Armenian ARMSCII Armenian
Կ-7443-14.12.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկ:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, իսկ 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի վարքագիծ դրսեւորելը կամ գույքային դրության առնչությամբ խնդրի առկայությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն:»:

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «իրավասություն ունեցող» բառերից հետո լրացնել « մարմինը կամ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի.

1. 2-րդ մասում «զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն օրենքի 35.1-ին հոդվածով նախատեսված բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում ներկայացրած խորհրդատվական բնույթի բացասական եզրակացության»:

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում կարգապահական հանձնաժողովը պարտադիր հարուցում է ծառայողական քննություն:»:

3. 3-րդ մասում  «կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ծառայողական քննության արդյունքների հրապարակման կարգը» բառերը:

4. 8-րդ մասում «Կարգապահական վարույթը» բառերը փոխարինել «Ծառայողական քննությունը» բառերով:

5. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին մասով.

«8.1. Ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքում բացասական բնույթի եզրակացությունը տրամադրելու պահից հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց երեք տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող ծառայողական քննությունների): Բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում գույքային դրության առնչությամբ խախտում հայտնաբերելու դեպքում ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը տրամադրելու պահից հետո՝ մեկ տարվա ժամկետում:»:

6. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 24-րդ մասով.

«24. Հակակոռուպցիոն կոմիտեի կայքէջում հրապարակվում է տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում հարուցված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան որոշումը կայացնելու պահից հետո 10-օրյա ժամկետում՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տվյալների:»:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1. 15-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ նախաձեռնելով հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ներառելու գործընթաց.».

2. 15-րդ մասում ավելացնել 2.1 կետ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց առաջխաղացման ցուցակում.».

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին, 15.2-րդ եւ 15.3-րդ մասերով.

«15.1. Սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո Հանձնաժողովը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ծանուցում է՝ տասնօրյա ժամկետում բարեվարքության ուսումնասիրության հարցաթերթիկի՝ էլեկտրոնային համակարգում լրացնելու կամ թարմացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

15.2. Սույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում Հանձնաժողովը առաջխաղացման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

15.3. Սույն հոդվածի 15.2-րդ մասում նշված անձանց բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ այն երեք օրվա ընթացքում տրամադրվում է Հանձնաժողովին, որը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ:»:

4. 17-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«17. Հանձնաժողովի որոշումը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո (բացառությամբ սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելու դեպքի)՝ եռօրյա ժամկետում, ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելու դեպքում եռօրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն հոդվածի 15.3-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելուց հետո:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.

«Հոդված 35.1. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում:

2. Այն դեպքում, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը եւ առաջխաղացման ենթակա անձը անցել են բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության իրականացման ժամկետի հաշվարկը սկսվում է համապատասխան ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից:

3. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

4. Բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը լրացվում է մինչեւ յուրաքանչյուր երրորդ տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

5. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված խորհրդատվական բնույթի եզրակացությունները տրամադրում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ բացասական եզրակացությունները՝ նաեւ կարգապահական հանձնաժողովին:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Մինչ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացվում են թղթային տարբերակով՝ օրենքով սահմանված կարգով: