Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-696-25.12.2014-ԱՀ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՅՆԵՐԻ, ԱՍՈՐԻՆԵՐԻ, ԵԶԴԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
 
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծի ընդունման

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ նրանից հետո (1912-1923թթ.) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորոծները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են  Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության՝ ուղղված հայ, հույն, ասորի, եզդի եւ այլ բնիկ ժողովուրդների դեմ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների եւ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան յոթ հարյուր հազար հույներ՝ կոտորածների, ինչպես նաեւ բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետեւանքով: Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994թ. փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998թ. սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայնհույների ցեղասպանության հիշատակի օր: Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին ընդունել է բանաձեւ (2397/1996)՝ ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության օր»: Իսկ բոլորովին վերջերս՝ 2014թ. սեպտեմբերի 9-ին, ընդունել է հայերի եւ պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձեւ: 2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որում 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են որպես ցեղասպանություն: Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրկանացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր: Ցավոք, ցեղասպանություններ տեղի են ունենում նաեւ մեր օրերում: Բոլորովին վերջերս Հյուսիսային Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդի ժողովուրդը ենթարկվեց մասսայական կոտորածի: Դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի դեմ իրականացված հանցագործությունը՝ նաեւ պարտավորվում ենք ունենալ մեր ներդրումը ապագայում նման ոճրագործությունները կանխելու հարցում: Ներկայացվող հայտարարության նախագիծը մշակվել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, մասնավորապես ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, եւ որը սահմանում է, որ կոնվենցիային միացող երկիրը պարտավորվում է կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իր սահմանադրությանը համապատասխան օրենսդրություն: Հայտարարության նախագիծը զարգացնում է պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետեւանքների հաղթահարման գործընթացին միտված իրավական եւ կազմակերպչական համակարգը:

Հիմք ընդունելով վերագրյալը եւ առաջնորդվելով ՄԱԿ-ի ներքոնշյալ կոնվենցիաներով.

«Ցեղասպանությա ոճրագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» 1948թ. կոնվենցիա,

«Ռազմական հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Ժնեւի 1968թ. կոնվենցիա, ինչպես նաեւ ելնելով Հայաստանի Հանրապետության մարդասիրական ավանդույթներից՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: