Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-030-14.07.2003-ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային կապի գործակալության (այսուհետ՝ սուրհանդակային կապ) իրավական կարգավիճակը, գործառույթներն ու խնդիրները, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, սոցիալական երաշխիքները եւ ծառայության հետ կապված այլ հարաբերությունները:

Հոդված 2. Սուրհանդակային կապի իրավական կարգավիճակը

Պետական սուրհանդակային կապի գործակալությունը, որը գլխավորում է գործակալության պետը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կազմում առանձին ստորաբաժանում է: Սուրհանդակային կապի իրավասություններն ու կառուցվածքը սահմանվում է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:

Հոդված 3. Սուրհանդակային կապի խնդիրները

Սուրհանդակային կապի խնդիրը՝

1. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների, բարձրագույն հրամանատարական կազմի, դիվանագիտական եւ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ կառավարության որոշմամբ նախատեսված առանձին դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական նշանակություն ունեցող օբյեկտների կողմից Հայաստանի տարածքում եւ նրանից դուրս հատուկ կարեւորություն ունեցող՝ հույժ գաղտնի, գաղտնի եւ ծառայողական այլ թղթակցությունների առաքումն է (այսուհետ՝ թղթակցություն):

2. Թղթակցություն առաքող մարմինները պարտավոր են իրենց լիազորությունների սահմաններում աջակցել թղթակցության օպերատիվ առաքման կազմակերպմանը, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերել սուրհանդակային կապի աշխատակիցների կողմից թղթակցության փոխադրման պարտականությունները կատարելու ժամանակ:

Հոդված 4. Սուրհանդակային կապի ծառայությունը կարգավորող օրենսդրությունը

Սուրհանդակային կապի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

Հոդված 5. Սուրհանդակային կապի կազմակերպման սկզբունքները

Սուրհանդակային կապը կարգավորվում է հետեւյալ հիմնական սկզբունքներով՝

1) թղթակցության առաքման ժամանակ երաշխավորված պաշտպանությամբ եւ օպերատիվությամբ.

2) պետական գաղտնիքի, ինչպես նաեւ այլ տեղեկությունների պահպանությամբ. 3)հանձնարարված աշխատանքի անձնական պատասխանատվությամբ. 4)սուրհանդակային կապի եւ այլ մարմինների պատասխանատու պաշտոնատար անձանց վերահսկողությամբ:

Սուրհանդակային ծառայությունում արգելվում է կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների եւ միավորումների գործունեությունը:

Հոդված 6. Սուրհանդակային կապի մարմինների իրավուքները

Սուրհանդակային կապի մարմինները իրավունք ունեն՝

1) սահմանել թղթակցության ընդունման եւ առաքման կարգը, առավելագույն չափաքանակը, մատուցած ծառայության սակագինը.

2) արտակարգ իրավիճակների դեպքում օգտագործել հիմնարկ ձեռնարկություններին եւ կազմակերպություններին պատկանող կապի միջոցները եւ վերջիններիս ղեկավարների պահանջի դեպքում փոխհատուցել կրած ծախսերը.

3) ծառայական առաջադրանքները կատարելու ժամանակ օրենքով սահմանված կարգով կրել եւ օգտագործել մարտական զենք:

Սուրհանդակային կապի անտոմեքենաները չեն կարող օգտագործվել այլ մարմինների կողմից: Սույն օրենքի 3 հոդվածով սահմանված հատուկ կարեւորություն ունեցող թղթակցությունները համարվում են անձեռնամխելի եւ ենթակա չեն զննության:

Հոդված 7. Սուրհանդակային կապի մարմինների պարտականությունները

Սուրհանդակային կապի մարմինները պարտավոր են՝

1) մշտական գործող ցանցի եւ սուրհանդակային երթուղու միջոցով կազմակերպել եւ ապահովել թղթակցության առաքումը.

2) իրականացնել միջոցառումներ առաքվող թղթակցության պահպանման ուղղությամբ՝ ընդհուպ նրա ոչնչացումը, եթե բացակայում է նրա պահպանությունն ապահովելու հնարավորությունը.

3) ապահովել պետական գաղտնիքի եւ այլ տեղեկատվությունների պահպանվածությունը:

4) պատերազմի կամ պատերազմական դրության ժամանակ ապահովել սուրհանդակային կապի մարմինների մոբիլիզացիան:

5) իր իրավասության սահմաններում փոխգործողություն ապահովել սուրհանդակային կապի մասին համաձայնագրի մասնակից պետությունների համանման մարմինների հետ.

6) անցկացնել սուրհանդակային կապի մարմինների աշխատակիցների վերապատրաստում եւ ապահովել նրանց մասնագիտական պատրաստվածությունը.

7) իրականացնել սուրհանդակային կապի մարմինների աշխատակիցների անձնական անվտանգության ապահովման ուղղությամբ:

Հոդված 8. Սուրհանդակային կապի աշխատակիցը

Սուրհանդակային կապում ծառայության են ընդունվում 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կրթություն եւ նրանց առողջական վիճակը համապատասխանում է կառավարության կողմից սահմանվող պահանջներին: Սուրհանդակային կապի ծառայողներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ համատեղության կարգով աշխատել՝ բացառությամբ գիտական, ստեղծագործական եւ մանկավարժական գործունեությամբ:

Սուրհանդակային կապի աշխատակիցները հաշվառվում են ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնում (այսուհետ՝ ոստիկանություն), որոնց համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետեւյալ ժամկետները՝

ա) ոստիկանության կրտսեր կոչումներ

բ) ոստիկանության ավագ կոչումներ

- կրտսեր սերժանտ 1 տարի - կրտսեր լեյտենանտ 1 տարի

- սերժանտ 2 տարի - լեյտենանտ 2 տարի

- ավագ սերժանտ 3 տարի - ավագ լեյտենանտ 3 տարի

- ենթասպա 3 տարի - կապիտան 3 տարի

- ավագ ենթասպա 4 տարի

գ) ոստիկանության գլխավոր կոչումներ

դ) ոստիկանության բարձրագույն կոչում

- մայոր 4 տարի - գեներալ մայոր

- փոխգնդապետ 5 տարի

- գնդապետ

Ոստիկանության գլխավոր եւ ավագ կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը, իսկ կրտսեր կոչումները ծառայողին համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը:

Բարձրագույն կոչում շնորհում է ՀՀ Նախագահը:

Գնդապետի եւ գեներալի կոչման համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

Սուրհանդակային կապի աշխատակիցների պաշտոնների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Սուրհանդակային կապի աշխատակիցները հանվում են զինվորական ծառայությունից եւ հաշվառման են վերցվում ոստիկանության կադրերում:

Հոդված 9. Սուրհանդակային կապի աշխատակիցների պաշտպանվածությունը

Սուրհանդակային կապի աշխատակիցը իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ գտնվում է պետական պաշտպանության տակ:

Սուրհանդակային կապի աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամները օգտվում են բոլոր այն արտոնություններից, որոնք սահմանված են ոստիկանությունում ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար:

Հոդված 10. Սուրհանդակային կապի տեխնիկական միջոցները

Սուրհանդակային կապի մարմինները թղթակցության առաքման ժամանակ օգտագործում են իրենց իրավասության տակ գտնվող հատուկ տեխնիկական միջոցները, որոնք վտանգ չպետք է ներկայանան մարդկանց առողջության ու կյանքի համար, ինչպես նաեւ վնաս պատճառեն շրջակա միջավայրին:

Հոդված 11. Սուրհանդակային կապի ֆինանսական եւ նյութատեխնիկական միջոցների ապահովումը

Սուրհանդակային կապի ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեից եւ թղթակցությունների առաքման միջոցներով: Պայմանագրային հիմունքներով թղթակցության առաքումից ստացված միջոցները օգտագործվում են սուրհանդակային կապի նյութատեխնիկական բազայի ամրապնդման եւ զարգացման նպատակների համար եւ ուղղվում են նրա աշխատանքների սոցիալ-տնտեսական պայմանների լավացմանը:

Հոդված 12. Սուրհանդակային կապի աշխատակիցների պատասխանատվությունը

Սուրհանդակային կապի աշխատակիցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կրում են պատասխանատվություն:

Հոդված 13. Սուրհանդակային կապի մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունը

Սուրհանդակային կապի մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: