Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-666-18.11.2014-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈւԽ 1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1.ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրենքը կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի եւ վիտամինների  բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության վրա անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման եւ հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է այդ  ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների իրավասությունները եւ իրավաբանական ու ֆիզիկական անձանց պարտականությունները:

ՀՈԴՎԱԾ 2. ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1.Ցորենի ալյուրի հարստացման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

2.Եթե Հայաստանի Հանրապետության  վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3.ՕՐԵՆՔՈՒՄ  ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ցորենի ալյուրի հարստացում (ֆորտիֆիկացիա)` ալյուրի սննդային արժեքի բարձրացման, ինչպես նաեւ անհրաժեշտ միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության կանխարգելման նպատակով, ալյուրում դրանցից մեկի կամ մի քանիսի ավելացում, որոնք ի սկզբանե բացակայում են կամ առկա են ոչ բավարար քանակով կամ վերացել են ալյուրի արտադրման գործընթացում.

2) հարստացված ցորենի ալյուրի անվտանգություն` երաշխիք, որ հարստացված ցորենի ալյուրը պիտանիության սահմանված ժամկետում, ըստ նշանակության օգտագործելու դեպքում, վնասակար ազդեցություն չի ունենա մարդու կյանքի եւ առողջության վրա.

3) վիտամինահանքանյութային հավելումներ (այսուհետ՝ պրեմիքսներ)` հավելանյութեր, որոնք ավելացվում են ցորենի ալյուրի հարստացման գործընթացում եւ պարունակում են վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք  նպաստում են մարդու առողջության պահպանմանը եւ օրգանիզմում դրանց անբավարարության հետեւանքով առաջացող հիվանդությունների կանխարգելմանը,

4) միկրոնուտրիենտներ`  վիտամիններ, հանքային նյութեր, մետաղներ, ամինաթթուներ, ճարպային թթուներ, որոնք   գիտականորեն ապացուցված քանակներով անփոխարինելի են մարդու օրգանիզմի նորմալ զարգացման եւ նյութափոխանակության համար,

5) հարստացված ցորենի ալյուրի որակ՝ հարստացված ցորենի ալյուրը բնութագրող ֆիզիկաքիմիական եւ զգայորոշիչ ցուցանիշների համադրելիություն,

6) ցորենի ալյուրի  հարստացման կանոնակարգ՝ նորմատիվ իրավական ակտ, որով սահմանվում են ցորենի ալյուրի հարստացման գործընթացին ներկայացվող պարտադիր պահանջները, վիտամինների եւ միկրոտարրերի պարտադիր քանակը եւ այլ պայմաններ,

7) ցորենի ալյուրի հարստացման գործընթացի մշտադիտարկում՝ պետական կառավարման իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից ցորենի ալյուրի հարստացման գործընթացի, դրան օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով ներկայացվող պահանջների կատարման, ինչպես նաեւ ցորենի ալյուրի հարստացման արդյունքում հանրային առողջության ցուցանիշների  վերաբերյալ տվյալների շարունակական հավաքագրում եւ դիտարկում:

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ

1. Օրական 30 տոննա եւ ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվում է պրեմիքսներով` սույն օրենքին համապատասխան:

2. Օրական մինչեւ 30 տոննա հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրը  կարող է հարստացվել պրեմիքսներով` սույն օրենքին համապատասխան:

3. Ալյուրի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը ալյուրի հարստացման համար պետք է օգտագործեն միայն ալյուրի հարստացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված պրեմիքսներ:

4. Հարստացված ցորենի ալյուրի համար նախատեսված սարքավորումները, նյութերը եւ հումքը պետք է համապատասխանեն ցորենի ալյուրի հարստացման  կանոնակարգի պահանջներին:

5. Պետական նյութական պահուստի ցորենից վերամշակված ալյուրը ենթակա է պարտադիր հարստացման` սույն օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 2.  ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈւՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐԻ Ու ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈւԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 5. ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ.

1. Ցորենի ալյուրի հարստացման ոլորտում վարվող քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

1) ճանաչել բնակչությանը հարստացված ցորենի ալյուրով ապահովելը որպես բնակչության առողջության պահպանման առաջնահերթություններից մեկը ,

2) հարստացված ցորենի ալյուրի արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման եւ օգտագործմանը ներկայացվող պահանջների միասնականությունը,

3) ցորենի ալյուրի հարստացման գործընթացի եւ հարստացված ցորենի ալյուրի շրջանառության եւ օգտագործման փուլերի մշտադիտարկումը,

4) հարստացված ցորենի ալյուրի որակական հատկանիշների նկատմամբ հսկողության իրականացման միասնական մեթոդների կիրառումը:

ՀՈԴՎԱԾ 6. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐԻ ԵՎ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Բնակչության շրջանում միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության կանխարգելման ոլորտում պետական կարգավորման հիմնական ուղղություններն են.

1) բնակչության համար ցորենի հարստացված ալյուրից պատրաստված սննդամթերքի ապահովման նպատակով սոցիալական, առողջապահական, տնտեսական, իրավական եւ կազմակերպչական միջոցառումների իրականացումը,

2) հարստացված ցորենի ալյուրի, ինչպես նաեւ հարստացված ցորենի ալյուրից պատրաստված սննդամթերքի եւ միկրոնուտրիենտների որակի եւ անվտանգության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը,

3) հարստացված ցորենի ալյուրի, հարստացված ցորենի ալյուրից պատրաստված սննդամթերքի, ինչպես նաեւ ցորենի ալյուրի հարստացման համար օգտագործվող պրեմիքսների արտադրության խթանումը,

4) բնակչության շրջանում միկրոնուտրիենտների անբավարարության կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը, մշտադիտարկումը եւ գնահատումը,

5) միջազգային համագործակցությունը,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ուղղություններ:

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Ցորենի ալյուրի հարստացման, հարստացված ցորենի ալյուրի եւ դրանցից արտադրված սննդամթերքի շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

1) իրականացնում է միասնական պետական քաղաքականություն,

2) ընդունում է արտադրության եւ շրջանառության փուլերում հարստացված ցորենի ալյուրի անվտանգության ապահովումը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր,

3) միջոցներ է ձեռնարկում հարստացված ցորենի ալյուրի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տնտեսական գործունեության խթանման ուղղությամբ,

4) միջազգային համագործակցություն է իրականացնում  հարստացված ցորենի ալյուրի արտադրման, դրա անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար նյութատեխնիկական բազայի ստեղծման համար ներդրումներ ներգրավելու նպատակներով,

5) հաստատում է ցորենի ալյուրին ավելացվող  թուլատրված պրեմիքսների ցանկը եւ  չափաքանակները.

6) հաստատում է ցորենի ալյուրի հարստացման կանոնակարգը,

7) հաստատում է ցորենի ալյուրի հարստացման գործընթացի եւ  հարստացված ցորենի ալյուրի շրջանառության եւ օգտագործման փուլերի մշտադիտարկման կարգը,

8) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հարստացված ցորենի ալյուրի անվտանգության ոլորտում միջազգային չափանիշների ու պահանջների ներդրումը:

ՀՈԴՎԱԾ 8. ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Ցորենի ալյուրի հարստացման, հարստացված ցորենի ալյուրի եւ դրանցից արտադրված սննդամթերքի շրջանառության ոլորտում գյուղատնտեսության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը`

1) իրականացնում է ալյուրի արտադրության փուլում ցորենի հարստացման գործընթացի մշտադիտարկումը,

2) իրականացնում է միջազգային եւ միջգերատեսչական համագործակցություն,

3) հաստատում է ալյուրի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրություններում տեղակայված հոսքային գծերի հզորությունների եւ արտադրված ու հարստացված կամ չհարստացված ալյուրի ծավալների վերաբերյալ գրավոր հաշվետվության ձեւը,

4) իրականացնում է սույն օրենքով եւ այլ օրենքներով վերապահված իրավասություններ:

2. Ցորենի ալյուրի հարստացման, հարստացված ցորենի ալյուրի եւ դրանցից արտադրված սննդամթերքի շրջանառության ոլորտում սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմինը`

1) իրականացնում է  մշտադիտարկում առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում, հանրային սննդի ծառայություններում կիրառվող ցորենի ալյուրի նկատմամբ,

2) հարստացված ցորենի ալյուրի, ինչպես նաեւ հարստացված ցորենի ալյուրից պատրաստված սննդամթերքի որակի եւ անվտանգության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում,

3) միջազգային եւ միջգերատեսչական համագործակցություն,

4) սույն օրենքով եւ այլ օրենքներով  վերապահված  իրավասություններ:

ՀՈԴՎԱԾ 9. ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ, ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

1. Ցորենի ալյուրի հարստացման, հարստացված ցորենի ալյուրի եւ դրանցից արտադրված սննդամթերքի շրջանառության ոլորտում առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է.

1) ցորենի ալյուրի հարստացման արդյունքում բնակչության շրջանում միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության կանխարգելման նպատակով առողջապահության բնագավառում պետական քաղաքականությունից բխող  առողջապահական  ծրագրերի մշակում  եւ իրականացում,

2) տնային տնտեսություններում միկրոտարրերով հարստացված ալյուրի օգտագործման ընդգրկվածությունը պարզելու նպատակով մշտադիտարկման իրականացում,

3) ցորենի ալյուրի հարստացմամբ պայմանավորված բնակչության առողջության ցուցանիշների նկատմամբ մշտադիտարկում,

4) ցորենի ալյուրի հարստացմամբ պայմանավորված բնակչության առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների կազմակերպական - մեթոդական օժանդակում,

5)մարդու օրգանիզմում միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության պայմանավորված բնակչությանն առողջական վիճակը ուսումնասիրում, հիվանդացության եւ մահացության նվազեցման ծրագրերի մշակում եւ իրականացում,

6) հարստացված ցորենի ալյուրի եւ հարստացված ցորենի ալյուրից պատրաստված սննդամթերքի մթերքների մեջ միկրոնուտրիետների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների հետեւանքների, ռիսկի, ինչպես նաեւ հարստացված ալյուրի եւ այն կազմող տարրերի օգտագործման անհրաժեշտության վերաբերյալ բնակչության իրազեկման միջոցառումների անցկացում,

7) բնակչության առողջ ապրելակերպի քարոզչություն կազմակերպում,

8) միջազգային եւ միջգերատեսչական համագործակցություն,

9) սույն օրենքով  եւ այլ օրենքներով վերապահված իրավասություններ:

ԳԼՈւԽ 3. ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 10. ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հարստացված ցորենի ալյուրի արտադրության, փոխադրման, պահպանման եւ իրացման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ապահովել դրա անվտանգությունը եւ որակը`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա արտադրության, պահման, փոխադրման եւ (կամ) իրացման գործընթացներին ներկայացվող պահանջների պահպանմամբ:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցորենի ալյուր արտադրողները պարտավոր են  հարստացնել բարձր եւ առաջին կարգի ալյուրը` սույն օրենքով, ինչպես նաեւ ցորենի ալյուրի հարստացման կանոնակարգով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետությունում ալյուրի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարի մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին պետք է ներկայացնեն տարեկան գրավոր հաշվետվություն` տեղակայված հոսքային գծերի հզորությունների,  հարստացված կամ չհարստացված ցորենի ալյուրի արտադրության ծավալների վերաբերյալ վերաբերյալ:  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալները դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում տրամադրում է սննդամթերքի շրջանառության ոլորտում սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնին:

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ, ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ եւ ՄԱԿՆՇՄԱՆԸ (ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Հարստացված ցորենի ալյուրի, ինչպես նաեւ հարստացված ցորենի ալյուրից ստացված արտադրանքի փաթեթավորումը պետք է ապահովի դրանում պրեմիքսների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված քանակական բաղադրության պահպանումը եւ համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերին:

2. Հարստացված ցորենի ալյուրի եւ դրանից ստացված արտադրանքի յուրաքանչյուր միավորի մակնշումը բացի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով պահանջների, հայերեն լեզվով պետք է ներառի`

1) «հարստացված է միկրոտարրերով եւ վիտամիններով» գրառումը,

2) ցորենի ալյուրի հարստացման համար օգտագործված պրեմիքսների անվանումը եւ քանակը,

3) հարստացված ցորենի ալյուրի, ինչպես նաեւ հարստացված ցորենի ալյուրից պատրաստված սննդամթերքի մակնշման համար պրեմիքսների անվանումներ պարունակող լոգոտիպը` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Հարստացված ցորենի ալյուրի, ինչպես նաեւ հարստացված ցորենի ալյուրից ստացված արտադրանքի մակնշման տեղեկատվությունը պետք է նշվի սպառողական տարայի, փակցված պիտակի կամ ուղեկցող փաստաթղթերի (չփաթեթավորված արտադրանքի դեպքում) վրա:

ԳԼՈՒԽ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈւՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սույն օրենքի պահանջները խախտողները պատասխանատվություն  են  կրում Հայաստանի Հանրապետության օրենքով  սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 13. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 12 ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնակչության մոտ արձանագրված մի շարք միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության պատճառով աճող հիվանդությունների, արատների, առողջական խնդիրների (անեմիա, երկաթի անբավարարություն, նյարդային խողովակի զարգացման բնածին արատ, սրտի կաթված) կանխարգելման, հիվանդացության նվազեցման եւ առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ, որն ամրագրված է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրային որոշման N 2 հավելվածով ընդունված` Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով եւ վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաեւ նախատեսված է կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության  2013 թվականի հուլիսի 18-ի թիվ 800-Ն որոշման հավելված 1-ի 47-րդ կետի պահանջներով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Միկրոտարրերի եւ վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն եւ այլն) անբավարարությունն աշխարհում հանրային առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը եւ հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:

Համաձայն 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական եւ առողջապահության հարցերի հետազոտության տվյալների` նախադպրոցական տարիքի երեխաների եւ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37% եւ 25% (ըստ ԱՀԿ-ի` սակավարյունության 90%-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ): Համաձայն «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թվականի գլոբալ զեկույցի` Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ), ինչը չորս անգամ բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից: Մեծահասակների շրջանում համեմատաբար բարձր է նաեւ սրտի կաթվածի տարածվածությունը, որի պատճառագիտության մեջ ներկայումս բավականին կարեւորվում է ֆոլաթթվի դերը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) եւ Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (այսուհետ` ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալների` աշխարհում ավելի քան 40 միլիոն նախադպրոցական տարիքի երեխա տառապում է սուր եւ ավելի քան 120 միլիոն երեխա` խրոնիկական թերսնուցումից: Այս կարեւոր վիտամինների եւ միկրոտարրերի համապատասխան քանակների ապահովումը, հատկապես լայն սպառման սննդի հարստացման ճանապարհով, հավասար պաշտպանություն է ապահովում ամբողջ բնակչության համար եւ կանխարգելում է հիվանդությունների ու անցանկալի հետեւանքների առաջացումը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ցորենի ալյուրի միկրոտարրերով հարստացումը հանրային առողջապահական միջոցառում է, որը նպատակ ունի կանխարգելել որոշ միկրոտարրերի եւ (կամ) վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները եւ բարելավելու բնակչության առողջությունը հանրային առողջապահական մակարդակով: Միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարությունը կանխարգելելու ամենաօպտիմալ, ծախս-արդյունավետ եւ էժան միջոցը ցորենի ալյուրի հարստացումն է, քանի որ այն սնունդ է, որը հասանելի է բնակչության բոլոր խավերին:  Հարստացնելու վերաբերյալ օրենսդրություն ունեն  80  երկրներ http://www.ffinetwork.org/global_progress/index.php, որոնք ներդնելով այդ համակարգը էական առաջխաղացում են արձանագրել բնակչության առողջությունը բնութագրող մի շարք ցուցանիշներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը ալյուրի հարստացումը համարում են ծախս-արդյունավետ միջոց ոչ միայն բնակչության առողջության եւ սնուցման կարգավիճակի բարելավման, այլ նաեւ տնտեսության զարգացման համար:

Այսպես օրինակ, 1995 թվականին, մինչեւ ցորենի ալյուրի հարստացումը Կոստա Ռիկայի գլխավոր մանկական հիվանդանոցում մեկ տարվա ընթացքում 105 երեխա է  բուժվել նյարդային խողովակի զարգացման արատներից, 1998-ից ներդրվել է ցորենի պարտադիր հարստացման ծրագիրը, իսկ  2001 թվականին երեխաների թիվը նույն հիվանդանոցում նվազել է, դառնալով 26, Չիլիում նյարդային խողովակի արատների դեպքերը յուրաքանչյուր 10000 ծնունդին կազմում էին 17.1 դեպք մինչեւ ալյուրի հարստացումը, 2001 թվանից հետո, երբ երկրում ներդրվեց ալյուրի հարստացման ծրագիրը այդ ցուցանիշը նվազեց 8.6 դեպքի յուրաքանչյուր 10000 ծննդի հաշվով:Նման ցուցանիշներ արձանագրվել են ալյուրի հարստացման համակարգ ունեցող բազմաթիվ այլ երկրներում (նյարդային խողովակի բնածին արատներ- Իրան 1000 ծննդի հաշվով 21 տոկոս նվազում, Օման 70 տոկոս նվազում, ԱՄՆ 30 տոկոս նվազում, Սաուդյան Արաբիա 60 տոկոս նվազում եւ այլն): Հարստացումը արդյունավետ համակարգ է նաեւ առողջապահական ծախսերի կրճատման տեսանկյունից: Այսպես,  Չիլիում ալյուրի հարստացման վրա կատարվող ծախսերի եւ նյարդային խողովակի արատների դեպքում իրականացվող բուժման, ներառյալ վիրահատական եւ վերականգնողական ծախսերի փոխհարաբերությունը 1:12 է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում 1:30, ԱՄն-ում 1.48 է:Ցորենի ալյուրի հարստացման ծրագրեր են իրականացնում Հայաստանի հարեւան բոլոր երկրները, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում այն նաեւ պարտադիր է:

 Ցորենի ալյուրի հարստացումը գործնականում էժան միջոց է կարեւորագույն առողջապահական խնդիրներ լուծելու եւ միաժամանակ առողջապահական ծախսերը էականորեն նվազեցնելու, եւ ինչը ամենակարեւորն է հանրային առողջության ցուցանիշները առաձին հիվանդությունների գծով էականորեն բարելավելու գործում: Օրենքի նախագծի ընդունման նպատակը հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրի միկրոտարրերով եւ վիտամիններով հարստացման իրականացումն է: Հայտնի է, որ ցորենի մեջ գտնվող երկաթը եւ վիտամիններն աղալու ժամանակ կորչում են եւ որքան ցորենն ավելի մանր է աղացվում, այնքան ավելի մեծ է սննդարար տարրերի կորուստը: Այսպիսով, ալյուրի հարստացումը կարելի է համարել նաեւ «վերականգնման» գործընթաց, որի ժամանակ կորած սննդարար տարրերը նորից ավելացվում են մշակվող ալյուրին: Ըստ էության ալյուրի հարստացումը, դա ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող/հանքային նյութերի եւ վիտամինների կորուստների վերադարձն է ալյուրի մեջ:

2. Կարգավորման առարկան

Նախագծով սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման հետ կապված հարաբերությունները, ներառյալ միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության կանխարգելման ոլորտում պետական կարգավորման հիմնական ուղղությունները, ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԳԱ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լիազորությունները, ցորենի ալյուրի հարստացման անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները եւ այդ ոլորտում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պարտականությունները ցորենի ալյուրի հարստացված ցորենի ալյուրից ստացված արտադրանքի փաթեթավորման եւ պիտակավորմանը ներկայացվող պահանջները եւ այլն:

Նախագծով սահմանվել է ցորենի ալյուրի հարստացման պահանջ օրական 30 եւ ավելի տոննա հզորությամբ ալրաղացներում,ինչը սահմանվել է այն նկատառումից ելնելով, որ պահանջը տարածվի միայն գործող խոշոր ալրաղացների վրա, որոնց կողմից արտադրված ալյուրը կազմում է շուկայում իրացվող ալյուրի 80-85%-ը: Այսինքն օրենքը չի տարածվելու հիմնականում գյուղական վայրերում գործող փոքր հզորությամբ ալրաղացների վրա, քանի որ հակառակ դեպքում, դրանց ճշգրիտ ցանկի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված, մի շարք խնդիրներ կառաջանան ծրագրի գործարկման հետ կապված ծախսերի, այլ միջոցառումների եւ մոնիթորինգի իրականացման հարցերում: Բացի այդ փոքր ալրաղացների կողմից արտադրվող շուրջ 15-20% ալյուրը կարող է այլընտրանք համարվել բնակչության այն հատվածի համար, որոնք գերադասում են չհարստացված ալյուրի օգտագործումը:

Նկատի ունենալով, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը նաեւ կապված է ֆինանսական որոշակի ներդրումների հետ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախատեսվում է տրամադրել տեխնիկական աջակցություն` ծրագրի կայացման նպատակով: Այսպես` ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ առողջապահության ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով ծրագրում ընդգրկվելու են 7 ալրաղացներ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է օրական 1395 տոննա ալյուր: Նշված ալրաղացներում տեղակայված են 13 հոսքային գծեր եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ձեռք են բերվել այդ հոսքային գծերի հզորություններին համապատասխան հզորությամբ հարստացնող սարքավորումներ` դրանցից 6-ը նախատեսված են 30-75, իսկ 7-ը` 100-265 տոննա հզորությամբ հոսքագծերի համար: Սարքավորումների գործարկումից եւ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից որոշակի ժամանակահատվածում կտրամադրվեն նաեւ պրեմիքսներ` ալյուրի հարստացման գործընթացի բարեհաջող մեկնարկը ապահովելու նպատակով:

Ըստ  նախնական հաշվարկների` ծրագիրը ներդրման  դեպքում հարստացված մեկ տոննա ալյուրի գինը կարող է բարձրանալ ընդամենը 0,2%-ով (1.5-2 ԱՄՆ դոլար` 1տոննայի ալյուրի համար), ինչն, համապատասխան վերահսկողության  դեպքում, չի ազդի հացամթերքի գնի վրա:

Միաժամանակ նախագծով սահմանված պահանջները ապահովելու, ինչպես նաեւ  սահմանված պահանջները չկատարելու համար ներգործության միջոցներ կիրառելու նպատակով,  առաջարկվում է ընդունել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տուգանքների ձեւով վարչական պատասխանատվություն սահմանել բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրը չհարստացնելու, հարստացված ցորենի ալյուրի, հարստացված ցորենի ալյուրից ստացված արտադրանքի փաթեթավորմանը եւ մակնշմանը (պիտակավորում) օրենքով ներկայացվող պահանջները խախտելու, ինչպես նաեւ ալյուր արտադրողների կողմից օրենքի նախագծով սահմանված հաշվետվությունները չներկայացնելու համար: Հիշյալ խախտումների գործերով վարչական իրավախախտումների գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավասությունը առաջարկվում է վերապահել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

3.Իրավական ակտի մշակման մեջ ներգարավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության, մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության, առողջապահական պետական տեսչության աշխատակիցները:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրը 30 եւ ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում կենթարկվի հարստացման, որի արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաեւ չափահասների առողջության ցուցանիշները` պայմանավորված երկաթի եւ ֆոլաթթվի անբավարարության հետեւանքով  առաջացող հիվանդությունների նվազման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 I «Ցորենի ալյուրի հարստացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1. Նախագծի կարգավորման արդյունքները.

առաջարկվող նախագծի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը.

1) Նախագծի ընդունման եւ կիրարկման վերջնական արդյունքում ենթադրվում է հանրային առողջության բարելավում կապված միկրոտարրերի եւ վիտամինների (երկաթ եւ ֆոլաթթու) անբավարարությամբ, այն է`

ա. երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունության մակարդակի իջեցում, հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների եւ վերարտադրողական տարիքի կանանց, այդ թվում հղիների շրջանում, որը կբերի նաեւ մայրական եւ մանկական մահացության իջեցման,

բ. երեխաների մոտ ֆոլաթթվի անբավարարության հետեւանքով պայմանավորված նյարդային խողովակի զարգացման բնածին արատների կրճատման, դրանցով պայմանավորված մանկական մահացության իջեցման.

գ. չափահասների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների նվազմանան: Ալյուրի հարստացման արդյունքում  Հայաստանի բնակչության 85 %-ի համար հասանելի կլինի միկրոտարրերով եւ վիտամիններով  հարստացված ալյուրը, ինչը ենթադրում է, որ 3 մլն ազգաբնակչությունից մոտավորապես 300 հազար երեխա եւ չափահաս կխուսափեն դրանց անբավարարության բացասական հետեւանքներից:

2. Նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

նախագիծը չընդունելու դեպքում երկաթի եւ ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված վերոնշյալ հիվանդություններից հիվանդացության եւ մահացության իջեցում, ինչպես նաեւ զարգացման արատների կրճատում, չափահասների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների նվազեցում չի լինի եւ հետեւաբար հանրային առողջության բարելավում տեղի չի ունենա:

3. Առողջապահության բնագավառում վարվող քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները.

իրականացվող քաղաքականությունը հենվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշման 12.1.5 բաժնի 625-րդ կետով մոր եւ մանկան առողջության պահպանման համար նախատեսված միջոցառումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Երեխաների եւ դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը եւ դրա ներդրման գործողությունների ծրագրի հավանություն տալու մասին» N 37 արձանագրային որոշման եւ ՀՀ կառավարության 17 փետրվարի 2011 թվականի  N 6 արձանագրային որոշմամաբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով եւ վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգի» վրա:

Հայաստանի Հանրապետությունում համաձայն 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական եւ առողջապահության հարցերի հետազոտության տվյալների, առկա է սակավարյունության բարձր տարածվածություն նախադպրոցական տարիքի երեխաների եւ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում, համապատասխանաբար` 37% եւ 25%, հղիների մոտ` 39%: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սակավարյունությունների 90%-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ:

Ըստ «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թվականի գլոբալ զեկույցի, Հայաստանի Հանրապետությունում ֆոլաթթվի անբավարարության հետեւանքով 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ` առավելապես` Spina bifida /ողնուղեղային ճողվածք/, hidrocefalia/ուղեղի ջրգողություն/), ինչը չորս անգամ  բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից:

Մեծահասկաների շրջանում համեմատաբար բարձր է նաեւ սրտի կաթվածի տարածվածությունը, որի պատճառագիտության մեջ բավականին կարեւորվում է ֆոլաթթվի դերը:

4. Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը.

 նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները հնարավոր կլինի գնահատել  օրենքի կիրարկումից հետո 5-6 տարի անց:

5. Նախագծի կարգավորման վերաբերյալ առաջարկվող տարբերակ.

«Ցորենի ալյուրի հարստացման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ընդունելի է ներկայացված տարբերակով:

II «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով    «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի             «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` կարգավորվում են ցորենի ալյուրի հարստացման եւ հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:

Նախագծերի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են ցորենի ալյուրի շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են ցորենի ալյուրի հարստացման իրավական հիմքերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

1. «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների Հայաստանի Հանրապետության վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են մասնակիորեն, սակայն այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

1. «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի թե՛ ընդունումը, թե՛ չընդունումը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով տվյալ եկամտատեսակի բնույթից, իսկ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: