Armenian ARMSCII Armenian
Կ-5311-10.03.2023-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում.

1) առաջին նախադասությունում «զինված ուժերում եւ այլ զորքերում» բառերը փոխարինել «պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում» բառերով.

2) երկրորդ նախադասությունում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում սույն» բառերը փոխարինել «Սույն» բառով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի.

1) 3-րդ կետում «թողնելու» բառից հետո լրացնել «կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու կամ կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու» բառերը.

2) 4-րդ կետում «ուսման կամ» բառերից հետո լրացնել «զինծառայողի`» բառը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետում «միավորումներ» բառը փոխարինել «կազմակերպություններ» բառով, իսկ «միավորման» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.

2) 4-րդ կետում «միջոցներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ծառայության կրման ցանկացած վայրում օգտագործել սմարթֆոն տիպի բջջային հեռախոս` բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի» բառերը.

3) 5-րդ կետում «դրանց» բառից հետո լրացնել «, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցել հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման» բառերը.

4) լրացնել 10-րդ, 11-րդ եւ 12-րդ կետեր` հետեւյալ բովանդակությամբ.

«10) անհատական կամ կոլեկտիվ ձեւաչափով հրապարակային հնչեցնել ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ.

11) համացանցով եւ զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով տարածել կամ քննարկել զինված ուժերի գործունեության կամ տեղակայման կամ իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր կամ լուսանկարներ` բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների.

12) առանց իրավասու վերադաս հրամանատարին (պետին) գրավոր տեղեկացնելու` դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«5) սպայական դասընթաց անցած բարձրագույն կրթություն ունեցող շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին` պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից արձակելիս:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում.

1) 9-րդ մասում «անգամ» բառից հետո լրացնել «` մինչեւ «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ» բառերը.

2) 11-րդ մասում «զինծառայողներին» բառից հետո լրացնել «համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելիս շնորհվում է իրենց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը համապատասխանող զինվորական կոչում, իսկ հերթական կոչում ստանալու համար սահմանված ժամկետը լրացած լինելու դեպքում» բառերը.

3) 12-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Սպայական կազմի զինծառայողը զրկվում է նաեւ կնքված պայմանագրի ընթացքում շնորհված զինվորական կոչումից, իսկ եթե կնքված պայմանագրի ընթացքում շնորհվել է մեկից ավելի զինվորական կոչում, ապա` վերջինը շնորհված զինվորական կոչումից` սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու դեպքում` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զինվորական կոչում շնորհելու մասին անհատական իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, որի արդյունքում զինվորական ծառայությունից արձակվելուց հետո զինծառայողը պահեստազորում հաշվառվում է մինչեւ զրկված զինվորական կոչումն ունեցած զինվորական կոչումով:»:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ նախադասությունում «զորակոչի» բառից հետո լրացնել «շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի» բառերը.

2) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «ժամկետը» բառը փոխարինել «ու դրա շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետները» բառերը:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասով սահմանված գիտության, կրթության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին:»:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունում «իսկ» բառը հանել, իսկ «ծննդյան օրը» բառերից հետո լրացնել «, իսկ 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` մինչեւ 18 տարեկան քույր կամ եղբայր ունենալու դեպքում` մինչեւ քրոջ կամ եղբոր 18 տարին լրանալու օրը» բառերը:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 11-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Զորակոչի ենթակա քաղաքացու առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտությունները հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում փորձաքննական եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո եւ քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է հաջորդ զորակոչի ժամանակ:»:

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, բացառությամբ եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում:»:

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասում.

1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.».

2) լրացնել 7-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«7) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:»:

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 2-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «ոչ պիտանի» բառերը փոխարինել «ժամանակավորապես ոչ պիտանի կամ 7-րդ կետի համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի» բառերով.

բ. «գ» ենթակետում «կարգով» բառից հետո լրացնել «անհայտ բացակայող կամ» բառերը, իսկ «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով.

2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «կարգով» բառից հետո լրացնել «` արձակման հիմք ծագելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում» բառերը.

3) 4-րդ մասում «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով» բառերը:

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում «մինչեւ 5, իսկ դասախոսական, գիտահետազոտական կամ բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հազվագյուտ մասնագիտություններ ունեցող զինծառայողներինը`» բառերը հանել:

Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածում.

 1) 2-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություններ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հերթական պայմանագիր կնքելու մասին զեկուցագրում պայմանագրային զինծառայողի կողմից նշվում է կնքվող պայմանագրի ժամկետը, ընդ որում, եթե մինչեւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է 5 տարուց, ապա կողմերի համաձայնությամբ հերթական պայմանագիրը կնքվում է մինչեւ սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածով: Պայմանագրային զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու համար որոշիչ նշանակություն ունի պայմանագրային զինծառայողի կողմից սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորումն անցած լինելու հանգամանքը:».

2) 4-րդ մասում «մասով» բառից հետո լրացնել «, իսկ ավագ սպայական կամ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող քաղաքացիների հետ` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից` նաեւ սույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերը:

Հոդված 15. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «թողնելու» բառից հետո լրացնել «կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու» բառերը:

Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածում.

1) 6-րդ մասի 5-րդ կետում «եւ բարձրագույն սպայականի» բառերը հանել, իսկ «անձնակազմին վերաբերող» բառերը փոխարինել «անհատական» բառով.

2) 7-րդ մասում «եւ բարձրագույն սպայականի» բառերը հանել:

Հոդված 17. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 8-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«8) ռազմական դրության ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում:»:

Հոդված 18. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Բարձր զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված պայմանագրային զինծառայողին տվյալ զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմամբ նախատեսված բարձր հերթական զինվորական կոչում չի շնորհվում:»:

Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետում «կարգով» բառից հետո լրացնել «, իսկ ռազմական դրության ժամանակ` նաեւ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում» բառերը.

2) լրացնել 7.1-ին, 7.2-րդ, 7.3-րդ եւ 7.4-րդ կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«7.1) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործուղման դեպքում.

7.2) զորահավաք հայտարարված լինելու ժամանակահատվածում հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե բժշկական եզրացության համաձայն զինծառայողի բուժումը կարող է տեւել մեկ ամսից ավելի.

7.3) համապատասխան զինվորական պաշտոնում պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.

7.4) եթե նշանակվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող` երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի կողմից արձակուրդից վերադառնալու դեպքում.»:

Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածի.

 1) 1-ին մասում`

ա. 1-ին կետում «արձակուրդում» բառից հետո լրացնել «կամ մինչեւ վեց ամիս ժամկետով ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման մեջ» բառերը, իսկ «մինչեւ արձակուրդի ավարտը» բառերը փոխարինել «համապատասխանաբար մինչեւ արձակուրդի կամ ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման ժամկետի ավարտի օրվան հաջորդող 60-րդ օրը» բառերով.

բ. 3-րդ կետում «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձեւով պատժի դատապարտվելու դեպքում` երկու ամսից ոչ ավելի» բառերը.

գ. լրացնել 5.1-ին եւ 5.2-րդ կետեր` հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) 7.1-ին եւ 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխանաբար մինչեւ գործուղման կամ բուժման ավարտի օրվան հաջորդող 30-րդ օրը.

5.2) 7.3-րդ եւ 7.4-րդ կետերով նախատեսված դեպքերում` մեկ ամսից ոչ ավելի.».

դ. 7-րդ կետում «մինչեւ ազատվելը» բառերը փոխարինել «վերադառնալու օրվանից` մեկ ամսից ոչ ավելի» բառերը.

2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություններ` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամկետի ավարտի օրվա դրությամբ պայմանագրային զինծառայողի` բուժման մեջ գտնվելու դեպքում կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ գտնվելու ժամկետը երկարաձգվում է մինչեւ պայմանագրային զինծառայողի բուժման ավարտի օրը: Սույն հոդվածի համաձայն պայմանագրային զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելը չի հանդիսանում պայմանագրային զինծառայողի հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում եւ զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի գործողությունը:»:

Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածի.

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «հակացուցված է» բառերից հետո լրացնել «, կամ առկա են սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պայմանները» բառերը.

2) 6-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի գործողությունը:»:

Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածի.

1) 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Պայմանագրային զինծառայողի հերթական արձակուրդին միացվում են նաեւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը` որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս:»:

2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում:»:

Հոդված 23. Օրենքի 54-րդ հոդվածում.

1) 1-ին մասի`

ա. 5-րդ կետում «եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի» բառերը փոխարինել «եթե զինծառայողը համաձայն չէ թողնվելու կադրերի տրամադրության տակ կամ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն» բառերով.

բ. 6-րդ կետում «եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի» բառերը փոխարինել «եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն» բառերով.

2) 3-րդ մասում`

ա. առաջին նախադասությունում «ծառայության ընթացքում» բառերը լրացնել «ծառայության առաջին տաս տարվա ընթացքում» բառերով.

բ. լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է այն անձի համար, ով սույն մասով սահմանված պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո երեք տարվա ընթացքում դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար եւ այդ ժամկետում նրա հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիր` հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նախկին (դադարեցված) պայմանագրի պայմաններով` հաշվի առնելով նաեւ վճարված տուժանքի չափը եւ նախկինում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության շրջանակներում ծառայած ժամկետը, որի դեպքում տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաեւ մինչեւ այդ օրը վճարված տուժանքի գումարը չի վերադարձվում պայմանագրային զինծառայողին:».

3) լրացնել 5-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն պարտադիր կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն չունեցող պայմանագրային զինծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքով արձակելիս պայմանագրային զինծառայողի համար ծագում է Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի  425-րդ  հոդվածով նախատեսված պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու հրաժարագին վճարելու պարտավորություն` պայմանագրային զինծառայողի վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափի եռապատիկ չափով: Մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն մասով սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը նախատեսվում է զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերում: Հրաժարագին վճարելու պահանջը պայմանագրային զինծառայողին է ներկայացվում մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու մասին անհատական իրավական ակտն ընդունելը` զինվորական ծառայությունից արձակելու մասին պայմանագրային զինծառայողի զեկուցագիրը համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի կառավարման իրավասու ստորաբաժանումում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրաժարագին վճարելու պահանջի ներկայացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրային զինծառայողի կողմից հրաժարագինը չվճարելու կամ դրա վճարումից հրաժարվելու դեպքում հրաժարագնի բռնագանձումն իրականացվում է դատական կարգով:»:

Հոդված 24. Օրենքի 55-րդ հոդվածի`

1) 4-րդ մասի երրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասով չնախատեսված եւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձանց կողմից զինվորական համազգեստի կրումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:».

2) 5-րդ մասի առաջին նախադասությունում «հրամանը չեղյալ համարելու» բառերը փոխարինել «հրամանն անվավեր ճանաչելու» բառերով.

3) 6-րդ մասի առաջին նախադասությունում «ժամկետում» բառից հետո լրացնել «, ընդ որում, օտարերկրյա պետություն ուսումնառության կամ ծառայության գործուղված զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հրամանը տրվում է զինծառայողի գործուղումը դադարեցնելու եւ զինծառայողին հետ կանչելու մասին հրամանի ընդունման եւ զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հիման վրա» բառերը:

Հոդված 25. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «վերապատրաստելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավելու» բառերը:

Հոդված 26. Օրենքի 59-րդ հոդվածում.

 1) 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, ով պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձեւով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավելու հայտարարված վարժական հավաքին:».

2) 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «դեպքում» բառը փոխարինել «, ինչպես նաեւ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կամ «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պայմաններ չունենալու դեպքերում» բառերով.

3) 7-րդ մասում`

ա. «բավարարումների» բառից հետո լրացնել «` ծառայությունն իրականացնելով զորանոցային պայմաններում եւ, ըստ անհրաժեշտության, ներգրավելով մարտական հերթապահության» բառերը,

բ. «զինծառայողների համար օրենքով» բառերը փոխարինել «պայմանագրային զինծառայողների համար սույն օրենքով եւ այլ օրենքներով» բառերով.

4) 9-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին կարող են կանչվել միեւնույն գործատուի (մարմնի, կազմակերպության) աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 5 տոկոսի չափով աշխատողներ:»:

Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածում.

1) 4-րդ մասի առաջին նախադասությունում «ապահովությունը» բառից հետո լրացնել «սահմանվում է ամսական օրացուցային օրերի հաշվարկով եւ» բառերը.

2) 13-րդ մասի առաջին նախադասությունում «պատճառով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 7.2-րդ, 7.3-րդ եւ 7.4-րդ կետերի ու 3-րդ մասի համաձայն» բառերը

3) 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերում սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաեւ այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին տրվում է հատուցում` չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար, որի չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերի թվով բազմապատկելու միջոցով:»:

Հոդված 28. Օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ մասում, 65-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, 66-րդ հոդվածի 3-րդ մասում, 67-րդ հոդվածի 1-ին մասում, 68-րդ, 69-րդ ու 71-րդ հոդվածների 2-րդ մասերում «կենսաթոշակի իրավունք ունեցող» եւ 64-րդ հոդվածի 5-րդ ու 71-րդ հոդվածի 2-րդ մասերում «կենսաթոշակ ստացող» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով:

Հոդված 29. Օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի`

1)  առաջին նախադասությունում «սակայն,» բառից հետո լրացնել «առնվազն» բառը,

2) երկրորդ նախադասությունում «ընթացքում,» բառից հետո լրացնել «կամ այդ օրվանից հետո մինչեւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում» բառերը:

Հոդված 30. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«5) աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,

բ. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք:»:

Հոդված 31. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«6. Սույն օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրվում է պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից: Տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ տեղեկանքի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 32. Օրենքի 72-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության,» բառերը փոխարինել «պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության եւ» բառերով.

 2) 2-րդ մասի 4-րդ կետում «65-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերից հետո լրացնել «66-րդ հոդվածի 3-րդ մասի,» բառերը, «64-րդ,» բառը փոխարինել «64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 3-րդ մասի,» բառերով, իսկ «դրույթները» բառից հետո լրացնել «, եւ զինված ուժերում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւոր ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ եւ 65-րդ հոդվածների 1-ին մասերի դրույթները» բառերը:

Հոդված 33. Օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում «առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ» բառերը փոխարինել «մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կամ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով» բառերով:

Հոդված 34. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) «ա» կետի գործողությունը տարածվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-289-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա.

2) «բ» կետի գործողությունը տարածվում է 2017 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների, ինչպես նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ ուսման ծախսերի փոխհատուցման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողների վրա:

3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 20-ից «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների վրա:

4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա եւ 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողները կարող են դիմել ծառայությունից արձակումն իրականացրած պետական լիազոր մարմին` հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով: Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանվում է սույն մասի համաձայն վարչարարության իրականացման կարգը:

5. Սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտը, ինչպես նաեւ սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 1.3 պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ բաժնի դրույթներին (պաշտպանության բնագավառի շարունակական բարեփոխումներ) համահունչ եւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի (այսուհետ` կանոնագիրք) կիրառման շրջանակներում ակնհայտ է դարձել, որ կանոնագրքի հատուկ մասում կարգապահական իրավախախտումների համար սահմանված կարգապահական տույժերի ցանկում կանոնագրքի 23-րդ հոդվածում նախատեսված տույժերի տեսակների ոչ ամբողջական ընդգրկումը խնդիրներ է առաջացրել կարգապահական իրավախախտումների դիմաց պատշաճ ներգործություն ապահովելու գործընթացում: Կանոնագրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սպաների կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, ինչպես նաեւ առավել պարզեցված կարգով կարգապահական իրավախախտման դեպքը քննելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի բացակայությունը կրկին անհամաչափ ծանրաբեռնում էր զորային օղակի գործունեությունը: Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հերթապահության կրման կամ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը` որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ եւ կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում` մինչեւ 30 տոկոս չափով եւ մինչեւ երեք ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը եւ կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ եւ կարգավորումներ: Առկա իրողություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նաեւ կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաեւ գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:

 Զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը բարելավելու, ծառայության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու, 2020 թվականին հայտարարված զորահավաքի վերլուծության արդյունքներով կանոնակարգումներ նախատեսելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ` օրենք) իրականացնել մի շարք համալիր բնույթի կանոնակարգումներ: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել ըստ ծառայության կազմակերպման համակարգերի առավել ընդգրկուն սահմանել զինվորական ծառայության հասկացությունը, զինծառայողների համար օրենքով սահմանված սահմանափակումների ցանկը լրացնել զինծառայության առանձնահատկություններով եւ ծառայության պատշաճ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված սահմանափակումներով, պահեստազորի սպայական կազմը համալրելու նպատակով առաջին սպայական զինվորական կոչում ստանալու հնարավորություն ընձեռել նաեւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունն ավարտող բարձրագույն կրթություն ունեցող այն զինծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով կանցնեն սպայական կարճաժամկետ դասընթացներ, հստակեցնել երկու եղբայրների կողմից միեւնույն զորամասում ծառայություն անցնելու կարգը, քանի որ որոշակի դեպքերում մեկ եղբայրը ծառայության է նշանակված այնպիսի պայմաններով զորամասում, որոնք չեն բավարարվում մյուս եղբոր կողմից, սահմանային տարիքի հասած զինծառայողների համար սահմանել հավասար հնարավորություն` պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկություն ունենալու դեպքում, ինչպես նաեւ ավագ եւ բարձրագույն սպայական կազմերի պահեստազորայիններին հնարավորություն ընձեռել պայմանագրային զինվորական ծառայության ընդունվել նաեւ սահմանային տարիքը լրանալուց հետո, զորահավաք հայտարարված լինելու դեպքում որպես պաշտոնից ազատելու հիմքեր են նախատեսվում զինծառայողի կողմից իր պարտականությունների կատարման մեջ թերանալը կամ հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե բժշկական եզրացության համաձայն զինծառայողի բուժումը կարող է տեւել մեկ ամսից ավելի, հստակեցվում են համապատասխան հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետները եւ այն դեպքերը, որոնց հիման վրա պահպանվում է զինծառայողին պաշտոնային դրույքաչափի վճարումը, միաժամանակ, հաշվի առնելով մի շարք դեպքերով առկա դատական պրակտիկան, օրենքում սահմանվում է, որ զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումը չի հանդիսանում նրա հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում եւ պաշտոնից ազատման, ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողների ծառայության այլ վայր փոխադրելու հետ կապված գործընթացների վրա չեն տարածվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամ աշխատանքի էական պայմանների փոփոխության վերաբերյալ դրույթները, առկա խնդիրների լուծման նպատակով հստակեցվում են մարտական հերթապահության իրականացման որոշակի ժամանակացույցով զինծառայություն իրականացնող զինծառայողների արձակուրդների տրամադրման, հանգստյան եւ ոչ աշխատանքային տոնական օրերին աշխատանքի դիմաց այդ ժամանակահատվածով շաբաթվա այլ օրերին հանգստի տրամադրման անհնարինության դեպքում այդ օրերը զինծառայողի ամենամյա արձակուրդին ավելացնելու կարգը, ներառյալ նախկինում զինծառայությունից արձակված անձանց հետ համապատասխան վարչարարության իրականացման ընթացակարգը, որոնց տրվում է նաեւ հետադարձ ուժ, հստակեցվում են զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչվելու պայմանները, ներառյալ որպես կարիքավոր հաշվառված, ծառայության ընթացքում բավարարում չստացած եւ զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում անընդմեջ իրականացվել է զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության (մինչեւ 2019 թվականը) կամ քաղաքացիական ծառայության հաստիքով (2019 թվականից սկսած) փոխարինելու գործընթաց, արդյունքում տվյալ զինվորական հաստիքը զբաղեցնող զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է հաստիքների կրճատման հիմքով եւ նշանակվում է քաղաքացիական ծառայության (մինչեւ 2019թ-ը` քաղաքացիական հատուկ ծառայության) պաշտոնի, սակայն քանի որ այդ հիմքը նախատեսված չէ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում (նաեւ ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում), խնդիրներ եւ արդարացի դժգոհություններ են առաջացել զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված եւ ծառայության ընթացքում բարելավում չստացած` քաղաքացիական ծառայող հանդիսացող նախկին զինծառայողների իրավունքն իրացնելու գործընթացում, մարտական գործողություններին մասնակցած անձանց համար սահմանված պատվովճար ստանալու իրավունք սահմանել նաեւ աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց համար, ինչպես նաեւ անհրաժեշտություն է առաջացել կատարել մի շարք այլ բնույթի ընթացակարգային լուծումներ: Անհրաժեշտություն է առաջացել նաեւ իրականացնել զինծառայության պատշաճ կազմակերպման եւ դրա ապահովման վրա էական ազդեցություն ունեցող մի շարք այլ փոփոխություններ: Մասնավորապես, զինվորական կարգապահության ամրապնդման, պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում իրավական հետեւանքի սահմանման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը չհաշվարկել զինվորական ծառայության ստաժում, ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով («Պատիվ ունեմ» ծրագրով) ուսումնառություն անցած (անցնող) անձանց համար սահմանափակում նախատեսել կրթության, գիտության, մշակույթի կամ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստանալու գործընթացում, քանի որ հակառակ պարագայում վտանգվելու է քաղաքացու հետ կնքված համապատասխան պայմանագրի վերջնական արդյունքը, կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում սահմանել համապատասխան չափով հրաժարագնի վճարման պարտավորություն եւ ստացած զինվորական կոչման չեղարկում, վարժական հավաքների կազմակերպման գործընթացում առաջացած խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ընտանեկան մի շարք պայմաններ, որոնք ունեցող պահեստազորայինները չեն ներգրավում վարժական հավաքներին, հստակեցնել վարժական հավաքներին կանչված զինծառայողների վրա պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները տարածելու հանգամանքը, ինչպես նաեւ վարժական հավաքների կազմակերպման գործընթացում որպես վարժական հավաքի անցկացման նպատակ նախատեսել նաեւ ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավումը (ներկայումս ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշմամբ նախատեսված է վարժական հավաքի կանչված զինծառայողին միայն կամավոր հիմունքներով` պայմանագիր կնքելու միջոցով, մարտական հերթապահության ներգրավումը), օրենքում 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքով կատարված փոփոխությունների հաշվառմամբ հստակեցնել հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց օրենքով սահմանված հիմքերով արձակելու դեպքում օրենքով սահմանված տուգանքի ձեւով իրավական հետեւանքի ծագման ժամկետը` հիմքում ունենալով նախկինում գործող հետուսումնական տասամյա ժամկետը, ինչպես նաեւ այդ կարգավորմանը տալով հետադարձ ուժ` 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: Օրենքը նաեւ հատուկ սահմանել է զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինվորական համազգեստի կրման իրավունքի հատուկ կարգ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստը ոչ իրավաչափ կրելու դեպքում սահմանել վարչական բնույթի պատասխանատվություն: Բացի այդ, «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածներով սահմանված է պաշտպանության նպատակով խաղաղ եւ պատերազմի ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավման հետ կապված հարաբերությունները` որպես ռազմատրանսպորտային պարտականություն, որի շրջանակներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համապատասխան տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ ներգրավում են անցկացվող վարժական հավաքներին, զինվորական մարզումներին եւ զորավարժություններին, իսկ քաղաքացիներին պատկանող համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է պատերազմի ժամանակ, սակայն ռազմատրանսպորտային պարտականության խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ: Այդ  նպատակով համապատասխան կարգավորումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Միաժամանակ, իրավախախտումների կանխարգելման, զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող բացառապես այդ իրավունքն ունցող անձի կողմից կրումն ապահովելու, պաշտպանության ապահովման գործընթացում էական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոցների ներգրավման կարեւորության նկատառումներից ելնելով, առաջարկվում է վարչական պատասխանատվությունը սահմանել տուգանքի ձեւով, ինչպես նաեւ տուգանքի չափերը նախատեսել բարձր եւ կոնկրետ չափերով:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն,  06.04.2017թ. N 347-Ն, 09.08.2018թ. N 898-Ն, 18.10.2018թ. N 1174-Ն, 06.12.2018թ. N 1419-Ն եւ 04.02.2021թ. N 141-Ն որոշումներում, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքների տրման կարգը, դրանց համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ տեղեկանքների ձեւերը, ինչպես նաեւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք կարգավորիչ ակտերում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցվում են կարգապահական եւ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վարչական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքների նախագծերի փաթեթը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ եւ վեցերորդ պարբերությունների ու 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս` զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, զինված ուժերի կարգապահության խթանման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 8-րդ կետի 8.3 եւ 14-րդ կետի 14.3 ենթակետերի, ՀՀ կառավարության 16.12.2021թ. N 2098-ԼՀԳ որոշմամբ հաստատված հայեցակարգի միջոցառումների ծրագրի 3.5-րդ կետերի պահանջների կատարման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, կարող է առաջացնել լրացուցիչ ծախսեր:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N 294-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Հարգանքով`      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում