Armenian ARMSCII Armenian
Պ-607-31.05.2023-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը «հեղուկ» բառից հետո լրացնել «, լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է գործող օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում արձանագրված՝ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան եւ (կամ) հյուսվածք եւ (կամ) հեղուկ  ձեւաբանական հետազոտության ենթարկելու պահանջի պարտադիր լինելու հանգամանքով:

Այսինքն, գործող օրենքում՝ մարդու, կենդանության օրոք, մարմնից հեռացված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի ձեւաբանական հետազոտության ախտորոշման պարտադիր լինելը որոշակի դեպքերում առաջացնում են ավելորդ դժվարություններ:

Մի կողմից, պարտադիր լինելու հանգամանքը բացատրվում է նրանով, որ ներկայումս կյանքի ընթացքում ձեւաբանական հետազոտությունների դերն օրեցօր մեծանում է հաշվի առնելով կենսանյութի, վիրահատական նյութի պաթոհիստոլոգիական մեծածավալ ուսումնասիրությունները, մեծ նշանակություն է տրվում պաթանատոմի մասնագիտական առավելագույն ճիշտ ախտորոշումը՝ կիրառելով ախտորոշման ճիշտ ու ժամանակակից մեթոդները՝ ընդունված չափանիշներով եւ համագործակցելով կլինիցիստների հետ:

Մյուս կողմից, ցանկացած դեպքում մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի ձեւաբանական հետազոտության պարտադիր լինելու հանգամանքը առաջացնում է հավելյալ ծախս, առավել եւս, հանգեցնում է ավելորդ գործողության՝ հեռացված օրգանի երկու տարի ժամկետով  պահպանություն: Բժշկագիտության տեսակետից բոլոր դեպքերում մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի ձեւաբանական հետազոտության պարտադիր լինելը արդյունավետ չի համարվում: Այսինքն, վերը նշված գործընթացը պարտադիր սահմանելը, բոլոր դեպքերի համար, ոչ նպատակահարմար է:

2. Ակնկալվող արդյունքը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում պարտադիր դարձնել մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի ձեւաբանական հետազոտությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից: Նախագիծը քննարկվել է ՀՀ-ում գործող լիցենզիա ունեցող ախտաբանաանատոմիական գործունեություն իրականացնող ներկայացուցիչների հետ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Սիմոնյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

  Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նարեկ Զեյնալյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը,

դ) նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝            ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
                                                                                       ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ