Armenian ARMSCII Armenian
Պ-593-23.05.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 2021 թվականի հունիսի 30-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածում.

 1. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

«3. Մինչդատական վարույթում տեսաձայնագրմամբ կատարված գործողության հակիրճ բովանդակությունը եւ հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ:

Տեսաձայնագրության բնօրինակը պահպանվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում, եթե այն պահպանվել է շարժական կրիչի վրա, ապա կրիչը կցվում է արձանագրությանը:».

2. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

 «5. Դատական վարույթում կատարված գործողության ընթացքը եւ արդյունքներն ամրագրվում են ձայնագրմամբ եւ համակարգչային եղանակով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատական վարույթում տեսաձայնագրված գործողության հակիրճ բովանդակությունը եւ հիմնական արդյունքները նշվում են վարութային այդ գործողության ընթացքում կազմված համառոտ արձանագրության մեջ: Տեսաձայնագրության բնօրինակը պահպանվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում, եթե այն պահպանվել է շարժական կրիչի վրա, ապա կրիչը կցվում է արձանագրությանը:».

3. 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

«7. Էլեկտրոնային եղանակով ամրագրված քրեական վարույթի նյութերը պահվում են էլեկտրոնային համակարգում (էլեկտրոնային քրեական վարույթ կամ էլեկտրոնային քրեական գործ), իսկ համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը՝ նաեւ թղթային տարբերակով: Համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը, ինչպես նաեւ էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչներում կամ շարժական էլեկտրոնային կրիչներում պահվող տվյալների բովանդակությունը ներբեռնվում է էլեկտրոնային համակարգ: Առարկաները եւ այլ նյութերը պահվում են որպեu վարույթի էլեկտրոնային նյութերի բաղկացուցիչ մաu, իսկ դրանց լուսանկարները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ: Այդ առարկաների եւ նյութերի ցանկը եւս ներբեռնվում է էլեկտրոնային համակարգ:»:

4. 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

«8. Էլեկտրոնային համակարգի շահագործման եւ անվտանգության կանոնները եւ շարժական կրիչի բնութագիրը սահմանում է Կառավարությունը:»

Հոդված 2. Օրենսգրքի 214 հոդվածում.

1. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

«5. Տեսաձայնագրման միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի:».

2. 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

«10. Տեսակապի միջոցով կատարված քննչական գործողության արձանագրությունն ապացուցման գործընթացում չի կարող օգտագործվել առանց տվյալ քննչական գործողության տեսաձայնագրության հասանելիության կամ տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչի:»:

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդված 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

«8. Հարցաքննության տեսաձայնագրությունը պահվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում եւ դրան հասանելիություն տրամադրելու միջոցով կարող է օգտագործվել մինչդատական վարույթի ընթացքում: Հարցաքննության տեսաձայնագրությունը կարող է պահվել նաեւ շարժական էլեկտրոնային կրիչում: Տեսաձայնագրության էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվելու դեպքում՝ դրա հասանելիության մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, ինչպես նաեւ առկայության դեպքում դրան են կցվում տեսաձայնագրության հիման վրա քննիչի կազմած եւ ստորագրած ցուցմունքի թղթային կամ էլեկտրոնային եղանակով կատարված եւ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված վերծանումը: Տեսաձայնագրության շարժական կրիչում պահվելու դեպքում՝ այն կցվում է արձանագրությանը: Ցուցմունքի վերծանումն ապացուցման գործընթացում կարող է օգտագործվել այնքանով, որքանով համապատասխանում է տեսաձայնագրության բովանդակությանը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 483-րդ հոդվածում.

1. 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված մինչդատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:».

2. Լրացնել նոր 12.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12.1. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված դատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) անցումային դրույթների համաձայն՝ Օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են սեպտեմբերի 1-ից:

Օրենսգրքի 8-րդ եւ մի շարք այլ հոդվածներում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն` վարութային գործողությունների տեսաձայնագրության կրիչները կցվում են համապատասխան արձանագրությանը:

Վերոգրյալ իրավակարգավորումների գործնական կիրակումն ապահովելու համար իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու համար քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման գործընթացի շրջանակներում տեղեկատվության հավաքագրման, մշակման ու պահպանության համար առավել նպատակահարմար է սերվերային ենթակառուցվածքների օգտագործումը:

Արձանագրելով այն հանգամանքը, որ տեսաձայնագրման եւ տվյալների պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կարիքի ձեւակերպման համար անհրաժեշտ է առաջնորդվել բարեփոխման ռազմավարական նպատակներով, այն է՝ տեսաձայագրությունը կատարվում է եւ՛ մարդու իրավունքների երաշխավորման, եւ՛ քննչական գործընթացների ու արդյունքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակներով, եւ հաշվի առնել տեխնոլոգիական զարգացման ապագա հնարավորությունները՝ տվյալները դիտարկելով որպես ներդրումային ակտիվ, միաժամանակ` պահպանելով տվյալների անվտանգություն:

Վերոգրյալի համատեքստում` հարկ է արձանագրել, որ  ենթակառուցվածքների զգայունության աստիճանով պայմանավորված առավել նպատային է դիտարկվել դրանք սերվերային ենթակառուցվածքներում պահպանելու մոդելը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ, միաժամանակ հնարավորություն ընձեռնելով դրանք պահպանել շարժական էլեկտրոնային կիչներում:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Ազգային ժողովի կողմից:

4.Ակնկալվող արդյունքը.

Օրենսդրական նման փոփոխության դեպքում հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի պաշտաճ ամրագրումը, ինչպես թղթային, այնպել էլ էլեկտրոնային եղանակով:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը հանգեցնելու է ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի փոփոխությունների, սակայն հաշվի առնելով, որ հնարավոր չէ կանխորոշել սերվերային ենթակառուցվածների արժողությունը եւ ծավալը, ուստի հաշվարկ-հիմնավորում ներկայացնել հնարավոր չէ:

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 2 հավելվածով 5-րդ նպատակի 1-ին կետի հետ:

Գրություն
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ