Armenian ARMSCII Armenian
Կ-5891-22.05.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի վերջում «փրկարարական ծառայողներին» բառից հետո լրացնել «եւ քրեակատարողական ծառայողներին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1 մասում «փրկարարական ծառայողներին» բառերից հետո լրացնել «եւ քրեակատարողական ծառայողներին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաեւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին եւ քրեակատարողական ծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաեւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին եւ քրեակատարողական ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության եւ առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:

Նշված հրամայականով պայմանավորված՝ նախագծով նախատեսվող կարգավորումներն ուղղված են քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի ներգրավմանը, ինչպես նաեւ նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը:

Այս առումով, հարկ է նկատել, որ ռազմավարական միջոցառումների ցանկով նպատակներին հասնելու առաջնային քայլերից մեկը հանդիսանում է քրեակատարողական ծառայության՝ որպես հանրային ծառայության տեսակի պատշաճ կազմակերպման եւ ծառայության գրավչության բարձրացումը, որում իր հերթին անկյունաքարային նշանակություն ունի նաեւ քրեակատարողական ծառայության անցնելու եւ ծառայությունը շարունակելու համար սոցիալական երաշխիքներ եւ լրացուցիչ խթաններ նախատեսող կառուցակարգերի նախատեսումը:

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով քրեակատարողական ծառայողների՝ իրենց գործառույթներով (որոնց թվում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժների կատարումը, անձնանց կալանքի տակ պահելը, քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, դատապարտյալների եւ կալանավորված անձանց փոխադրումը, քրեակատարողական հիմնարկներում ապահովում է օրինականության եւ անվտանգության ապահովումը) պայմանավորված աշխատանքի բնույթը եւ դժվարությունը, դրա սոցիալական կարեւորությունը, որի համատեքստում առավել ցայտուն կերպով է ընդգծվում ծառայողների համար արժանի վարձատրության եւ սոցիալական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը: Հարկ է նկատել նաեւ, որ կադրային քաղաքականության վերափոխման ռազմավարական նպատակի տեսանկյունից առանցքային նշանակություն ունի ծառայողներին՝ իրենց ունեցած մասնագիտական գիտելիքների եւ կարողությունների բավարար մակարդակին համապատասխան վարձատրության լրացուցիչ մեխանիզմներից օգտվելու հնարավորության ընձեռումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Մասնավորապես՝ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեակատարողական ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:»:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքն ուժը կորցրել 2017 թվականի դեկտեմբերի 16-ին եւ ներկայումս քրեակատարողական ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը վերաբերելի մասով կարգավորվում են ներկայումս գործող՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով:

Ներկայիս վերոնշյալ կարգավորումներն առաջացնում են տարընկալում, ինչի արդյունքում Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը գործնականում հնարավոր չէ կիրառել ու ներկայումս չի կիրառվում: Մասնավորապես, պարզ չէ եւ անտրամաբանական է, թե ներկայիս ձեւակերպման պարագայում գործնականում ինչպես պետք է կիրառել «արտահերթ կոչման շնորհում» խրախուսանքի տեսակն այն դեպքում, երբ ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը լրացած լինելու պայմաններում Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայողին արդեն իսկ պետք է շնորհվի հերթական կոչումը: Հարկ է նշել, որ արտահերթ կոչումը, որպես կանոն, պետք է շնորհվի մինչեւ հերթական կոչման ժամկետի լրանալը, իսկ տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումը՝ եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, ուստի առաջարկվող փոփոխությամբ կմտցվի հստակություն եւ հնարավոր կլինի համապատասխան նախարարի համաձայնությամբ՝ քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառել ինչպես արտահերթ կոչման շնորհում, այնպես էլ՝ տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում խրախուսանքի տեսակները:


3.Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որը կնպաստի Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման եւ պահպանման, ծառայողնրեի վարձատրության պայմանների էական բարելավմանը, ինչպես նաեւ նախատեստող այլ կարգավորումների շնորհիվ հնարավոր կլինի սահմանել եւ հստակեցնել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունվարի 21-ի N ՀՕ-14-Ն օրենքի ընդունմամբ առաջացած՝ Օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված եւ (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում նաեւ տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները:

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

5.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Օրենքի նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել «Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում:

6.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն կառուցվածքային փոփոխությունների մասով բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետի պահանջներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունումը հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի փոփոխությունների, սակայն հաշվի առնելով, որ հնարավոր չէ կանխորոշել ատեստավորման մասնակիցների թիվն ու ատեստավորման արդյունքները, ուստի հաշվարկ-հիմնավորում ներկայացնել հնարավոր չէ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն