Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-715-06.02.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը գործող խմբագրությամբ ունի հետեւյալ բովանդակությունը. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091 -րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով առաջարկություն ստանալիս գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կայացնում է որոշում մեղադրական եզրակացությունը վերահաստատելու վերաբերյալ եւ ներկայացնում դատարան կամ անում նույն օրենսգրքի 3091 -րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված միջնորդություններից որեւէ մեկը»: Այսինքն՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը հղում է կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091 -րդ հոդվածի 5-րդ մասին, որը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 02.04.2010թ. ընդունված ՍԴՈ-872 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր նշված որոշման մեջ նշել է. «Այս պարագայում լիարժեք հաշվի չի առնվել այն կարեւոր սկզբունքի պահպանումը, համաձայն որի` դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում եւ պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը (ՀՀ քր. դատ. օր. 23-րդ հոդված)` սկզբունք, որը նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված` դատարանի անկախության եւ անկողմնակալության, ինչպես նաեւ մրցակցային դատավարության եւ կողմերի հավասարության սկզբունքների ապահովմանը»:

Այսինքն՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումը նախատեսում է նորմ, որը սահմանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այն նորմի վերաբերյալ ընթացակարգային կանոն, որն արդեն իսկ ճանաչվել է հակասահմանադրական:

Առաջարկվող լուծումները: Հաշվի առնելով վերը նշված իրավիճակը եւ խնդիր ունենալով ապահովելու համակարգային եւ միասնական իրավակարգավորում՝ սույն նախագծով առաջարկվում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Ակնկալվող արդյունքը: Նշված փոփոխությունների իրականացմամբ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքի իրականցումը՝ բացառելով հղումներ այնպիսի նորմերին, որոնց գործողությունն արդեն իսկ դադարել է: