Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-622-03.10.2014,22.10.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը «ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի`

1) 1-ին մասում «կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության» բառերը փոխարինել «կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության» բառերով, իսկ «տեսակները, դրա» բառերը փոխարինել «տեսակները, մայրության նպաստի հասկացությունը, դրանց» բառերով.

2) 2-րդ մասում «դրամական եւ նյութական բավարարումները» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի վերնագրում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների» բառերով, իսկ 1-ին մասում` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստին» բառերը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստներին (այսուհետ` նպաստ)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի`

1)  վերնագիրը «տեսակները» բառից հետո լրացնել «, մայրության նպաստի հասկացությունը» բառերով.

2) 2-րդ մասից հանել «(այսուհետ` նպաստ)» բառերը.

3)  2-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար անձին տրամադրվում է սոցիալական ապահովություն:»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի`

1. Վերնագրում, 1-ին մասում «Նպաստի» բառը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերով.

2. 2-րդ մասում «նպաստի» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերով.

3. 3-րդ մասում «նպաստները» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստները» բառերով, իսկ «դրանց ստանալու իրավունքն» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակությունն» բառերով.

4. 4-րդ մասում «Նպաստը» բառը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով, իսկ «(աշխատանքից ազատվելը),» բառերը փոխարինել «(աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ» բառերով.

5. 6-րդ մասում «նպաստը» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ հոդվածով.

«Հոդված 4.1. Մայրության նպաստի իրավունք ունեցող անձինք

1. Մայրության նպաստի իրավունք ունեն`

1) վարձու աշխատողները՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից).

2) ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում, գործունեությունը ժամանակավորապես այդ հիմքով դադարեցնելու օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ավարտը, բայց ոչ ավելի, քան մինչեւ գործունեությունը վերսկսելը, կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը).

3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված չաշխատող անձը՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքի անցնելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, կամ նոտարի պաշտոնում նշանակվելը:

2, Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):

3. Վարձու աշխատողը եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը մայրության նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման եւ օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում:

4. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու եւ վճարելու հանգամանքից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերում նշված (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ նշանակվում է`

1) վարձու աշխատողին` հղիության եւ ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու (աշխատանքային պայմանագիրը լուծելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտվելու) դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու օրվան հաջորդող օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ավարտն ընկած այն օրերի համար, երբ չի հանդիսացել  վարձու աշխատող կամ  ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ կամ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամ.

2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին` հղիության եւ ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու (օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնավարումն ավարտելու) դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու օրվան հաջորդող օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ավարտն ընկած` այն օրերի համար, երբ չի հանդիսացել  վարձու աշխատող, կամ  ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, կամ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամ:

6. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողին կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դեպքերում որպես չաշխատող անձ մայրության նպաստ չի տրվում:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձին որպես աշխատող վճարված մայրության նպաստի գումարը գերազանցում է սույն հոդվածի 2-րդ մասով չաշխատող անձի համար սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) համար վճարման ենթակա մայրության նպաստի գումարը, ապա նրան որպես չաշխատող անձ մայրության նպաստ ստանալու վերջին օրվան հաջորդող օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ավարտն ընկած օրացուցային օրերի համար մայրության նպաստ չի տրվում:

8. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերում նշված (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձը հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում եղել է վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, ապա նրան սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ չի նշանակվում»:

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, օրենքով սահմանված կարգով եկամտային հարկ վճարած լինելու դեպքում» բառերը:

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «Բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը» բառերը փոխարինել «Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով.

2) վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաեւ մայրության նպաստն ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

Հոդված 9. Օրենքի 3-րդ, 4-րդ գլուխների վերնագրերում, 7-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում, 17-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «նպաստները» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստները» բառերով:

Հոդված 10. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 11-րդ հոդվածը, 16-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 20-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 11. Օրենքի 13-րդ, 14-րդ եւ 15-րդ հոդվածների վերնագրերում «Նպաստի» բառը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերով:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում» բառերով, իսկ «նպաստը» բառը` «ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով.

 2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատողին նպաստ» բառերը փոխարինել «աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերով:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատողին նպաստը» բառերը փոխարինել «աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 4.1.
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

Հոդված 21.1. Մայրության նպաստը

1. Մայրության նպաստը տրվում է սույն օրենքի 4.1-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածի համար:

2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահովված անձին մայրության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար: Այս դեպքում նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչեւ 110 օրական դառնալը) ժամանակահատվածի համար: Սույն մասով սահմանված դեպքում չաշխատող անձին մայրության նպաստ չի տրվում:

3. Հղիության 154-րդ օրը եւ 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու, վարձու աշխատողի եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց դեպքում` նաեւ հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):

4. Մինչեւ հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում` բժշկական եւ սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում վարձու աշխատողին եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ` սույն օրենքով սահմանված կարգով:

5. Փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար աշխատանքով ապահոված անձ հանդիսացող կենսաբանական մորը մայրության նպաստը վճարվում է երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչեւ 110 օրական դառնալը): Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:

Հոդված 21.2. Մայրության նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին

1. Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ աշխատողի աշխատանքի անցնելը:»:

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը եւ միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

1. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի ?սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված դեպքերում՝ միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափի?`

1) 40 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ տվյալ գործատուի մոտ անձի աշխատանքային ստաժի տեւողությունը մեկ օրացուցային տարուց պակաս է.

2) 60 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ տվյալ գործատուի մոտ անձի աշխատանքային ստաժի տեւողությունը 1-3 օրացուցային տարի է.

3) 80 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ տվյալ գործատուի մոտ անձի աշխատանքային ստաժի տեւողությունը երեք օրացուցային տարուց ավելի է:

2. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստները հաշվարկվում են ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտի`

1) 40 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մեկ օրացուցային տարուց պակաս է.

2) 60 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը 1-3 օրացուցային տարի է.

3) 80 տոկոսից՝ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը երեք օրացուցային տարուց ավելի է:

3. Չաշխատող անձին, այդ թվում` սույն օրենքի 4.1-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձին, եւ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին մայրության նպաստը հաշվարկվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի եւ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարից (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ):

4. Եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:

5. Եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է սույն մասով սահմանված՝ միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափը, ապա մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափից: Միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափը սահմանվում է`

1) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի համար՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկի չափով.

2) վարձու աշխատողի համար՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի`

ա. տասնապատիկի չափով, եթե մայրության նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նրա խնամքին առկա են երեք եւ ավելի երեխաներ,

բ. յոթապատիկի չափով, եթե մայրության նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նրա խնամքին առկա չեն երեխաներ կամ առկա են մեկ կամ երկու երեխա(ներ):

6. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

7. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես վարձու աշխատողին վճարված եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված) հիմնական աշխատավարձը:

8. Եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, կամ հաշվարկային ժամանակահատվածի որեւէ ամսվա համար վարձու աշխատողին եկամուտ չի վճարվել (չի հաշվարկվել), ապա հաշվարկային ժամանակահատվածի այդպիսի յուրաքանչյուր ամսվա համար որպես վարձու աշխատողին վճարված եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձի չափով գումար, բայց ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից ոչ ավելի:

9. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

10. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

11. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը)  բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

12. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

13. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն օրենքով սահմանված դեպքերում` նվազագույն աշխատավարձը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձին եւ չաշխատող կնոջը մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:

14. Սույն օրենքի 4.1-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձին`

1) որպես աշխատող անձ, գործատուի կամ լիազոր մարմնի կողմից վճարված մայրության նպաստը, եթե հաշվարկվել է նվազագույն ամսական աշխատավարձից ավելի միջին ամսական աշխատավարձից (եկամտից), ենթակա է վերահաշվարկման: Այս դեպքում վերահաշվարկը եւ ավել վճարված մայրության նպաստի գումարի հետպահումը կատարվում է սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.

2) որպես չաշխատող անձ, մայրության նպաստը հաշվարկելու համար նվազագույն ամսական աշխատավարձը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում որպես աշխատող մայր մայրության նպաստ ստանալու վերջին օրվան հաջորդող օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ավարտն ընկած օրացուցային օրերի թվով:

15. Եթե սույն հոդվածով սահմանված` մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:

16. Մայրության նպաստը նշանակելիս սույն հոդվածի իմաստով ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրը հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրն է:

17. Սույն հոդվածի իմաստով վարձու աշխատողին վճարված եկամուտ են համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ համարվող աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված նպաստը:»:

Հոդված 17. Օրենքի 23-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «նպաստի» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին մայրության նպաստ չի նշանակվում:»:

Հոդված 18. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց եւ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամներին նպաստները, ինչպես նաեւ չաշխատող  անձանց տրվող մայրության նպաստը հաշվարկում, նշանակում եւ վճարում է լիազոր մարմինը, որպես հարկային գործակալ հաշվարկելով եւ փոխանցելով եկամտային հարկը:

Սույն օրենքի 4.1-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձին, որպես չաշխատող անձ, լիազոր մարմինը մայրության նպաստը հաշվարկում, նշանակում եւ վճարում է, եթե որպես աշխատող այդ անձին նշանակած մայրության նպաստը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն վերահաշվարկվել է եւ ավելի վճարված մայրության նպաստի գումարն ամբողջությամբ հետ է պահվել:»:

Հոդված 19. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «3-րդ մասով» բառերը փոխարինել «9-րդ մասով» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Չաշխատող կինը ներկայացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը:

Սույն օրենքի 21.1-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նպաստ նշանակելու դեպքում եւ սույն օրենքի 21.1-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա երեխայի կենսաբանական մորը նպաստ նշանակելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկի փոխարեն ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, իսկ 21.1-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա նպաստ նշանակելու դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված` պերինատալ մահվան մասին սահմանված ձեւի փաստաթուղթը:

Անհրաժեշտության դեպքում, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է սույն սույն օրենքով սահմանված՝ միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափը, ներկայացվում են նաեւ անձի խնամքին առկա երեխայի կամ երեխաների ծննդյան վկայական(ներ)ը:

Սույն օրենքի 4.1-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձը ներկայացնում է նաեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը, կամ նոտարի պաշտոնից ազատվելը կամ լիազորությունները դադարեցնելը, ձեռնարկատիրական գործունեության դադարեցնելը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաեւ` գործատուի տված տեղեկանքը` մայրության նպաստի ժամանակահատվածի (ըստ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի), իր կողմից հաշվարկված, վճարված, վերահաշվարկված եւ հետպահված գումարների վերաբերյալ:»:

3) 2-րդ մասում «դեպքում նպաստի» բառերը փոխարինել «դեպքում ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի» բառերով:

Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) «նպաստը» բառը փոխարինել «մայրության նպաստը» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նվազագույն ամսական աշխատավարձից գործատուի կամ լիազոր մարմնի կողմից վճարված մայրության նպաստը ենթակա չէ վերահաշվարկման:»:

Հոդված 21. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված տեղեկանքը» բառերը:

Հոդված 22. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին եւ տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակությունը կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունքն առաջացել է 2015 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո), բացառությամբ չաշխատող կնոջը մայրության նպաստ նշանակելուն եւ վճարելուն վերաբերող դրույթների:

2. Սույն օրենքի՝ չաշխատող կնոջը մայրության նպաստ նշանակելուն եւ վճարելուն վերաբերող դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատավածի սկիզբը  2016 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո է:

3. Եթե ժամանակավոր անաշխատունակությունը (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունքը) առաջացել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ապա ժամանակավոր անաշխատունակության (մայրության) նպաստը եւ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով (պայմաններով):

Հիմնավորում
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով եւ նպատակ ունի բարձրացնել սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսարդյունավետությունը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:

Օրենքի համաձայն՝ սահմանված է հետեւյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.

2) պրոթեզավորման.

3) առողջարանային բուժման.

4) հղիության ու ծննդաբերության.

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

Նպաստը տրվում է, եթե դրա ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից:

Գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունը:

Մասնավորապես, կորցրած եկամուտը երբեմն փոխհատուցվում է ավելին, քան աշխատողի աշխատավարձն է, որը նա կստանար, եթե ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատեր:

Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ անձին, որպես վարձու աշխատող գրանցելու եւ նրան մեկ-երկու ամիս ամիս հետո նպաստ վճարելու համար որեւէ օրենսդրական արգելք չկա (ինչից ակնհայտորեն օգտվում են գործատուները), իսկ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգը եւ առավելագույն շեմի բացակայությունը առանձին դեպքերում ետին պլան է մղում նպաստի սոցիալական էությունը:

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ այս պարագայում ֆորմալ իմաստով օրենք չի խախտվում:

Միաժամանակ, ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար որեւէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն, պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում:

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները եւ հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է.

1. Հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի,

2. Պահպանել մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը եւ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ սահմանելով մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով (սա կազմում է շուրջ 1 մլն դրամ՝ 2015 թվականին եւ շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին, համաձայն առկա տեղեկատվության՝ ամսական 1 մլն. դրամից ավելի եկամուտ է ստանում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված (ֆիրտիլ տարիքի) աշխատող շուրջ 400 կին, կամ այդ տարիքի աշխատող կանանց (շուրջ 110 000 անձ) շուրջ 0,35 տոկոսը, այսինքն, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի համար 99,65 տոկոսի համար կապահովվի 100 տոկոս փոխհատուցման գործակից»:

3. Բարձր (առավելագույն շեմը գերազանցող) եկամուտներ ունեցողների համար եւս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով սահմանել, որ մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) եւ գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուներիի կնքած կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

4. Սահմանել մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն շեմ՝ այն սահմանելու իրավասությունը տալով կառավարությանը (նախատեսվում է, որ մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն չափը կսահմանվի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով չաշխատող անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության չափով՝ բացառելով, որ աշխատող կինը ստանա ավելի պակաս, քան չաշխատող անձին տրվող նպաստի չափն է):

5. Սահմանել, որ Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80%-ից: Ընդ որում՝ սահմանվում է նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով, եւ պահպանվում է միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը:

6. Իրականացնել տարբեր գործատուների մոտից մայրության ?հղիության եւ ծննդաբերության? նպաստի իրավունք ունեցող անձանց եկամուտների կոնսոլիդացիա՝ մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող նվազագույն եւ առավելագույն շեմը կիրառելով կոնսոլիդացված եկամուտների նկատմամբ (մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ այս դեպքում նպաստը հաշվարկում է հիմնական գործատուն՝ հաշվի առնելով նաեւ այլ գործատուների վճարած եկամուտները):

7. Պահպանել ինքնուրույնաբար իրեն ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության «հղիության եւ ծննդաբերությա» նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող առավելագույն շեմը՝ նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով:

8. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար մայրության նպաստ է նշանակվում նաեւ չաշխատող կնոջը:

Ընդ որում, հաշվի առնելով նաեւ հղիության որոշակի տեւողությունից հետո պարտադիր բժշկական հսկողության կանգնելու անհրաժեշտությունը, առաջարկվում է սահմանել, որ

1) Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի,

2) Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի «140 օրվա» ընթացքում:

9. Չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մեծությունից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի որպես նվազագույն ամսական աշխատավարձի չափի նկատմամբ հաշվարկված տոկոսաչափ (նախատեսվում է` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով): Այս դեպքում չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը 60000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում 4,6 ամսվա համար կկազմի շուրջ 138000 դրամ (30000/30.4x140):

10. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությամբ սահմանվում է, որ աշխատող կնոջը տրվող մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստը հարկվում է եկամտային հարկով (չաշխատող մայրերին տրվող նպաստը չի հարկվում, սակայն կհաշվարկվի հարկված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ աշխատողինը՝ չհարկված նվազագույն աշխատավարձի չափից):

11. Ավելացնել հիվանդության նպաստի` գործատուի կողմից վճարվող ժամանակահատվածը` 3 օրից դարձնելով 5 օր: Այս միջոցով կներդրվեն որոշակի կառուցակարգեր՝ հավասարակշռելու վարձու աշխատողի, գործատուի եւ պետության` աշխատողի հիվանդանալու դեպքում սոցիալական պարտավորությունների շրջանակը:

12. «Պետական կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում հստակեցվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքին կատարված հղումները` օրենքի նախագծով առաջարկվող անվանումը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի անվանումը:

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում էապես կբարելավվի սոցիալական  պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ սկսած 2016 թվականից, հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար լրացուցիչ սոցիալական աջակցություն տրամադրելով շուրջ 30 000 չաշխատող կնոջ, ինչը կարող է դրական ազդել ծնելիության ցուցանիշի վրա:

Միաժամանակ, բժշկական հաշվառման կանգնելը կարեւոր խթան կհանդիսանա առողջ սերունդ ունենալու համար:

Առաջարկվող մեխանիզմի դեպքում, պահպանելով աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցումը աշխատող կանանց մոտ, կներդրվեն տնտեսական խթաններ հնարավոր չարաշահումները կանխարգելելու համար (ուղղակի տնտեսապես ձեռնտու չի լինի անձին միայն նպաստ վճարելու համար աշխատանքի ընդունելը (ձեւակերպելը):