Armenian ARMSCII Armenian
Կ-5331-17.03.2023-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում «զինծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասի 1-ին նախադասությունում «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին» բառերը, իսկ 2-րդ նախադասությունում «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների)» բառերը:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, հաշվի առնելով ոստիկանության գործառույթների տիրույթում առկա մարտահրավերները՝ հրամայական է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը համալրել որակյալ, բանիմաց եւ բարեվարք կադրերով՝ գրավիչ դարձնելով ոստիկանությունում ծառայությունը, ինչպես նաեւ կանխել կադրերի արտահոսքը համակարգից՝ ոստիկանության ծառայողների համար նախատեսելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետեւյալ հայեցակարգային դրույթների հիման վրա:

1. Ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի մայիս ամսից:

2. Ատեստավորման ծրագրի գործողության առաջին ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:

3. Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից: Բացառություն են կազմելու միայն բարձարգույն խմբի պաշտոն զբաղեցնող Ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ այն ծառայողները, որոնք տեղափոխվելու են Ներքին գործերի նախարարության տիրույթ:

4. Ատեստավորման գործընթացի համար պատասխանատու ծառայության կողմից ատեստավորման անցկացման ժամանակացույցերը կազմվելու են այն հաշվարկով, որպեսզի նույն փուլով ատեստավորվող, կոնկրետ ստորաբաժանման (ծառայության) ծառայողների թիվը չգերազանցի համալրված ծառայողների մեկ երրորդը՝ աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով:

5. Ծառայողների՝ ատեստավորմանը մասնակցելու հերթականությունը որոշվելու է անվան եւ ազգանվան այբբենական հաջորդականությունից ելնելով: Անհրաժեշտության դեպքում կարող են սահմանվել հերթականության որոշման այլ չափորոշիչներ:

6. Պաշտոնի խմբով պայմանավորված՝ ատեստավորման կարգը եւ պայմանները կարող են լինել տարբերակված:

7. Ատեստավորման ընթացքում ստուգվելու եւ գնահատվելու են վերոնշված ծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական հմտություններն ու մասնագիտական պիտանելիությունը (համակարգչային թեստավորման միջոցով), ինչպես նաեւ ֆիզիկական եւ կրակային պատրաստականության վիճակը (համապատասխան նորմատիվային վարժությունների կատարման միջոցով):

8. Մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր եւ մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածության:

9. Հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր հարցի համար համակարգչային ծրագիրն առաջարկելու է ճիշտ պատասխանին հնարավորինս մոտ երեք սխալ եւ մեկ ճիշտ պատասխանի տարբերակ, լինելու են նաեւ իրավիճակային խնդիրներ:

10. Նախքան ատեստավորման անցկացումը ծառայողին տրամադրվելու է այն իրավական ակտերի ցանկը, որից կազմվել են ատեստավորման հարցերը:

11. Ատեստավորման դիմելու համար ծառայության ստաժի սահմանափակում չի նախատեսվելու:

12. Կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաեւ ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորումը չթույլատրելու համար:

13. Ոստիկանությունում ձեւավորվելու են ատեստավորումներն անցկացնող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվելու են երեք խումբ անդամներ՝ մասնագիտական (այդ թվում՝ բարեվարքության) գիտելիքների ստուգումն ապահովող, ֆիզիկական պատրաստականության վիճակի ստուգումն ապահովող, ինչպես նաեւ կրակային պատրաստականության ստուգումն ապահովող:

14. Ատեստավորումը չհաղթահարած ծառայողին, ատեստավորման ծրագրի գործողության եռամյա ժամկետում, տրվելու է առնվազն եւս երկու ատեստավորման հնարավորություն:

15. Ատեստավորման եռամյա ժամկետում ծառայողին կտրվի մեկ անգամ վերապատրաստման հնարավորություն:

16. Ատեստավորման ծրագրի գործողության եռամյա ժամկետի ընթացքում ատեստավորման համար չդիմելու (ատեստացիա չանցնելու), ինչպես նաեւ ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները, զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ենթակա են Ոստիկանությունում ծառայությունից ազատման:

17. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի՝ բացառությամբ պաշտոնեական առաջխաղացմամբ, ինչպես նաեւ ծառայության բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր պաշտոնի նշանակման, որի դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման եւ ատետավորման: 3 տարուց հետո հավելավճարի հաշվարկը շարունակելու նպատակով ծառայողը պետք է կրկին ատեստավորվի:

Ինչ վերաբերում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներին, ապա դրանք բխում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավակարգավորումներից:

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:

Հատկանշական է, որ հավելվավճարի չափը սահմանվելու է Կառավարության որոշման շրջանակներում: Այս համատեքստում կարեւոր է ընդգծել, որ ոստիկանության ոլորտում աշխատավարձային այս քաղաքականությունը նպաստելու է նաեւ ծառայողի եկամտի հաշվարկում պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակներում ապահովագրավճարի երաշխավորմանը, այսինքն՝ ընդհանուր եկամտից դուրս է բերվելու ապահովագրավճարի չափը:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Օրենքի եւ իրավունքի դիկտատուրան, իրավակարգը» պարբերությունից, համաձայն որի իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարեւոր գործոն են: Անկախ եւ հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ եւ որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ Ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:

Նույն ծրագրի 5.4 գլխում նշված է նաեւ, որ ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք, մասնագիտացած ու տեխնիկապես հագեցած ոստիկանության վերափոխման միջոցով հասարակական անվտանգության ապահովման նոր որակի ստեղծումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսված համակարգային բարեփոխումները բոլոր ուղղություններով:

Ոստիկանության բարեփոխումներում կենտրոնական դեր է հատկացված ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի եւ պետական կրթական չափորոշիչների վերանայմանն ու կրթական միջավայրի բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ոստիկանական ստորաբաժանումները համալրել որակապես նոր եւ առաջադիմական կրթական ծրագրերով ուսուցում անցած եւ վերապատրաստված կադրերով, որը բարեփոխումների հաջողման կարեւոր գրավական է:

Այս համատեքստում կարեւորում ենք նաեւ Ոստիկանության ծառայողների վերապատրաստման արդյունքներով ատեստավորման օբյեկտիվ հնարավորությունը:

Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի Ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսեւորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
 
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն՝ միաժամանակ, բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ կմեծանա Ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչի արդյունքում Ոստիկանությունը կհամալրվի բանիմաց կադրերով, ինչպես նաեւ կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծերի ընդունմամբ կառաջանան բյուջետային ծախսեր, որը կներկայացվի ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանող Կառավարության որոշման նախագծով: Միաժամանակ, 2023 թվականի համար ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի տրամադրումը կիրականացվի Ոստիկանության խնայված միջոցների հաշվին, իսկ 2024 թվականից սկսած կպահանջվի համապատասխան ֆինանսական միջոցների հատկացում:

Նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն