Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-550-04.04.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-156-Ն օրենքի՝  3-րդ հոդվածի  2-րդ կետից հանել «(բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս սահմանամերձ համայնքներում գործող տնտեսվարողներից, մասնավորապես՝ գինեգործական արտադրությամբ զբաղվող ընկերությունները, մյուս տնտեսվարողների նկատմամբ գտնվում են անհավասար պայմաններում, քանի որ առանց այդ էլ այդ ընկերությունները վճարում են ակցիզային հարկ, սակայն չեն կարողանում օգտվել այն արտոնություններից, որոնք նախատեսված են սահմանամերձ համայնքներում մյուս տնտեսվարողների համար:

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ արտադրության ընդլայնման անհրաժեշտությամբ, որի արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն էլ կունենան աշխատանք իրենց բնակավայրերում եւ չեն լքի բնակավայրերը, ինչի արդյուքնում կլուծվի նաեւ որոշակի անվտանգային խնդիրներ: Ավելին, այս ամենով կապահովվի նաեւ տարածքային զարգացման համաչափությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի  2-րդ կետից հանել «(բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության)» բառերը:

Այսինքն, հավասար հնարավորություն ստեղծել նաեւ սահմանամերձ բնակավայրերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար՝ օգտվելու հարկային արտոնություններից, որոնք սահմանված են օրենսդրությամբ:

3. Ակնկալվող արդյունքը

Սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացում, տարածքային զարգացում, զբաղվածության ապահովվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Սիմոնյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Սերգեյ Բագրատյան)

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել փոփոխություններ:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝   5 թերթ:

ՀԱՐԳԱՆՔՆՈՎ՝  ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ԼԻԼԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ