Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6791-10.12.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել 2.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով:»:

Հոդված 2. Օրենսգրքի V-րդ բաժինը լրացնել 29.1-րդ գլխով հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 29.1 ԱՆԲՈՂՈՔԱՐԿԵԼԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

«Հոդված 216.1. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա hանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը

1. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (այսուհետ` բռնագանձման վերաբերյալ գործեր) հարուցվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով՝ այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա:

2. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարչա-կան դատարան կարող է ներկայացվել՝

1) եռամսյա ժամկետում` վարչական ակտն անբողոքարկելի դառնալու պահից.

2) երկամսյա ժամկետում՝ հարկադիր կատարողի կողմից հանրային իրավական դրամական պահանջով կատարողական վարույթը ավարտելու պահից։

3. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշմամբ վերանում է տվյալ վարչական ակտի անբողոքարկելի լինելը:

Հոդված  216.2. Բռնագանձման վերաբերյալ գործերով  հայցադիմումին  ներկայացվող պահանջները

1. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաեւ ներառում է տեղեկություններ՝

1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու եւ անբողոքարկելի դառնալու մասին,

2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որեւէ սահմանափակման առկայության մասին։

2. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը ներկայացվում է սույն օրենսգրքի 74-րդ հոդվածին համապատասխան: Հայցադիմումին կցվում է նաեւ բռնագանձման պահանջով վարչական դատարան դիմելու համար հիմք հանդիսացած վարչական ակտը:

Հոդված 216.3. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը  վերադարձնելը

1. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված հիմքերի, վերադարձվում է նաեւ սույն օրենսգրքի 216.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում:

Հոդված  216.4. Ապացուցման բեռը

1. Բռնագանձման վերաբերյալ գործերի քննության ընթացքում վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է համապատասխան վարչական ակտն ընդունած վարչական մարմինը:

Հոդված 216.5. Գործն ըստ էության լուծող դատական ակտերը

1. Սույն օրենսգրքի 216.1-ին հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու մասին՝ ամբողջությամբ բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.

2) հայցադիմումը մասնակիորեն բավարարելու մասին՝ վարչական ակտը ճանաչելով մասնակիորեն անվավեր կամ առ ոչինչ՝ մասնակիորեն բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.

3) հայցադիմումն ամբողջությամբ մերժելու մասին` վարչական ակտը ճանաչելով ամբողջությամբ անվավեր կամ առ ոչինչ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: