Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-786-28.02.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 8-րդ մասում «անաչառ նախաքննություն» բառերից առաջ լրացնել «համակողմանի եւ» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝

«1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝

(...)

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Գլխավոր դատախազը ղեկավարում եւ վերահսկում է դատախազության գործունեությունը եւ պատասխանատու է դատախազության բնականոն գործունեության ապահովման համար:»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 17-րդ մասի (սույն մասով սահմանվում են 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը գործող քննչական ենթակայության կանոնները) 13-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա, որպես վերջին միջոց, անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի եւ անաչառ [ընդգծումը մերն է] նախաքննության կատարումն ապահովելու համար:

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ քննչական ենթակայության կանոնները սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա, որպես վերջին միջոց, անհրաժեշտ է անաչառ [ընդգծումը մերն է] նախաքննության կատարումն ապահովելու համար:

Ինչպես բխում է վերոշարադրյալ կարգավորումներից, 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ իրավասությունը՝ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը նախաքննության մեկ այլ մարմնի հանձնարարելու վերաբերյալ, սահմանափակվելու է բացառապես իրականացվող նախաքննության անաչառությունն ապահովելու նպատակով: Մինչդեռ, իրավակիրառ պարկտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ շատ ավելի հաճախ ՀՀ գլխավոր դատախազի՝ վերոշարադրյալ բացառիկ լիազորության իրականացման հիմք է հանդիսանում ոչ թե քննության անաչառությունը, այլ քննության համակողմանիությունն ապահովելու հրամայականը: Դիցուք, կոռուպցիոն հանցանքների վարույթներով հնարավոր են դեպքեր, երբ տեւական ժամանակ քննված քրեական վարույթով բացահայտվի կոռուպցիոն հանցանք, ապա ՀՀ գլխավոր դատախազը, որպես քննության համակողմանիությունն ապահովելու վերջին միջոց, դրա նախաքննության կատարումը կարող է հանձնարարել այդ քրեական վարույթով ի սկզբանե նախաքննություն իրականացրած քննչական մարմնին: Այլ խոսքով, քրեական վարույթի ընթացքում կարող են ի հայտ գալ այնպիսի հանգամանքներ, որոնք ողջամիտ կասկածներ կարող են առաջացնել տվյալ նախաքննական մարմնի կողմից համակողմանի նախաքննություն կատարելու վերաբերյալ, որպիսի պայմաններում, ՀՀ գլխավոր դատախազը, ըստ էության հանդիսանալով մինչդատական վարույթի օրինականության համար պատասխատվություն կրող բարձրագույն պաշտոնատար անձը, պետք է օժտված լինի բավարար գործիքակազմով՝ քննության օրինականության անհրաժեշտ բաղադրիչ հանդիսացող համակողմանիությունն ապահովելու համար:

Ընդ որում, հարկ է արձանագրել, որ եթե ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը չէր նախատեսում ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան որոշման կայացում, ապա ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 181-րդ հոդվածը նախատեսում է ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան որոշման կայացում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետք է լինի օրինական եւ հիմնավոր:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 8-րդ մասում կատարել լրացում՝ ՀՀ գլխավոր դատախազին հնարավորություն ընձեռելով նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը նախաքննության մեկ այլ մարմնի հանձնարարել ոչ միայն իրականացվող նախաքննության անաչառությունն ապահովելու, այլ նաեւ քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի համար կապահովվի անհրաժեշտ գործիքակազմ քննության համակողմանիությունը եւ անաչառությունն ապահովելու համար:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն