Armenian ARMSCII Armenian
Կ-5301-10.03.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ փորձաքննություն իրականացնող մարմինները պարտավոր են իրենց կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու դեպքում փորձագիտական եզրակացության մեկ օրինակը ներկայացնել լիազոր մարմնին՝ այն սահմանված կարգով հաստատելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիք արձանագրելու դեպքում՝ անմիջապես:»

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր  6.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.1. Կարգադրագիրը՝ հանդիսանալով նաեւ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտ՝  պետք է պարունակի.

12) Կարգադրագիրն ընդունող մարմնի լրիվ անվանումը.

13) Կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը.

14) Կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ համարը.

15) Կարգադրագրով լուծվող հարցի նկարագրությունը.

16) Կարգադրագրի ընդունման իրավական հիմքը.

17) Պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը.

18) Կարգադրագրի կատարման ժամկետը.

19) Կարգադրագրի գործողության ժամկետը.

20) Կարգադրագիրն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը եւ ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային).

21) Կարգադրագրի բողոքարկման ժամկետը եւ մարմինը, ներառյալ՝ դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

22) Կարգադրագիրն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե այն ստորագրվել է ձեռագիր:«:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«7. Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար եւ ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:«:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«8. Կարգադրագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում, եւ վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:«:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 10-րդ, 11-րդ, 12-րդ եւ 13-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«10. Կարգադրագիրը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

11. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելիս Տեսչական մարմինը դրան կից ներկայացնում է այն հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը եւ կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են՝

5) Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

6) Կարգադրագրի հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից Կարգադրագրի հասցեատեր անձը պետք է ձեռնպահ մնա.

7) Կարգադրագրի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը եւ համարը.

8) Կարգադրագրի հասցեատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը եւ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով:

13. Կարգադրագիրը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում Կարգադրագրի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:«:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N730-Լ որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N1071-Ա որոշման 6-րդ կետով իրականացված փոփոխություններով Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետութունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին: Տեսչական մարմնի կողմից, օրենքով սահմանված գործառույթներով պայմանավորված, վերահսկողություն է իրականացվում այնպիսի անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունված իրավական ակտերի պահանջների պահպանման հետ: Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքներով ներկայումս սահմանված իրավակարգավորումների շրջանակներում հնավարովություն է ընձեռնված ընդունելու կարգադրագրեր եւ որոշումներ՝ որոնցով պետք է արգելվեն հրդեհային կամ տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների խախտումներով գործունեություն իրականացնող անձանց գործողությունները, սակայն ոլորտները կարգավորող իրավական ակտերով՝ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով առանձնացված չեն կոնկրետ վարչական ակտերին վերաբերող առանձնահատկությունները, ինչպես նաեւ սահմանված չեն նշված օրենքների հիման վրա ընդունվող վարչական ակտերի կատարումն ապահովելու ընթացակարգերը: Արդյունքում, օրենսդրությամբ օրենսդրությամբ սահմանված չեն գործուն մեխանիզմներ հայտնաբերված խախտումների պարագայում տնտեսավարողներին հարկադրելու  դրանց վերացման մասով գործողություններ կատարելու, ինչպես նաեւ մինչեւ այդ գործողությունների կատարումը ոչ իրավաչափ գործողությունները դադարեցնելու համար:

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2001 թվականի ապրիլի 18-ին, ինչի պատճառով նշված օրենքի տեքստի որոշակի նորմեր՝ ներառյալ 20-րդ հոդվածը, չեն համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին« օրենքի 4-րդ գլխով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին: Ի լրումն նշվածի՝ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածում Տեսչական մարմնի լիազորությունների մեջ, արդեն իսկ նշված պատճառնելով, անհրաժեշտություն է առաջացել լրացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող, որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող եւ վարչական ակտի կատարումն առավել արդյունավետ կիրառելուն նպաստող լիազորություն՝ առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ կապարակնքելը (կնքելը):

Ելնելով վերոգրյալից՝  ներակյացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրավական բացը լրացնելու եւ  մարդկանց անվտանգությանը սպառնացող խախտումների պարագայում վերահսկողության գործուն իրավական մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությամբ:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  սահմանել եւ հստակեցնել՝

1) Տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը վերաբերվող պարտադիր պայմանները,

2) Տեսչական մարմնի լիազորությունները եւ իրականացվող վերահսկողության մի շարք ընթացակարգերը եւ լիազորությունները, ներառյալ՝ Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի չկատարման պարագայում դրանից բխող գործողությունները:

3) Վարչական ակտերի հարկադիր կատարման փուլի առանձնահատկությունները:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Տեսչական մարմնի կողմից համատեղ:

4.Ակնկալվող արդյունքը

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա իրավական բացերը ու թերությունները եւ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները դարձնել առավել արդյունավետ՝ բացահայտված ու չվերացված իրավախախտումներից խուսափելու եւ դրանով իսկ մարդկանց անվտանգության՝ կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգները բացառելու նպատակով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Օրենքների նախագծերի փաթեթը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն