայտարարվել, ինչը խոչընդոտում է վարժական հավաքի պատշաճ կազմակերպման գործընթացին: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանել զինկոմիսարիատների կողմից վարժական հավաքների նախապատրաստական աշխատանքների իրականացումը եւ այդ աշխատանքներին մասնակցելու քաղաքացիների պարտականությունը:

Հաշվի առնելով նաեւ օրենքի նախագծով կարգավորվող հարաբերությունների կարեւորությունը, առաջիկա զորակոչը, տարվա ընթացքում հայտարարվող վարժական հավաքների անընդատությունը, անհրաժեշտություն է առաջացել օրենքի նախագծի ընդունումն իրականացնել անհետաձգելի ռեժիմով:

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու նաեւ համապատասխան կարգավորումներ նախատեսել հրապարակային ծանուցման գործընթացը սահմանող ՀՀ կառավարության 17.02.2011թ. N 174-Ն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը սահմանող ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն եւ պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման կարգը սահմանող ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշումներում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի նախագծի ընդունումը առաջիկա տարիների պետական բյուջեներում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջացնում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն