Armenian ARMSCII Armenian
Կ-6871-23.10.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում.

1. 3-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Սույն օրենքի իմաստով նվեր չեն համարվում ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը:»:

2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետեւյալ նվերները.

1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

2) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.

3) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները.

4) օրենքով սահմանված դեպքերում որպես պարգեւատրում, պետական պարգեւ կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ Վարչապետի կողմից որպես պարգեւատրում տրվող զենքը:»:

2. 6-րդ մասում «4-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով:

3. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն դարձող նվերները տնօրինվում են համապատասխանաբար «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում.

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

««Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված նվերների հաշվառումն իրականացնում է Պետական արարողակարգային ծառայությունը:»:

2. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

3. 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն մասով նախատեսված կարգերով կարող են սահմանվել առանձնահատկություններ՝ պետական մարմիններում առանձին պաշտոնների կամ առանձին պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հաշվառվող նվերների վերաբերյալ հրապարակվող տեղեկությունների սահմանափակման անհրաժեշտությամբ պայմանավորված:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը եւ 2-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ են մտնում ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ակտերի ընդունմանը հաջորդող օրվանից: