Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-814-03.04.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 23-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 16.1-րդ կետով.

«16.1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցները եւ նորմատիվները, ֆինանսավորման կարգերը.»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից՝ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետի համաձայն՝ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Արդյունքում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) կողմից հաստատվում են մի շարք հրամաններ, որոնք հանգեցնում են բյուջետային գործընթացներում քննարկված եւ հաստատված բյուջետային հատկացումների չափաքանակների գերազանցմանը, ֆիսկալ ռիսկերի առաջացմանը եւ պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից շրջանառվող Նախարարի մի շարք հրամանների նախագծեր՝ ՀՀ ֆինանսների նախարարության բացասական եզրակացության պարագայում, գրանցվում են եւ դառնում իրավական ակտ:

Փաստորեն, Նախարարի կողմից միակողմանի ընդունվում են պետական բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ լրացուցիչ ծախսեր առաջացնող իրավական ակտեր:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հանրակրթության ծրագրի» շրջանակներում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ, ուստի պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունը ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով, առաջարկում ենք հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցները եւ նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատել ոչ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով, այլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը, որը թույլ կտա խուսափել պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնումից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

5. Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում կառաջանա այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որեւէ փաստաթղթից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն