Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-424-24.12.2013,25.11.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 4-րդ հոդվածը «թերթն է» բառից հետո լրացնել «, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում դատական ակտերը (որոշում, վճիռ, դատավճիռ):» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ վիճակը եւ առկա խնդիրները

Գործող իրավակարգավորման շրջանակներում սնանկ ճանաչված պարտապանի շարժական գույքը հրապարակային սակարկություններով կամ ուղղակի վաճառքով վաճառելու դեպքում, եթե գնված գույքի նախկին սեփականատերը հրաժարվում կամ խուսափում է գույքը հանձնել նոր սեփականատիրջը, ապա գույքի սեփականատերը ստիպված է լինում դիմել դատարան՝ գնված գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցով: Սնանկ ճանաչված պարտապանի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով կամ ուղղակի վաճառքով գնած անձը գույքի նախկին սեփականատիրոջը, ինչպես նաեւ այն անձնաց, որոնց օգտագործման իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցված չէ, անշարժ գույքից վտարելու համար ստիպված է դիմելու դատարան՝ վերը նշված անձանց վտարելու համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, որպես ընդհանուր սկզբունք, սահմանում է, որ վաճառողը պարտավոր է գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից ազատ գույք:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գույքի օտարման դեպքում, որպես վաճառող, հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը: Այսօր գոյություն ունեցող կարգավորումը խոչընդոտում է պարտապանի գույքի օտարման արդյունավետ մեխանիզմի ստեղծմանը: Օտարվող գույքի պոտենցիալ գնորդները խուսափում են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության սահմանված օրենքով օտարվող գույք գնելուց, քանի որ չի բացառվում գույքը գնելուց հետո ստիպված լինեն ներքաշվել դատական պրոցեսի մեջ, որպեսզի ապահովեն իրենց, որպես սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը եւ գնված գույքի փաստացի տնօրինմանը անցնելը: Արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ գնորդների սակավության պատճառով հրապարակային սակարկություններով վաճառված գույքի գինը անհամեմատ ցածր է լինում գույքի շուկայական արժեքից: Հաշվի առնելով սնանկության իրավահարաբերությունների այն առանձնահատկությունը, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենում դատարանի հսկողության տակ, որը եւ ապահովում է ամբողջ գործընթացի օրինականությունը, գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ավելի դյուրացնել «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով օտարվող գույքի վաճառքի գործընթացը:

2. Առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ - 424 - 24.12.2013 - ՊԻ - 010/0) վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը, որում հայտնվում էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվում է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որոնցում բացառվում է կատարողական թերթի տրամադրումը եւ նախատեսվում, որ հարկադիր կատարման պետք է ներկայացվեն դատական ակտերը (վճիռներ եւ որոշումներ) ու առաջարկվում ներկայացված օրենքի նախագիծը քննարկել եւ վերախմբագրել նշված մոտեցման շրջանակներում:

Առաջարկվող լրացմամբ դատական ակտերի (որոշում, վճիռ, դատավճիռ), որպես հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմք լրացնելը համահունչ կլինի կատարողական վարույթի վերաբերյալ կառավարության մոտեցմանը:

Օրենքում առաջարկվող լրացումը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտապանի գույքը վաճառելու դեպքում սնանկության կառավարչին անհրաժեշտության դեպքում կպարտավորեցնի դիմել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը կայացրած դատարանին գնված գույքը (շարժական) գնորդին հանձնելու համար որոշում տալու համար:

Անշարժ գույքի վաճառքի դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է դիմել սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացրած դատարանին, վաճառված բնակարանը, բնակելի տունը կամ այլ շինությունը զբաղեցնող պարտապանին, ինչպես նաեւ այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու համար որոշում տալու համար:

Առաջարկվող լրացումը կապահովի՝

1. պարտապանի գույքի օտարման առավել արդյունավետ, համապարփակ մեխանիզմի ներդրում,

2. գույքի գնորդին կազատնի իր սեփականության իրավունքը ամբողջ ծավալով իրականացնելու համար դատական պաշտպանության դիմելու անհրաժեշտությունից,

3. առանց այդ էլ ծանրաբեռնված դատարաններին անհարկի միջամտությունից,

4. պարտատիրոջ եւ պարտապանի շահերի պաշտպանություն:

3.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է «Հայ-ամերիկյան բարեկամություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրենսդիր-հասարակություն ակտիվ կապ» ծրագրի շրջանակներում:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գույքի օտարման գործընթացների թվի աճ, գնորդների իրավունքների պաշտպանություն, առավել բարձր գնով գույքի օտարում, որի արդյունքում կպաշտպանվեն ինչպես պարտատիրոջ, այնպես էլ պարտապանի շահերը: