Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5921-23.05.2023-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 5.2րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, եւ հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով:

Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով:» :

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը , իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Այսօր, անկախ սոցիալական կարգավիճակից, հասարակության մի զգալի հատված շարունակում է մեծացնել համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերին իր մասնակցությունը՝ ավելի սրելով ոչ միայն իրենց սոցիալական խնդիրները, այլեւ պետության համար առաջացնելով եւ՛ տնտեսական, եւ՛ ընդհուպ մինչեւ անվտանգային խնդիրներ, քանի որ մեր կարծիքով, շահումով խաղերի հանրային օգուտը շատ ավելի քիչ է, քան պատճառած բարոյական եւ նյութական հանրային վնասը: Կարգավորման ընդունման հրատապությունը պայմանավորված է մտահոգիչ ցուցանիշների ահագնացող աճով: Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ-ի եւ Ֆինանսների նախարարության կողմի տրամադրված տեղեկատվության համաձայն՝ մասնակիցների կողմից գնված միավոր խաղերի ընդհանուր գումարը 2020թ-ին եղել է մոտ 2 տրլն. ՀՀ դրամ , 2021թ-ին՝ ավելի քան 3,9 տրլն. ՀՀ դրամ, իսկ 2022թ-ին ավելացել է՝ հասնելով 5,8 տրլն. ՀՀ դրամի, իսկ խաղային հաշիվների ընդհանուր թիվը 2020թ-ին եղել է մոտ 2,4 մլն., 2021թ-ին՝ ավելի քան 5,8 մլն., իսկ 2022թ-ին ավելացել է՝ հասնելով 8,7 մլն խաղային հաշվի, որոնցում բնականաբար մեծ է թիվ են կազմում ՀՀ քաղաքացիները, որոնց մի մասը կարծում ենք հանդիսանում են սոցիալապես անապահով խավի մարդիկ:

Փաստելով վերոգրյալը, անհրաժեշտ ենք համարում սահմանափակող եւ կարգավորող նախաձեռնության հնարավորության ունենալը, որի միջոցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ եւ պաշտպանել սպառողների շահերը: Ներկա կարգավորումներով օրենքը հնարավորություն է տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել այլ բանկային այդ (թվում քարտային) հաշիվ եւ դրա միջոցով օգտագործել, խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլեւ ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում իր ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց միջոցով: Նախագծի ընդունումը նախ եւ առաջ միտված է սրան, որպեսզի յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից եւ իրեն պատկանող հաշվի միջոցներից, սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով իր վարքագիծը: Մյուս կողմից խաղացողները, ովքեր չունեն սեփական բանկային հաշիվներ կամ իրենց պատկանող հաշիվների վրա կիրառված են արգելանքներ կամ հանդիպում են այլ խոչընդոտների բանկային գործառնությունների իրականացման իմաստով, շատ ավելի մեծ սահմանափակումների առաջ կկանգնեն խաղադրույքներ կատարելու ժամանակ:

2.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ սոցիալապես անապահով խավերի շահերի պաշտպանություն եւ խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտների սահմանում, որը զերծ կպահի հասարակության խոցելի խմբերին մոլեխաղերով հրապուրվելու անկանխատեսելի հետեւանքներից՝ կանխարգելելով սպառնալիքներով հղի իրենց գործունեության ծավալումը, ինչպես նաեւ սպառողների շահերի՝ հնարավոր եւ միտումնավոր խարդախություններից զերծ պահելն ու շահումով խաղերի կազմակերպիչների՝ խաղային իրական ակտիվության չափանիշի արդյունավետ կառավարումը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել եւ ապահովել օրենքով սահմանված պահանջների հետ կապված հարաբերությունները:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Մեծարգո՛ պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եվ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) օրենքի նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Օրենքի նախագծի հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պապոյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ (021)
ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ (061)