Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7637-15.01.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.9-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 31.9

ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱԴՄԻՆԻՍՏԱՐՏԻՎ ՄԱՏՉՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222.25. Խաղային ոլորտի կարգավորման Օպերատորի տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների կառավարման եւ էլեկտրոնային կառավարման համակարգին ադմինիստրատիվ մատչման լիազորություններ ստանալու վերաբերյալ օրենքով սահմանված վերահսկող մարմնի դիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:

1. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով:

2. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում եւ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

3. Սույն գլխով նախատեսված գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը պարտավորեցնում է խաղային ոլորտի կարգավորման Օպերատորին կատարելու հայցվող գործողությունը:

4. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

5. Գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է օրենքով սահմանված վերահսկող մարմնին եւ խաղային ոլորտի կարգավորման օպերատորին:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: