Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-678-10.12.2014-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «բացառապես բնապահպանական» բառերից հետո լրացնել «եւ առողջապահական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում «շրջակա միջավայրի պահպանության» բառերից հետո լրացնել «եւ առողջապահական» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) ընկերությունների գործունեությամբ պայմանավորված՝ համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված ներքոհիշյալ միջոցառումները՝

- կապված շրջակա միջավայրի աղտոտման բացասական ազդեցության հետ՝ բնակչության առողջական վիճակի պարբերական զննությունների, սկրինինգների իրականացում, դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով եւ այլ գույքով հագեցում.

- առողջապահական ծրագրերի մշակման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, ինչպես նաեւ համաճարակաբանական հսկողության իրականացում այն հիվանդությունների նկատմամբ, որոնք պայմանավորված են շրջակա միջավայրի աղտոտմամբ.

- համայնքի բնակիչների շրջանում շրջակա միջավայրի աղտոտմամբ պայմանավորված հիվանդությունների բուժման ծրագրերի իրականացում.

- կանխարգելիչ միջոցառումների իրականացում, այդ թվում՝ բնակչության տարբեր խմբերի համար առողջության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության վտանգավոր հետեւանքները նվազեցնելու նպատակով ուսուցողական ծրագրերի իրականացում, հիգիենիկ գիտելիքների քարոզչություն, հիգիենայի կանոնների պահպանման, խմելու ջրի օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

- հատուկ սննդակարգի մշակում եւ տրամադրում համայնքի շրջակա միջավայրի աղտոտվածությամբ պայմանավորված խոցելի խմբերի բնակիչներին.

- առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցված այլ համապատասխան միջոցառումներ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ օրենքի հիման վրա մի շարք համայնքներին տրվող սուբվենցիաների օգտագործման ուղղությունները եւ միջոցների օգտագործման նպատակայնությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Հայաստանի Հանրապետության 11 համայնքներ 2013 թվականի պետական բյուջեից 321.7 միլիոն դրամ ծավալով սուբվենցիաներ են ստացել: Նախատեսված ֆինանսավորվող միջոցառումների զգալի մասը խիստ անուղղակի կերպով է անդրադառնում Օրենքով սահմանված բնապահպանական վճարներ վճարող ընկերությունների գործունեության արդյունքում համայնքներում առաջացող բնապահպանական եւ առողջապահական խնդիրների լուծմանը: Չնայած Օրենքն ընդհանուր գծերով սահմանում է միջոցների օգտագործման հիմնական ուղղությունները, սակայն հստակեցված չլինելու պատճառով որպես բնապահպանական եւ առողջապահական միջոցառումներ են դիտարկվում փողոցների նորոգումն ու ասֆալտապատումը, խաղահրապարակների նորոգումը, նախադպրոցական հաստատությունների երեխաներին եւ հղիներին սննդի տրամադրումը, ամբուլատորիայի տանիքի վերանորոգումը եւ այլ նման միջոցառումներ: Անհրաժեշտ է միջոցները օգտագործել ավելի նպատակային եւ դրանք ուղղել այնպիսի միջոցառումների ֆինանսավորմանը, որոնք կօգնեն կանխարգելել, նվազեցնել կամ վերացնել ընկերությունների կողմից համայնքների էկոհամակարգին եւ բնակչության առողջությանը հասցրած վնասի հետեւանքները:

Հանրապետությունում առողջապահության բնագավառում տարվող քաղաքականությունը նպատակաուղղված է բնակչությանը մատուցվող ծառայությունների քանակի ավելացմանը եւ որակի բարելավմանը: Օրենքի կարգավորման ոլորտում գտնվող համայնքներում գոյություն ունեն առողջապահական խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: Օրենքում փոփոխությունների կատարումը հնարավորություն կտա ֆինանսական միջոցներն ուղղել առաջնահերթ ճանաչված առողջապահական խնդիրների լուծմանը:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում ավելի հստակ կսահմանվի առողջապահական այն ծրագրերի եւ միջոցառումների շրջանակը, որոնք կարող են ֆինանսավորվել Օրենքի համաձայն հավաքագրվող ֆինանսական միջոցների հաշվին եւ կբարելավվի ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը: