Armenian ARMSCII Armenian
Կ-583-05.05.2023-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ.1)» կետով.

«ժգ.1) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաեւ դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը.»:

Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասում`

1. «գ» կետը կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները եւ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների,»,

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ)» կետով.

«թ) կազմակերպում եւ անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդները:»:

Հոդված 3. Օրենքի 13.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության «մեծ պահանջարկ ունեցող», 4-րդ եւ 5-րդ նախադասությունների, ինչպես նաեւ 4-րդ մասի «Մեծ պահանջարկ ունեցող» բառերից հետո լրացնել «կամ առանձնահատուկ պահանջարկ ունեցող» բառերը:

Հոդված 4.   Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով եւ 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝

ա) հերթական,

բ) ցանկալի,

գ) մեծ պահանջարկ ունեցող:

Այդ համարանիշերը հատկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսի դեպքում՝ ըստ հաշվառող անձի նախընտրության եւ կապված կոնկրետ համարանիշի չափորոշիչից, դրա օգտագործելու առաջնահերթության իրավունքը ձեռք բերելու համար նաեւ ՀՀ կառավարության 2020 թվականի թիվ 1496-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված գումարի վճարման դիմաց (ըստ որի, դրանց համար ենթակա է վճարման սկսած 36.000 ՀՀ դրամից մինչեւ 8.000.000 ՀՀ դրամ գումար):

Մեծ պահանջարկ ունեցող համարնիշերի չափորոշիչները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշմամբ, որով թույլատրվում է լատինական այբուբենի ցանկացած տառով ձեռք բերել նույն որոշմամբ հաստատված 1-ին եւ 2-րդ հավելվածներով սահմանված չափորոշիչներին համապատասխանող ցանկացած համարանիշ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների եւ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ եւ բարձր արժեք ունեցող համարանիշերը:

Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությամբ կարելի է նշել, որ աշխարhի մի շարք երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Անգլիայում (որտեղ բոլոր համարանիշերն են ենթակա աճուրդով ձեռք բերման՝ սկսած 250 ֆունտ սթերլինգից, որտեղ 80 ֆունտ սթերլինգը համարանիշի տպագրման եւ գրանցման արժեքն է), Տաջիկստանում, Կիրգիզիայում (այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդով՝ https://raqam.tj/#/dashboard, https://nomer.srs.kg/home.xhtml) եւ այլն, համարանիշերի առանձին տեսակների (սուպեր համարներ, ցանկալի համարներ, գեղեցիկ համարներ եւ այլն) ձեռք բերման համար նախատեսված է աճուրդային կարգ:

ՌԴ-ում 2010 թվականի «Ռուսաստանի Դաշնությունում տրանսպորտային միջոցների հաշվառման մասին» օրենքով նախատեսված է առանձին համարանիշերի աճուրդային կարգով ձեռք բերելու մասին կարգավորում, իսկ 2021 թվականից ՌԴ-ում շրջանառության մեջ է դրվել աճուրդային եղանակով առանձին համարանիշերի ձեռք բերման մասին իրավական ակտերի փաթեթը (regulation.gov.ru):

Ցանկալի եւ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռք բերման մասով Եվրոպական երկրների հիմնական մասում (Դանիա, Գերմանիա, Լեհաստան եւ այլն) գործում է ՀՀ ներկայիս կարգավորման համանմանությամբ ընթացակարգ (առանց աճուրդի):

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ: Վերջիններս, պահպանելով օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված՝ տառեր եւ թվեր պարունակելու պահանջը, մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ (օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ եւ դրա տարբեր կոմբինացիաները): Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է նախատեսել իրավական հնարավորություն՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր սահմանելու եւ դրանք աճուրդային կարգով օտարելու նպատակով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում ծախսերի էական ավելացում, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել այդ չափը, քանի որ նախագծի ընդունումից հետո պետք է ՀՀ կառավարության նոր որոշմամբ սահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման առանձահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաեւ դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը, իսկ դրան զուգահեռ՝ ՀՀ ՆԳ նախարարի հրամանով՝ նաեւ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդային մեկնարկային գները:

Նշված իրավական ակտերի նախագծման փուլում միայն հնարավոր կլինի կանխատեսել այն առավելագույն եկամուտը, որը ՀՀ-ն կստանա առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները աճուրդի նվազագույն արժեքով իրացման դեպքում՝ կախված առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշի աճուրդի մեկնարկային գնի արժեքից եւ այդ համարանիշների չափորոշիչների արդյունքում ստացված քանակության հանրագումարից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն