Armenian ARMSCII Armenian
Կ-601-29.05.2023-ՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին»  1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի IV գլխում՝

1. 33-րդ Հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հոդված 33.  Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը

1. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերլուծությունը, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային եւ թիրախային արդյունքները, իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման ընթացակարգը սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր): Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ իրականացումը:

2. Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 34-րդ եւ 35-րդ հոդվածները:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտելուց հետո մեկ տարվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Իրավական ակտի հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը բխում է  սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման, ինչպես նաեւ ոլորտային համալիր ծրագրի մշակման համար լիազորող նորմի ամրագրման անհրաժեշտությունից:
2. Առկա իրավիճակը եւ խնդիրները
Երեխաների իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարեւոր միջոցառումներ, որոնց մի մասը ներառված են ՀՀ կառավարության 2020 թվականի  ապրիլի 2-ի N 432-Լ որոշմամբ հաստատված Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում եւ ծրագրի իրականացման միջոցառումներում:

Արդյունքում իրավական ակտերում ստացվում է որոշ միջոցառումների անհարկի կրկնություն, իսկ 2023 թվականի տարվերջին ավարտվող համալիր ծրագրի արդյունքների ամփոփումից հետո անհրաժեշտություն է առաջանալու ոլորտային համալիր միջոցառումները սահմանող փաստաթղթի մշակման, որի համար հիմք կարող է հանդիսանալ առաջարկվող նախածում ներառված լիազորող նորմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում գործող համալիր ծրագրի համար լիազորող նորմ հանդիսանում է մի կողմից «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, համաձայն որի Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ըստ մարզերի եւ (կամ) տարածաշրջանների քննարկում է առանձին սոցիալական խմբերի ընդհանրական սոցիալական կարիքները եւ իրականացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների ընթացիկ եւ վերջնական թիրախավորում՝ ըստ սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների, մարզերի եւ (կամ) առանձին տարածաշրջանների ու սոցիալական խմբերի եւ համապատասխան ծրագրերն ընդգրկում հաջորդ տարվա պետական բյուջեում, իսկ մյուս կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը, որով սահմանվել է «Երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, այլընտրանքային ծառայությունների ընդլայնում» միջոցառումը: Ըստ էության առաջին լիազորող նորմը ամբողջական անդրադարձ չի կատարում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող միջոցառումների սահմանմանը, իսկ երկրորդը հանդիսանում է որոշակի ժամանակահատվածի համար սահմանված միջոցառում, որի ժամկետն ըստ էության ավարտին է մոտենում:

Ելնելով վերորգրյալից, անհրաժեշտություն է առաջանում ոչ թե յուրաքանչյուր տարի կարճաժամկետ միջոցառումներ սահմանել (ընդ որում միայն բյուջետային միջոցառումներ), այլ երեխաների իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական պլանավորման գնահատման արդյունքների (գնահատումն արդեն իսկ իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից եւ արդյունքները ներկայացվել է Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովին) եւ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի ավարտից հետո նաեւ նշված ծրագրի գնահատման արդյունքների հաշվի առնմամբ սահմանել ոլորտային ընդգրկուն միջոցառումներ, որոնք անդրադարձ կկատարեն երեխայի բոլոր իրավունքների իրացմանը եւ պատասխանատու գերատեսչությունների համար կլինեն ուղեցույց առաջիկա տարիների համար՝ հստակ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հստակեցնել ոլորտային միջոցառումներն արտացոլող փաստաթղթի տեսակը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
5. Ակնկալվող արդյունքը
Խուսափել իրավական ակտերում միջոցառումների անհարկի կրկնությունից, հստակ ամրագրել ոլորտային միջոցառումներն արտացոլող փաստաթղթի: Ամրագրվող լիազորող նորմի արդյունքում հնարավորություն ունենալ սահմանել ոլորտային երկարաժամկետ նպատակադրումներ՝ իրավիճակի վերլուծության, հստակ ելակետային եւ թիրախային արժեքների շնորհիվ, որը թույլ կտա էականորեն բարելավել երեխայի իրավունքների պաշտպանության գործընթացը երկրում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի Մեգանպատակ 04-ի հետ՝ սահմանելով հիշյալ ռազմավարությամբ նշված՝ երեխաների նկատմամբ պետական ամբողջական եւ լիարժեք հոգածության ապահովմանը նպաստող միջոցառումներից մեկի՝ Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիր հաստատելու Կառավարության լիազորությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն