Armenian ARMSCII Armenian
Կ-534-20.03.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 86-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «իր պաշտոնում նշանակվելուն» բառերը փոխարինել «պաշտոնավարմանը» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում «նշանակմանը» բառից հետո լրացնել «, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե առերեւույթ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, ապա Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպվում է դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի` սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացումը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 159-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 4-րդ կետում «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն» բառերը փոխարինել «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ» բառերով:

2) 3-րդ մասում «դիմում է Լիազոր մարմնին` դատավորի բժշկական զննությունն իրավասու մարմնի միջոցով կազմակերպելու համար» բառերը փոխարինել «դիմում է Բարձրագույն դատական խորհրդին` դատավորի` սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացումը կազմակերպելու համար» բառերով:

3) 3-րդ եւ 4-րդ մասերում «1-ին մասի» բառերը փոխարինել «2-րդ մասի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի ամբողջ տեքստում «ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ» եւ «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» բառերը` համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «հիվանդություններ եւ վիճակներ» եւ «հիվանդություն կամ վիճակ» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ` Օրենսգիրք) անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, որպիսի պայմաններում գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում:

Բացի այդ, բացակայում է դատավորի/ դատավորի թեկնածուի հավակնորդի/ դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը: Կատարվող լրացումների շրջանակում նաեւ օրենսդրական հիմք կստեղծվի լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգի ընդունման համար:

Միաժամանակ, առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերում չեն կիրառվում ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ ձեւակերպումները, ուստի Օրենսգրքի կարգավորումները գործող ոլորտային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխել բոլոր այն հոդվածները, որտեղ կիրառվում են «ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ» կամ «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձեւակերպումները:

Օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաեւ 159-րդ հոդվածի 3-րդ մասը բժշկական զննության կազմակերպման գործընթացում նախատեսում են իրավասու մարմնի` այն է Առողջապահության նախարարության ներգրավում: Նշված պայմաններում Առողջապահության նախարարության գործառույթը սահմանափակվում է դիմումը համապատասխան բժշկական կազմակերպությանը փոխանցելով: Գործընթացն առավել արագ կազմակերպելու եւ անհարկի միջնորդավորվածությունից խուսափելու նպատակով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից դիմումի ներկայացում անմիջապես համապատասխան բժշկական հաստատությանը:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Կատարվող փոփոխությունների եւ լրացումների շրջանակում ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը կիրառելի է դառնում նաեւ պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաեւ վերջիններիս համար նախատեսվում է բժշկական զննության իրականացման հնարավորություն:

Բացի այդ, Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի շրջանականերում ամրագրվում է լիազորող նորմ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու համար:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է Օրենսգրքում կիրառվող «ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ» եւ «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձեւակերպումը փոխարինել «հիվանդություններ եւ վիճակներ» եւ «հիվանդություն կամ վիճակ» ձեւակերպմամբ:

Նախագծի ընդունմամբ բժշկական զննության իրականացման նպատակով դիմումները ներկայացվելու են անմիջականորեն համապատասխան բժշկական հաստատությանը:

Նախագծով ուղղվում են նաեւ 159-րդ հոդվածում առկա տեխնիկական անհամապատասխանությունները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաեւ պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաեւ վերոհիշյալ դեպքերում բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը: Նախագծի ընդունմամբ օրենսդրական հիմք կսահմանվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգի ընդունման համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն