Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-701-16.01.2015,25.03.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100 օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով. «3. Մխիթար գոշի մեդալով պարգեւատրվում են նաեւ այն անձինք, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում:»:

Հոդված 2 . Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «աշխատանքի» բառից հետո լրացնել «, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցելու» բառերով.

2)  2-րդ մասը «գործիչները» բառից հետո  լրացնել «, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցած անձինք:» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել ՀՀ պետական պարգեւների, մասնավորապես՝ Երախտագիտության մեդալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում նշանակալի եւ ծանրակշիռ ավանդ  ունեցող օտարերկրյա քաղաքացիներին պարգեւատրելու հարցը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ  հոդվածի 16-րդ կետը, համաձայն որի` Հանրապետության Նախագահը պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ըստ որի՝ այդ օրենքով սահմանված կարգով՝ նաեւ օտարերկրյա քաղաքացիներին՝ հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, խաղաղության եւ միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ այլ ծառայությունների համար: Գործող օրենքի 25-րդ հոդվածի համաձայն Երախտագիտության մեդալով պարգեւատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների գործիչները, մինչդեռ կան նաեւ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում, սակայն մինչ այժմ պարգեւի համապատասխան տեսակով` երախտագիտության մեդալով չեն պարգեւատրվել: Օրինակ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն, Սենատի անդամ Մարկ Քըրքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Հովարդ Բերմանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ. Ռոյսը, պետական-քաղաքական գործիչ Ջիմ Կարիջիաննիսը (ԿԱՆԱԴԱ), Ջորջ Ռադանովիչը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբը եւ հասարակական, պետական-քաղաքական այլ գործիչներ պարգեւատրվել են Մխիթար Գոշի մեդալով, այնինչ՝ ներկայումս արդեն իսկ հնարավոր կլինի նման գործիչներին պարգեւատրել Երախտագիտության մեդալով: