Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6574-13.11.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 14.1-րդ կետով.

«14.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներից ստացվող գույքը եւ դրամական միջոցները.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ»,  «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Միջազգայնորեն ընդունված տերմինաբանությամբ` «Endowment Fund»-երի (այսուհետ՝ Էնդաումենթ) գործունեության համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էնդաումենթները զգալի դեր ունեն կրթության, գիտության, նորարարության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, սոցիալական օգնության (աջակցության), բնապահպանության, ինչպես նաեւ այլ հանրօգուտ բնագավառների ոչ առեւտրային կազմակերպություններին անհրաժեշտ ներդրումների, բարեգործությունների, նվիրատվությունների, նվիրաբերությունների եւ անհատույց այլ միջոցների ներգրավման հարցում:

Էնդաումնեթների եւ նմանատիպ այլ ֆոնդերի (հիմնադրամների) միջեւ էական տարբերությունը կայանում է նրանում, որ Էնդաումենթում ներգրավված ակտիվները, որպես կանոն, արգելվում է ծախսել (սպառել), իսկ այդ ակտիվների շրջանառությունից (կառավարումից) ստացված եկամուտները թույլատրվում է օգտագործել հիմնականում Էնդաումենթը ստեղծած ոչ առեւտրային կազմակերպության հանրօգուտ նպատակներով: Այդ առումով Էնդաումենթի ամենահայտնի օրինակներից է Նոբելյան մրցանակը, որը  հիմնադրվել է Ա. Նոբելի (1833–1896 թթ.) կտակով, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «...իմ կտակակատարների կողմից ապահովված արժեքի վերածված կապիտալը կկազմի այնպիսի ֆոնդ, որից ստացվող տոկոսները յուրաքանչյուր տարի մրցանակի տեսքով պետք է տրվեն այն մարդկանց, որոնք նախորդ տարվա ընթացքում մարդկությանը մատուցել են ամենամեծ ծառայությունները:»:

Ներկայիս տնտեսական անկայուն ժամանակներում, երբ զարգացած երկրներում նույնպես սոցիալական ծրագրերին տրամադրվող միջոցները սուղ են, Էնդաումենթները զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, սպորտային եւ այլն կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը: Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ Էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի Էնդաումենթը 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել է 27.4 մլրդ. դոլար, որը տարեկան միջին հաշվով ապահովում է 15.2% եկամտաբերություն (այն դեպքում, երբ համալսարանական մյուս Էնդաումենթների տարեկան եկամտաբերությունը կազմում է միջին հաշվով 8.9%): Վերջին 10-15 տարիների ընթացքում Յեյլի համալսարանի (ԱՄՆ) էնդաումենթի ակտիվների արժեքը հասել են ավելի, քան 18.0 մլրդ. դոլարի, իսկ դրանից ստացվող տարեկան եկամուտը` ավելի, քան 616 մլն. դոլարի: Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի էնդաումենթը (1.4 մլրդ. ֆունտ ստեռլինգ կապիտալով) 2006 թվականին ապահովել է 890 մլն.ֆունտի տարեկան եկամուտ, Օքսֆորդի համալսարանի էնդաումենթը (628.8 մլն. ֆունտ ստեռլինգ կապիտալով) ապահովել է 28.2 մլն.ֆունտի տարեկան եկամուտ եւ այլն:

Աշխարհի մի շարք երկրներում Էնդաումենթների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորված են օրենսդրական ակտերով: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում այդ հարաբերությունները կարգավորված են 1972 թ. ակտի հիման վրա՝ 2006 թվականին ընդունված Ինստիտուցիոնալ Ֆոնդերի Միասնական Ողջամիտ Կառավարման Ակտով (Uniform Prudent Management of Institutional Funds act կամ UPMIFA), որի հիման վրա համանման ակտեր են ընդունվել ԱՄՆ բոլոր նահանգները (օրինակ, Նյու Յորքում՝ NYPMIFA): Դեռեւս 1890 թ. Հնդկաստանում գործել է Բարեգործական Էնդաումենթների Ակտը (The Charitable Endowments Act), 1909թ. Ավստրալիայում ընդունվել է Հանրային Կրթության Էնդաումենթ Ակտը (Public Education Endowment Act), իսկ 2007թ.՝ Բարձրագույն Կրթության Էնդաումենթ Ֆոնդերի Ակտը (Higher Education Endowment Fund Act) եւ այլն: 2006 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնությունը նույնպես կարգավորեց Էնդաումենթների գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ընդունելով «Ոչ առեւտրային կազմակերպությունների նպատակային կապիտալի ձեւավորման եւ օգտագործման մասին» ՌԴ օրենքը: Ռուսաստանը մինչ այդ էլ Էնդաումենթների բնագավառում որոշակի փորձ ուներ, մասնավորապես՝ դեռեւս 1883 թվականին պատվավոր քաղաքացի Ա. Մ. Սիբիրյակովի կողմից նվիրաբերված 10 հազ. ռուբլու հիման վրա ստեղծված ֆոնդը նրա անվամբ մրցանակ էր սահմանել եւ երեք տարին մեկ անգամ շնորհում էր Սիբիրում հրատարակված լավագույն գրական ստեղծագործության համար, իսկ հետագայում այդ ֆոնդը եւ մրցանակի շնորհման իրավունքը փոխանցվեց Տոմսկ քաղաքում բացված համալսարանին: ՌԴ օրենքի ընդունումից հետո առաջին Էնդաումենթը, որը ստեղծվել եւ գրանցվել է, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտինն է, որի կապիտալը 2008թ. կազմել է 375 մլն. ռուբլի:

Թեեւ վերոգրյալը, ինչպես նաեւ Էնդաումենթների գործունեության պրակտիկան վկայում է, որ Էնդաումենթը կենսունակ եւ կարեւոր գործիք է ոչ առեւտրային կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման համար, սակայն պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում Էնդաումենթների ստեղծումը  եւ գործունեությունը դեռեւս կարգավորված չէ, իսկ գործող օրենսդրության շրջանակներում Էնդաումնեթ ստեղծելու նախաձեռնության դեպքում անխուսափելիորեն առաջանում են մի շարք խնդիրներ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ մասնավորապես սահմանված չեն՝

1)   Էնդաումենթի ձեւավորման, համալրման եւ կառավարման կարգը,

2)  Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը եւ իրավական վիճակի առանձնահատկություները,

3)  Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,

4)  Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք եւ նրանց իրավասությունները,

5)  Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը,

6)  Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

Առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետությունում Էնդաումենթի ստեղծման նախընտրելի տարբերակը հիմնադրամի կարգավիճակով ոչ առեւտրային կազմակերպության՝ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի (այսուհետ՝ ԱԿՀ) ստեղծում է: Նման մոտեցումը, մասնավորապես, պայմանավորված է հետեւյալով՝

1) հիմնադրամ է համարվում քաղաքացիների եւ (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ (տես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպիսին, ըստ էության, հանդիսանում է Էնդաումենթը,

2) հիմնադրամի շահառու կարող են լինել ինչպես հիմնադրիրը, այնպես էլ այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք,

3) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միջոցով գործուն հնարավորություն է ստեղծվում  վերահսկել հիմնադրամի գործունեությունը, այն դարձնելով թափանցիկ եւ վերահսկելի:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը թույլ են տալիս հիմնադրամների առանձին տեսակների (տվյալ դեպքում՝ ԱԿՀ-ի) առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանել առանձին օրենքով, ինչը հանրության համար ԱԿՀ-ին վերաբերող դրույթներն առավել մանրամասն եւ մատչելի սահմանելու լիարժեք հնարավորություն է տալիս:

Այդպիսով, «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է սահմանել ԱԿՀ իրավական վիճակի առանձնահատկությունները, անձեռնմխելի կապիտալի կառավարման եւ դրանից ստացվող եկամտի տնօրինման կարգն ու պայմանները,  ինչպես նաեւ ԱԿՀ-ի գործուենության կարգավորման համար անհրաժեշտ այլ դրույթներ: Նախագիծը մշակվել է հաշվի առնելով Էնդաումենթների գործունեության միջազգային փորձը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության առանձնահատկությունները: Նախագծի հիմքում որեւէ երկրի օրենսդրական ակտ չի դրվել:

Նախագծում ամրագրված են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, մասնավորապես՝

1) «անձեռնմխելի կապիտալ» հասկացության սահմանումը, ըստ որի՝ անձեռնմխելի կապիտալը նվիրատուների տրամադրած միջոցներից ձեւավորված անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի ակտիվների համախումբ է, որը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա արժեքի նվազմանը: Բացի այդ, Նախագծով սահմանված է, որ անձեռնմխելի կապիտալի կառավարման արդյունքում ստացված եկամուտը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան, տրամադրվում է շահառուներին, իսկ դրա սահմանափակ մասն էլ (մինչեւ 10 տոկոսը) կարող է օգտագործվել ԱԿՀ վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ըստ այդմ, Նախագծով սահմանվել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի բովանդակությունն ու հաստատման (փոփոխման) կարգը, համաձայն որի՝ անձեռնմխելի կապիտալի ծրագիրը Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված որոշակի հանրօգուտ նպատակների եւ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համախումբ է, որը հաստատում եւ փոփոխության է ենթարկում ԱԿՀ հոգաբարձուների խորհուրդը:

2) «նվիրատու» հասկացության սահմանումը, ըստ որի` նվիրատուն անձեռնմխելի կապիտալի ձեւավորման կամ համալրման նպատակով՝ նվիրատվությամբ կամ կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակով ԱԿՀ-ին անհատույց դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցներ եւ (կամ) պարտատոմսեր տրամադրած անձն է: Այս սահմանմամբ, ինչպես նաեւ Նախագծի այլ դրույթներով ամրագրվում է, որ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման աղբյուրներ կարող են լինել միայն նվիրատվությունները եւ կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակները, որոնցով կարող են տրամադրվել միայն դրամական միջոցներ կամ պետական պարտատոմսեր: Ըստ այդմ, անհատույց կարգով տրամադրվող այլ միջոցները՝ նվիրաբերությունները եւ կտակային հանձնարարությամբ ծանրաբեռնված կտակները չեն ներառվել անձեռնմխելի կապիտալի ձեւավորման աղբյուրների շրջանակում, քանի որ ՀՀ օրենսդրությանը համապատասխան դրանք կարող են ունենալ նվիրաբերողի կամ կտակարարի սահմանած տարբեր նպատակներ (նշանակություն), իսկ տվյալ դեպքում անձեռնմխելի կապիտալում կուտակված միջոցների օգտագործման նպատակը մեկն է՝ այդ միջոցներից ստացված եկամուտն օգտագործել ԱԿՀ  կանոնադրությամբ նախատեսված հանրօգուտ նպատակներով եւ շահառուների համար, որոնք փոփոխության ենթակա չեն: Ուստի, երբ նվիրատուն՝ նվիրատվության պայմանագրով կամ կտակարարարը՝ կտակով ԱԿՀ-ին միջոցներ է տրամադրում, այդ միջոցներն օգտագործվում են նրան նախապես հայտնի շահառուների համար եւ անփոփոխ նպատակներով: :

Անձեռնմխելի կապիտալի  ձեւավորմանը, համալրմանը եւ կառավարմանը վերաբերող դրույթներից (ի թիվս վերը նշվածների) հատկանշական են հետեւյալ դրույթները.

1) նվիրատվությունը համարվում է ընդունված, եթե այն ստացման պահից երկու բանկային օրվա ընթացքում չի վերադարձվում նվիրատուին, որը ԱԿՀ-ի համար հնարավորություն է ընձեռում վերադարձնել այն նվիրատվությունները, որոնք, ըստ էության, հակասում են ԱԿՀ-ի ստեղծման գաղափարներին.

2) անձեռնմխելի կապիտալը կարող է համալրվել ոչ միայն նվիրատվություններով եւ կտակներով, այլեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտներով, որոնք տվյալ ֆինանսական տարվա ընթացքում չեն ծախսվել.

3) անձեռնմխելի կապիտալի դրամական միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերում, որով պարտադրվում է, որ այդ միջոցները ներդրվեն երաշխավորված եկամուտ ապահովող ակտիվներում, ինչպիսիք են պետական պարտատոմսերը, եւ զերծ լինեն կորստի ռիսկից:

4) պարտատոմսերում ներդրումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գանձապետական պահառուի կամ դիլերի հետ կնքված պայմանագրի համաձայն:

5) անձեռնմխելի կապիտալից ստացվող եկամուտը կարող է օգտագործել բացառապես անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով սահմանված կարգով:

ԱԿՀ-ն վերաբերող դրույթներից (ի թիվս վերը նշվածների) հատկանշական են հետեւյալ դրույթները:

1) ԱԿՀ-ն չի կարող բացի պարտատոմսերից, անձեռնմխելի կապիտալը ներդնել այլ արժեթղթերում, այդ կապիտալի հաշվին ձեռք բերել գույք, գույքային իրավունքներ կամ նյութական եւ (կամ) ֆինանսական այլ ակտիվներ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից, անդամակցել միջազգային եւ օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

2) ԱԿՀ-ի՝ չվերակազմակերպվելու պահանջը կոչված է ապահովելու ԱԿՀ նկատմամբ նվիրատուների վստահությունը, ինչպես նաեւ բացառելու ԱԿՀ-ի կուտակած միջոցներն այլ նպատակներով օգտագործելու եւ այլ չարաշահումների հնարավորությունը:

3) ԱԿՀ-ն կարող է անձեռնմխելի կապիտալից առանձնացված եւ այդ կապիտալի կառավարման ու ԱԿՀ-ի բնականոն գործունեության ապահովման համար օգտագործել միայն հիմնադրի կողմից ԱԿՀ-ին ամրացված գույքը, ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված տարեկան եկամտի մինչեւ 10 տոկոսը: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որպեսզի բացառվի անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի օգտագործման չարաշահումները եւ այդ եկամուտը հիմնականում օգտագործվի ԱԿՀ կանոնադրական՝ հանրօգուտ նպատակներով:

4) Նախագծով նախատեսված է նաեւ ԱԿՀ գործունեության հաշվետվությունները հրապարակելու ժամկետները եւ կարգը: Բացի այդ, հաշվետվության հրապարակման կարգը խախտելու, ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը՝ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան օգտագործելու դեպքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ:

5)     ԱԿՀ-ին միջոցների տրամադրումը խրախուսելու նպատակով Նախագծով սահմանվել է, որ ԱԿՀ-ը եւ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման (համալրման) նպատակով գույք տրամադրած անձինք օգտվում են օրենքով սահմանված հարկային եւ այլ արտոնություններից: Այդ արտոնությունները սահմանված են օրենսդրական նախաձեռնության փաթեթում ներառված՝

Նախատեսվող հարկային արտոնությունները էապես կխթանեն ոչ միայն ԱԿՀ-ների ստեղծումը եւ դրանց գործունեությունը, այլեւ հստակ ազդակներ են պարունակում պոտենցիալ այն նվիրատուների համար, որոնք շահագրգռված են ՀՀ-ում իրենց միջոցները հանրօգուտ նպատակների ծառայեցնելու առումով, սակայն օրենսդրական դաշտի անորոշությունների պայմաններում դեռեւս ձեռնպահ են մնում գործնական քայլեր իրականացնելուց:

Բացի վերը նշվածներից, օրենսդրական նախաձեռնության փաթեթում ներառված են նաեւ «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ մի շարք այլ օրենքներում լրացումներ եւ (կամ) փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կստեղծվեն օրենսդրական անհրաժեշտ հիմքեր ԱԿՀ-ների տեղծման եւ գործունեության համար, իսկ ԱԿՀ-ներն իրենց հերթին կօժանդակեն՝ ԱԿՀ-ների հիմնադիրների (մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների) գործունեության ընդլայնմանը եւ ֆինանսական կայունության ապահովմանը, քանի որ կկանոնակարգվեն հնարավոր նվիրատվությունների հոսքերը եւ դրանց օգտագործման ուղղություները: Բացի այդ, ԱԿՀ-ի հիմնադիրը ստացված եկամուտները կարող է օգտագործել այնպիսի բնագավառներում հանրօգուտ աշխատանքների կատարման նպատակով, որտեղ պետական (բյուջետային) միջոցները խիստ սահմանափակ ծավալներ են կազմում: Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է նաեւ ՀՀ-ում իրականացվող կայուն զարգացման ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության գործունեության ծրագրի տրամաբանությունից եւ կարող է զգալիորեն նպաստել երկրում աղքատության հաղթահարման գործընթացի արագացմանը եւ սոցիալական մի շարք խնդիրների լուծմանը: ԱԿՀ-ի կողմից պետական պարտատոմսերում կատարվող ներդրումներն իրենց հերթին կնպաստեն պետական պարտատոմսերի շուկայի ակտիվացմանը եւ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար լրացուցիչ ներքին աղբյուրների ձեւավորմանը (բավական է նշել, որ միայն 2015 թվականին նախատեսվում է պետական պարտատոմսերի հաշվին իրականացնել՝ 40.0 մլրդ.  դրամի չափով պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում, որի ընդհանուր մեծությունը պետք է կազմի ավելի, քան 114 մլրդ. դրամ):