Armenian ARMSCII Armenian
Կ-6001-29.05.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի  22-րդ հոդվածի «Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել նոր 12-րդ եւ 13-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«
12. Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում  ԿՄ  -  -
13. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում  ԿՄ  -  -

»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ եւ 30-րդ կետերի կատարման ապահովմամբ:

2. Առկա իրավիճակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կանոնակարգված չէ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները: Բացի այդ՝  գործում է ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող օպերատորի գործունեությամբ զբաղվելու ընդհանուր կանոնները սահմանող Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1071/2009 կանոնակարգը, որի պահանջներին համապատասխան պետք է ներդաշնակեցվի ՀՀ օրենսդրությունը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարորդական վկայական ստանալու համար որակավորման պահանջները, սակայն ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների պարբերական վերապատրաստման եւ որակավորման պահանջներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ:

3. Կարգավորման նպատակը.

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին եւ կատարել միջազգային բազմակողմ համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է՝

1. Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջները սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ գործարար բարի համբավի, ֆինանսական կայունության եւ փոխադրումների մենեջերների վերաբերյալ:

2. սահմանել պահանջներ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստում անցնելու եւ մասնագիտական որակավորման վկայական ստանալու վերաբերյալ.

3. սահմանել պահանջներ ուսումնական կենտրոնների համար, որոնք կապահովեն համապատասխան մասնագիտական վերապատրաստումները եւ որակավորման քննությունների կազմակերպումը, ինչը որոշակի ռեսուրսներ եւ ժամանակ է պահանջում, ուստի օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

Միաժամանակ, մշակվել են գործընթացի վարչական պատասխանատվության միջոցները, պետական տուրքի դրույքաչափերը եւ մասնագիտական վերապատրաստման գործունեության ծանուցման կարգավորումները:

4.Կարգավորման առարկան

Օրենսդրական փոփոխությամբ կսահմանվեն ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող բարի համբավի, ֆինանսական միջոցների  ու մասնագիտական որակավորման պահանջները, ինչպես նաեւ միջպետական փոխադրումներ իրականացնելու հետ կապված առանձնահատկությունները:

Կսահմանվեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման գործընթացին ներկայացվող պահանջները:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կբարձրանան ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ոլորտում երթեւեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ:

Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է բիզնեսի վրա դրական ազդեցություն հետեւյալ պատճառներով՝

- մասնագիտական որակավորման բարձր մակարդակը կբարձրացնի ավտոճանապարհային փոխադրումների հատվածի սոցիալ-տնտեսական արդյունավետությունը,

- միջազգայնորեն ընդունված վկայականների եւ որակավորման այլ փաստաթղթերի տրամադրումը կապահովի հայկական փոխադրողների մուտքը միջազգային շուկաներ եւ ԵՄ երկրներ,

- կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը,

- ոլորտում գործունեություն իրականացնողների մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների ներգրավվածությունը կհանգեցնեն ճանապարհային անվտանգության եւ տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Օրենքների նախագծերը մշակվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքի նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, որի հաշվարկի համար վիճակագրական տվյալներ առկա չեն:

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ եւ 30-րդ կետերի կատարման ապահովմամբ:

9. Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել ենթաօրենսդրական իրավական ակտեր:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն