Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-791-04.03.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 եւ ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» եւ «թ1» կետերով սահմանված դեպքերի»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծերի ընդունման նպատակը՝ վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» եւ «թ1» կետերով սահմանված դեպքերի եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» եւ 2.1-ին մասի «է» եւ «է1» կետերով սահմանված դեպքերի) ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում, խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչներին հավելյալ ժամկետի տրամադրումն է լիցենզիայի գործունեության կասեցում չկիրառելու նպատակով:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր եւ տուգանքներ) ունենալու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է: Խնդիրն այն է, որ գործող բիզնեսի համար նշված պահանջը կատարելու համար երբեմն անհրաժեշտ է լրացուցիչ ժամկետ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» եւ «թ1» կետերով սահմանված դեպքերի եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» եւ 2.1-ին մասի «է» եւ «է1» կետերով սահմանված դեպքերի) ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում, նրանց լրացուցիչ տրամադրել եւս 10 օր ժամկետ, նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքին:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում՝ վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» եւ «թ1» կետերով սահմանված դեպքերի եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» եւ 2.1-ին մասի «է» եւ «է1» կետերով սահմանված դեպքերի) ժամկետանց պարտավորությունների կատարման համար լրացուցիչ ժամկետի սահմանմամբ ակնկալվում է լիցենզիայի կասեցումը որոշակի ժամկետով հետաձգել, դրանով իսկ նպաստելով գործող բիզնեսի բնականոն ընթացքին:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն