Armenian ARMSCII Armenian
Կ-7444-14.12.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի
ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դատախազների ծառայողական առաջխաղացման որեւէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ՝ ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում համապատասխան դատախազին ծանուցում է էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնելու կամ դրանում առկա տեղեկատվությունը թարմացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան դատախազը տասնօրյա ժամկետում լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը կամ թարմացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում առկա տեղեկությունը: Սույն ժամկետը լրանալուց հետո Որակավորման հանձնաժողովի նախագահը մեկօրյա ժամկետում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որեւէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա՝ գլխավոր դատախազի հրամանով: Զեկուցագրի ներկայացումից հետո՝ տասնօրյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որեւէ ցուցակում ընդգրկվելուն հավակնող դատախազը լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը կամ թարմացնում է էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում առկա տեղեկատվությունը: Որակավորման հանձնաժողովի նախագահը դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9.1. նա սույն օրենքի 50-րդ հոդվածի 15.1-ին մասով սահմանված ժամկետում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը չի լրացնում կամ դրանում առկա տեղեկությունը էլեկտրոնային համակարգում չի թարմացնում.»:

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկ:»:

Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 15.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում որակավորման հանձնաժողովը եռօրյա ժամկետում համապատասխան դատախազին ծանուցում է էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացնելու կամ դրանում առկա տեղեկությունը թարմացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան դատախազը տասնօրյա ժամկետում լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը կամ թարմացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում առկա տեղեկությունը: Սույն ժամկետը լրանալուց հետո Որակավորման հանձնաժողովի նախագահը մեկօրյա ժամկետում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 50.1-ին հոդվածով.

«Հոդված 50.1. Դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

1. Դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ: ՀՀ գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում:

2. Այն դեպքում երբ դատախազների թեկնածությունների ցուցակում կամ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելիս համապատասխան թեկնածուն անցել է բարեվարքության ուսումնասիրություն, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության իրականացման ժամկետի հաշվարկը սկսվում է դատախազների թեկնածությունների ցուցակում կամ դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից:

3. Դատախազների կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

4. Բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը լրացվում է յուրաքանչյուր երրորդ տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

5. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության արդյունքում ընդունված խորհրդատվական բնույթի եզրակացությունները տրամադրում է գլխավոր դատախազին:»:

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով իսկ 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) դատախազի կողմից այնպիսի վարքագիծ դրսեւորելը կամ գույքային դրության առնչությամբ խնդրի առկայությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն:»:

Հոդված 7. Օրենքի 56-րդ հոդվածում.

1. 1-ին մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2. 1-ին մասում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5) Սույն օրենքի 50.1-րդ հոդվածով սահմանված խորհրդատվական բնույթի բացասական եզրակացության դեպքում:»:

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.

«1.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը պարտադիր հարուցում է կարգապահական վարույթ:»:

4. 6-րդ մասում «իրավունքների եւ պարտականությունների իրականացման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարգապահական վարույթի արդյունքների հրապարակման» բառերը:

5. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին մասով.

«8.1. Կարգապահական վարույթը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքում բացասական բնույթի եզրակացությունը տրամադրելու պահից հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելու պահից երեք տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող կարգապահական վարույթների): Բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում գույքային դրության առնչությամբ խախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական վարույթը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը տրամադրելու պահից հետո՝ մեկ տարվա ժամկետում:»:

Հոդված 8. Օրենքի 57-րդ հոդվածը.

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9.1-ին մասով.

«9.1. Դատախազության կայքէջում հրապարակվում է տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում հարուցված կարգապական վարույթի արդյունքների վերաբերյալ համապատասխան որոշումը կայացնելու պահից հետո 10-օրյա ժամկետում՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տվյալների:»:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում դատախազների կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2.  Մինչ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացվում են թղթային տարբերակով՝ օրենքով սահմանված կարգով:

3. Դատախազների բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է հետեւյալ հաջորդականությամբ՝ 2024 թվականին՝ 30 տոկոս, 2025 թվականին՝ 35 տոկոս, 2026 թվականին՝ 35 տոկոս՝ հիմք ընդունելով հետեւյալ հերթականությունը՝ մարզերի, Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների, ապա՝ զինվորական դատախազության, այնուհետեւ՝ գլխավոր դատախազության դատախազներ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում: