Armenian ARMSCII Armenian
Կ-5691-26.04.2023-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 9-րդ մասում «ներկայացնում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը, իսկ «վերաբերյալ:» բառից հետո լրացնել «Էլեկտրոնային հաշվետվության համակարգն ապահովում է փաստաթղթաշրջանառության գաղտնիությունը:» բառերը:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին կետ.

«8.1) ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնում է համապատասխան տեսչական մարմնին.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգի գործարկման հաջորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի մարտի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն նախագծերի ընդունումը պայմանավորված է ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման եւ սպասարկման ոլորտի լիազոր մարմնին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելու դեպքում կազմակերպությունների համար պատասխանատվություն նախատեսելու հանգամանքով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 9-ի N 1593-Ն որոշման Հավելված N 2-ի 10-րդ կետով սահմանվել է, որ` «Կազմակերպությունները հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդ ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ` համաձայն N 3 ձեւի»:

Մինչդեռ, սահմանված ժամկետներում եւ ձեւաչափով հաշվետվություն չներկայացնելու դեպքում Կազմակերպությունների համար համապատասխան պատասխանատվություն գործող օրենսդրությամբ սահմանված չէ, որի արդյունքում Լիազոր մարմինը զրկվել է ռազմավարական պաշարների պահուստի նյութական ապրանքների մնացորդի եւ շարժի մասին համակարգված եւ հավաստի տեղեկություն ունենալու հնարավորությունից: Հարկ է նշել, որ հաշվետվություն ներկայացնելու պահանջն ինքնանպատակ չէ եւ միտված է կարեւորագույն խնդիրների լուծմանը` կապված զորահավաքային կարիքների, արտակարգ իրավիճակների կանխման կամ հետեւանքների վերացման, ինչպես նաեւ պարենային, հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու հետ:

Գործնականում այսօր ստեղծված է իրավիճակ, երբ Կազմակերպությունների դրսեւորած անգործությունը մնում է անհետեւանք, քանի որ չկա պետական հարկադրանքի որեւէ միջոց, եւ Լիազոր մարմինը չունի որեւէ լծակ` իրենց պարտավորության պատշաճ կատարումը Կազմակերպություններին պարտադրելու հարցում:

Այս առումով, Օրենսգրքում կատարվող լրացումն այն լծակն է, որը կստիպի Կազմակերպություններին ժամանակին եւ պատշաճ կատարել իրենց պարտավորությունը:

Հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն` ռազմավարական պաշարների պահուստի կուտակումը սահմանված ժամկետներում չկատարելը կազմակերպության համար առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո` 30 օրվա ընթացքում, առաջադրանքը չկատարելը կազմակերպության համար առաջացնում է տուգանք` չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը` չկուտակված ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով: Սակայն նշված օրենսգրքում «ապրանքների արժեք» եզրույթի հստակ սահմանման բացակայությունը որոշակի տարընկալումների տեղիք է տալիս: Միաժամանակ, վարչական պատասխանատվության չափը հստակեցնելու վերաբերյալ համապատասխան օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկությամբ Արտակարգ իրավիճակների նախարարին է դիմել նաեւ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Ա.Ասոյանը` 25.09.2021թ. N  //33104-2021 գրությամբ:

Հաշվի առնելով վառելիքի շուկայում գների հաճախակի եւ կտրուկ տատանումների հնարավորությունը, Նախագծով առաջարկվել է որպես ապրանքի արժեք դիտարկել ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ստուգման ենթակա ապրանքների ներմուծման տարվա միջին արժեքը` հարուցված վարչական վարույթը տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Ներկայումս ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունները իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են թղթային եղանակով, ինչը լիազոր մարմնի կողմից վերահսկման տեսանկյունից դժվարություններ է առաջացնում: Որպեսզի ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետվությունները թղթային եղանակով ներկայացնելու  գործընթացը ավելի դյուրին իրականացվի եւ նրանց կողմից ներկայացված հաշվետվությունները վերահսկելի լինեն լիազոր մարմնի կողմից, առաջարկվում է նախատեսել կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային եղանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր բնագավառներում անցում են կատարվում թվային տեխնոլոգիաներին, այդ նպատակով կստեղծվեն հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մեխանիզմներ, որն առավել  վերահսկելի կդարձնի  կազմակերպությունների աշխատանքը:

«Նյութական պահուստի մասին» օրենքի համաձայն` նյութական պահուստի օրենսդրության, այդ թվում պահանջների պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները: Տեսչական մարմինները համապատասխան ստուգումների հիման հարուցված վարչական վարույթների արդյունքում պարտավոր են կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «2.2 Ներքին անվտանգություն» բաժնում.

«Պետական պահուստի արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ է առավելագույնս իրականացնել նյութական արժեքների պետական պահուստի պահպանման, թարմացման, սպասարկման ու արդիականացման համար ֆինանսական միջոցների ուղղորդման միջոցառումները: Վերջինիս արդյունավետ իրագործման նպատակով անհրաժեշտ է ներդնել կառավարման ճկուն մեխանիզմներ եւ ապահովել դրանց պարբերական կատարելագործումը` արդի մարտահրավերներին համահունչ:»

Միջոցառումը բխում է նաեւ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 «02. Պաշտպանված Հայաստան» մեգանպատակից: Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին եւ մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ»:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել Կազմակերպությունների կողմից նյութական պահուստի օրենսդրության սահմանված պահանջների եւ պարտավորությունների կատարման հանդեպ հսկողության գործընթացը:

«Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացնեն էլեկտրոնային եղանակով:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի եւ շարժի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ինչը առավել վերահսկելի կդառնա  լիազոր մարմնի կողմից իրականացվող հսկողության ընթացքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն