Armenian ARMSCII Armenian
Կ-610-05.06.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի՝

1) 6-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 23-րդ կետով.

«23) հաստատում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարինների) եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական եւ այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման եւ շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական եւ սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական եւ այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները:».

3) 7-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 28-րդ կետով.

«28) մշակում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարինների) եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական եւ այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման եւ շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական եւ սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական եւ այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները:»:

5) 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական էլեկտրոնային հաշվառման ենթակա օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) եւ անշարժ գույքը (բացառությամբ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների), այդ թվում՝ հողամասերը (բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հողամասերի), միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմինների, մարզպետի աշխատակազմի, պետական մարմինների եւ մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական մասնակցությամբ առեւտրային եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) ու հիմնադրամներին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաեւ լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երեւանի քաղաքապետին) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ հիմնադրամների սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքը՝ այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաեւ լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երեւանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:»,

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Պետական գույքի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ եւ փոփոխություններ կատարելը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման մարմինների համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու գծով հստակ նորմատիվներ սահմանելու գործընթացում իրավական հիմնավորվածությունը (լիազորող նորմը) սահմանելու ահրաժեշտությամբ:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս պետական ծառայողական ավտոմեքենաների շահագործման ոլորտում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերանայել գործող իրավական ակտերը, դրանք միավորել եւ արդյունքում մեթոդական կարգավորման միասնական մոտեցում կիրառել: Վերջինիս շրջանակներում, ծառայողական ավտոմեքենաների հատկացման, չափաքանակների, սպասարկման չափորոշիչները եւ շահագործման նորմատիվները սահմանող լիազորող նորմը բացակայում է:

Հարկ է նշել, որ պետական ծառայողական ավտոմեքենաների շահագործման նորմատիվների մշակման գործընթացը, ինչպես նաեւ ընդհանուր համակարգումն իրականացնելու համար նման լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով:

Ներկա պահին ՀՀ պետական մարմինների ղեկավարների ծառայողական եւ կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իրականացման համար պետական մարմիններին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների շահագործման նորմատիվների մշակման, իրավական դաշտի վերանայման եւ օպտիմալացման գործընթացի ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման եւ սպասարկման չափորոշիչները սահմանող ՀՀ կառավարության 17.02.2005թ. N 194-Ն, 27.07.2005թ. N 1001-Ն եւ 24.07.2008թ. N 830-Ն որոշումներով սահմանված կարգավորումները մեկ միասնական իրավական ակտով ընդունելու, որը կհաստատի կառավարությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացակայում է իրավական հիմքը ծառայողական մեքենաների միասնական չափորոշիչների սահմանման համար:

Այդ գործընթացը իրականացնելու համար համապատասխան լիազորող նորմ պետք է սահմանել «Պետական գույքի մասին» օրենքում՝ հաշվի առնելով, որ նախատեսվող իրավական ակտով սահմանվելու են պետական տարբեր մարմիններին սպասարկող ծառայողական եւ գործառութային անհրաժեշտությամբ պայմանավորված շահագործվող շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական, քանակական եւ դրանց պահպանման համար նախատեսված չափորոշիչները: Վերոնշյալ գործընթացը իրականացնելու համար մշակվել է օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություն վերապահել պետական շարժական գույքը հաշվառելու եւ էլեկտրոնային գրանցամատյան վարելու համար:

2. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում լիազորող նորմ կսահմանվի «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, որը կլիազորի ՀՀ կառավարությանը հաստատելու պետական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով, ինչպես նաեւ հաշվառելու պետական շարժական գույքը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, այլ միտված է ոլորտը կարգավորող իրավական տաշտի կանոնակարգմանը եւ հստակեցմանը:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն