Armenian ARMSCII Armenian
Կ-572-27.04.2023-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

«Հոդված 24.1 Ոստիկանության իրավունքները լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս

1. Ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կանխելու կամ բացահայտելու նպատակով կամ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում իրավունք ունի.

1)  կանգնեցնել լողամիջոցը եւ ստուգել նավավարման  իրավունքի վկայականը եւ լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաեւ առերեւույթ անսարքությունների առկայությունը.

2)  Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնել նավավարի սթափության վիճակի զննություն.

3) լողամիջոցը վարելուց մեկուսացնել ոչ սթափ վիճակում գտնվող անձանց.

4) ստուգել հրդեհային անվտանգության սահմանված կանոնների պահպանումը.

5) տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը, ինչպես նաեւ փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր եւ իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ եւ հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում.

6) վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքում արգելել լողամիջոցի շահագործումը:

2. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում լողամիջոցը իրավասու պաշտոնատար անձի կողմից տեղափոխվում է լողափնյա հատվածներից դուրս գտնվող ափային տարածք կամ լողամիջոցների կանգատեղի՝ մինչեւ նշված հիմքերի վերանալը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքում նավավարի կամ սեփականատիրոջ համաձայնությամբ լողամիջոցը կարող է հանձնվել նավավարման իրավունքի վկայական ունեցող այլ անձի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: