Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-031-15.07.2003-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 152-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 152. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի պահանջները չկատարելը

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները սահմանված կարգով կամ ժամկետներում չկատարելը`

- առաջացնում է նախազգուշացում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ:

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները նախազգուշացումից հետո պետական լիազոր մարմնի սահմանված կարգով եւ ժամկետներում չկատարելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասում նշված արարքը կատարելը, որն ուղղակի վտանգ է ներկայացրել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին`

- առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»

Հոդված 2. Օրենսգիրքը` 152-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 152.1-ին հոդվածով`

«Հոդված 152.1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելը

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում հաշվետվությունները կամ պարտադիր հրապարակման ենթակա իրազեկումները կամ ծանուցումները չհրապարակելը կամ չտրամադրելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Նոր ստեղծված կամ օրենքով սահմանված կարգով լիազորությունները դադարած բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից այդ մասին սահմանված ժամկետներում շենքի սեփականատերերին կամ համայնքի ղեկավարին չծանուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասում նշված արարքը, որի հետեւանքով պատճառվել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի վնաս՝

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով կամ դեպքերում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը կամ օրենքով սահմանված տեղեկանքները սահմանված կարգով կամ ժամկետներում շենքի սեփականատերերին չտրամադրելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»

Հոդված 3. Օրենսգրքի 219-րդ հոդվածում «152-156» թվերը փոխարինել «153-156» թվերով:

Հոդված 4. Օրենսգրքի 219.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները եւ համայնքի ղեկավարները

Տարածքային կառավարման մարմինները (մարզպետները, Երեւանի քաղաքապետը) քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 152.1-ին հոդվածի չորրորդ մասով նախատեսված իրավախախտումները:

Համայնքների ղեկավարները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 152.1 հոդվածի առաջինից երրրորդ մասերով նախատեսված իրավախախտումները, եթե իրավախախտումը չի կատարվել համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից:»

Հոդված 5. Օրենսգրքի 225-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 225. Պետական հրդեհային հսկողության մարմինները

Պետական հրդեհային հսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 122 եւ 187 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 152 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի խախտման մասով:

Պետական հրդեհային հսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

- հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը եւ նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն եւ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից բարձր չափով.

- հրդեհային հսկողության գծով ավագ պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երեսուն տոկոսի եւ պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչեւ հիսուն տոկոսի չափով.

- հրդեհային հսկողության գծով պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասը տոկոսի եւ պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչեւ քսան տոկոսի չափով:»

Հոդված 6. Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

Պետական սանիտարական հսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 42, 43 հոդվածներով, 80-86 հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմաների խախտումներ) եւ 87 հոդվածով (պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 152 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` սանիտարական կանոնների խախտման մասով:»

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի «244.8 Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը» հոդվածը.

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.11 հոդվածով

«Հոդված 244.11 Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 157-157.12-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ 152 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` քաղաքաշինական նորմերի կամ կանոնների խախտման մասով:

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

- քաղաքաշինական պետական տեսուչության պետը եւ նրա տեղակալները` 157-157.12 հոդվածներով նախատեսված դեպքերում՝ տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, իսկ 152 հոդվածով նախատեսված դեպքերում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.

- քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը` 157-157.12 հոդվածներով նախատեսված դեպքերում՝ տուգանք մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ 152 հոդվածով նախատեսված դեպքերում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.

- քաղաքաշինական պետական տեսուչները` նախազգուշացում:»

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: